13
02, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանի Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

ՀՀ Նախագահը մաղթել է նախագահ Բերդիմուհամեդովին քաջառողջություն, հաջողություններ և բարօրություն, իսկ բարեկամ Թուրքմենստանին՝ խաղաղություն և բարգավաճում: Նշելով վերջին տարիներին Թուրքմենստանում պետականաշինության, սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի արձանագրած հաջողությունները՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենն ապահովել է Նախագահ Բերդիմուհամեդովին համազգային աջակցություն և վստահություն:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Թուրքմենստանի նախագահի անփոփոխ ուշադրությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա հիմնված հայ-թուրքմենական համագործակցության հետագա խորացման հարցերի նկատմամբ և համոզվածություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ փոխգործակցությունը հետագայում ևս կհարստանա նոր մասշտաբային ծրագրերով:
 

← Վերադառնալ