Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

14.04.2017

Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության և իրավունքների պաշտպանության, երկրում հասարակական կարգի և օրինապահության ամրապնդման կարևորագույն ոլորտը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր առաքելությունը:

Ոստիկանության գործունեության բնագավառում իրականացվող արմատական բարեփոխումները, տեխնիկական վերազինումը, ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը տվել են սպասված արդյունքները: Այսօր ունենք կայացած և ամուր պետական կառույց, որը հուսալի գործընկեր է օտարերկրյա իրավապահ մարմինների համար և կարող է կատարել իր առջև դրված ամենաբարդ խնդիրները, և որին վստահությամբ է վերաբերվում մեր քաղաքացին:

Այս ամենի վկայությունն էին ոստիկանության գործողությունները անցյալ տարվա դրամատիկ իրադարձությունների ընթացքում, երբ ոստիկանները, անգամ ինքնազոհության գնով, լիարժեքորեն կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները:
Վկայությունն էր նաև ոստիկանության աշխատանքը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի և բուն քվեարկության օրվա ընթացքում:

Ծառայողական գործունեության այս մակարդակը վկայում է ոստիկանության ոչ միայն մասնագիտական ու գործառնական, այլև բարոյահոգեբանական բարձր պատրաստվածության մասին:

Միաժամանակ, ոստիկանությունը շարունակելու է մնալ հանրության մշտարթուն ուշադրության կենտրոնում, իսկ ցանկացած թերացում, վրիպում, առավել ևս՝ օրինախախտում, կարող է ի չիք դարձնել ոստիկանության արդիականացմանն ուղղված ջանքերի արդյունքները: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն առաջին հերթին ինքն է անհանդուրժող լինելու ցանկացած նման երևույթի հանդեպ, ինչպես որ հետևողական է բարեփոխումների գործընթացը ցանկալի ավարտին հասցնելու գործում:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն և աշխատանքային նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետոթյան և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի:
 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: