Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր Նախագահ Էմանուել Մակրոնին

07.05.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Էմանուել Մակրոնին, որում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված՝ մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական սերտ երկխոսությունը, տնտեսական բազմոլորտ համագործակցությունը և մշակութային գործուն կապերը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։

Մեծապես կարևորում եմ Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությանը:


Վերստին Ձեզ հղելով իմ անկեղծ շնորհավորանքը՝ մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի առաջընթացի և բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:  

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: