Ներհանրապետական այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ջերմուկ

18.06.2008 - 18.06.2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ջերմուկ` տեղում ծանոթանալու առողջարանային քաղաքի ընթացիկ ու հեռանկարային հիմնախնդիրներին:

Հանրապետության նախագահը դրանք քննարկել է տեղի իշխանությունների եւ կառավարության ներկայացուցիչների հետ հրավիրած խորհրդակցության ժամանակ: Ներկայացվել են Ջերմուկի գլխավոր հատակագիծը եւ գոտիավորման ծրագիրն, ինչպես նաեւ խոսվել է առողջարանային քաղաքի երկարաժամկետ զարգացման ծրագրի մասին, որի շնորհիվ հնարավոր է Ջերմուկը դարձնել զբոսաշրջության կենտրոն:

«Մենք այսօր քննարկում ենք գլոբալ խնդիրներ, սակայն այն խնդիրները, որոնք առօրեական լուծում են պահանջում, պետք է լուծվեն այսօրվանից»,-նշել է երկրի ղեկավարը՝ անդրադառնալով մարզերի համաչափ զարգացման ռազմավարությանը:

«Հայաստանը պետք է կարողանա ժամանակի պահանջներին համահունչ առողջարանային ծառայություններ մատուցել թե Հայաստանի քաղաքացիներին, թե զբոսաշրջիկներին եւ այդ տեսանկյունից պետք է մրցունակ լինի ողջ տարածաշրջանում»,-խորհրդակցության ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ դա է լինելու գործունեության հիմնական ուղեցույցն առաջիկա տարիների համար:

Պետության ղեկավարը մի շարք ուղղություններով կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարության անդամներին:

Նախագահը նաեւ հետիոտն շրջել է Ջերմուկում, մասնակցել նոր կառուցվելիք «Հայաթ սպա» հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությանը:

Ջերմուկում ձմեռային տուրիզմը զարգացնելու հեռանկարն առավել առարկայանում է քաղաքի ճոպանուղու առաջին հատվածի կառուցմամբ: Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ ճոպանուղու «զրոյական» կանգառ, ծանոթացել կառուցման աշխատանքներին:

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: