05
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին:

Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նեղ շրջանակով հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման միտումների եւ հավաքական անվտանգության նկատմամբ առաջացած մարտահրավերների ու վտանգների չեզոքացման միջոցների մասին, ինչպես նաեւ անդրադարձել են ՀԱՊԿ խորհրդի նախորդ նստաշրջանների որոշումների կատարման ընթացքին:

Լիագումար նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեության առաջնային ուղղությունները, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ընդլայնում են քաղաքական եւ ռազմական ոլորտում Կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային-իրավական բազան:

Լիագումար նիստում Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ «նախագահության ընթացքում Հայաստանը հետեւողական է լինելու ՀԱՊԿ-ի հետագա զարգացման եւ գործունեության ակտիվացման հարցում»:

Նստաշրջանի արդյունքներով ընդունվել է հռչակագիր: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ «ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունները» լուծել բացառապես խաղաղ ճանապարհով` արդեն իսկ գոյություն ունեցող բանակցային մեխանիզմների շրջանակում, նպատակաուղղված աշխատանքի միջոցով»: ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց մտահոգությունն են հայտնել Կովկասյան տարածաշրջանում ռազմական ներուժի մեծացման եւ իրադրության սրման կապակցությամբ, կոչ են արել բոլոր երկրներին կշռադատված, օբյեկտիվ, առանց երկակի ստանդարտների կիրառման գնահատել իրավիճակը, չձեռնարկել գործողություններ, որոնք միտված կլինեն դրդել իրավիճակի հետագա սրմանը: «Միջազգային, տարածաշրջանային եւ լոկալ հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով` միջազգային իրավունքի նորմերի համաձայն եւ ներգրավված բոլոր երկրների շահերը հաշվի առնելով»,- նշվում է փաստաթղթում:

ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի ավարտին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան:

Մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀԱՊԿ-ի էլ ավելի հզորացման համար ռազմական բաղադրիչի ամրապնդումից բացի, անհրաժեշտ է լրջորեն համակարգել արտաքին քաղաքական գործունեությունը, քանի որ «մենք մեկ կազմակերպության անդամներ ենք, եւ պետք է ղեկավարվենք դրանով. եթե մենք կատարեինք բոլոր որոշումները, ապա շատ ավելի ուժեղ կլինեինք, քան կանք այսօր»:

ՀՀ նախագահը նաեւ հայտարարել է, որ Ժողովրդի ազատ կամարտահայտմանը չի կարելի հակադրել հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը: «Դա հղի է լուրջ հետեւանքներով` ինչպես ռազմական, այնպես էլ` քաղաքական: Պետք է ընդմիշտ մոռանալ նման հակամարտությունների ռազմական ճանապարհով կարգավորման մասին»:

Նույն օրը ուշ երեկոյան Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

← Վերադառնալ