04
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն:

Հանրապետության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են երկու միջկառավարական համաձայնագրեր` «Օդային հաղորդակցությունների մասին», «Դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին», ինչպես նաև «2011-2013թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին» գործնական ծրագիր Հայաստանի և Սերբիայի մշակույթի նախարարությունների միջև:

Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Բորիս Տադիչը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են բանակցությունների արդյունքները:

Նախագահները բանակցությունների օրակարգը համարել են բավականին հագեցած, քննարկումները` արդյունավետ: Նրանք վերահաստատել են հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և ցանկությունը, արձանագրել, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների և բազմակողմ ձևաչափերում կայացած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը: Նախագահներ Սարգսյանը և Տադիչն ընդգծել են, որ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ իր սերբ գործընկերոջ խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները: Նախագահները համաձայնել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից:

Պաշտոնական այցի շրջանակում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչի և Ազգային ժողովի նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ: Վարչապետ Միրկո Ցվետկովիչի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական տնտեսական համագործակցությունը զարգացնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններին: Զրուցակիցներն ընդգծել են, որ ի թիվս մի շարք այլ ոլորտների, փոխգործակցության զգալի ներուժ կա զբոսաշրջության բնագավառում:

Նախագահ Սարգսյանը Սերբիայի ԱԺ նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Երեկոյան ի պատիվ պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ:

Հայաստանի Նախագահը և Սերբիայի Պատրիարքը կարևորել են Հայ Առաքելական Եկեղեցու և Սերբ Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները: Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա համագործակցությունը հետզհետե կընդլայնվի, իսկ հայ և սերբ ժողովուրդների շփումները շարունակաբար կընդլայնվեն:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել` պետականության բացակայության պայմաններում հաճախ ստաձնելով ազգի համախմբման և առաջնորդելու բարձր առաքելությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, այսօր էլ հայերի, ինչպես և սերբերի համար, եկեղեցու դերն անփոխարինելի է:

Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ հանդիպմանը Հանրապետության ղեկավարը հատկանշական է համարել նաև, որ Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ գումարտակն իր լիազորությունների շրջանակում արել է հնարավորը` պաշտպանելով Կոսովոյում գտնվող սերբական եկեղեցիները:

Ապրիլի 5-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ևս:

Հանրապետության ղեկավարը ծաղիկներ է դրել մայրաքաղաքի Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ տեղադրված 1988թ. երկրաշարժի օրերին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարին, զրուցել` օդաչուների հարազատների հետ:

← Վերադառնալ