29
11, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

Վրաստանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն:

Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում:




***



Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ


Հարգելի՛ բարեկամներ,

Կրկին այցելելով եղբայրական Վրաստան՝ ես շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Սաակաշվիլիին այս ջերմ ընդունելության համար: Մեր փոխայցելությունների հաճախականությունը ևս մեկ վկայությունն է մեր պետությունների միջև փոխգործակցության բարձր մակարդակի, ինչպես նաև լավ հնարավորություն է արտահայտելու մեր ժողովուրդների միասնությունից բխող փոխադարձ հարգանքը, ես կասեի՝ եղբայրությունը:

Վստահությամբ կարելի է արձանագրել, որ այս տարին մեր երկու երկրների միջև համագործակցության ակտիվության առումով աննախադեպ է: Եվ ես այստեղ, իհարկե, համաձայն եմ պարոն Սաակաշվիլիի հետ, որ վերջին երկու տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրել. կայացել են շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի այցելություններ՝ ներառելով մեր համագործակցության բոլոր ոլորտները՝ կրթություն և սոցիալական հարցեր, էներգետիկա և տրանսպորտ, միջխորհրդարանական կապեր, պաշտպանություն, ոստիկանություն սահմանային անվտանգություն, և այս շարքը կարելի է երկար թվարկել: Օրեր առաջ Բաթումիում գումարվեց միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը՝ երկու վարչապետների գլխավորությամբ: Տարվա ընթացքում ստորագրվել է վեց փաստաթուղթ, իսկ այսօր այցի շրջանակներում՝ ևս չորսը: Եվ զուտ այդ իրավապայմանագրային դաշտի առումով մենք հասել ենք շատ բարձր մակարդակի:

Դրանցից կուզենայի առանձնացնել հատկապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Այն թելադրված է երկու սահմանապահ ծառայությունների միջև սերտ փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությամբ և կնպաստի մերձսահմանային գյուղերի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը: Գաղտնիք չէ, որ շատ տեղերում, ինչպես ասում են՝ «իրար մեջ ենք ապրում», և խնդիրներ չառաջանալու նպատակով է հենց այսպիսի փաստաթուղթ ստորագրվում:

Քիչ առաջ Վրաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկեցինք հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Գնահատանքով անդրադարձանք մեր առևտրա-տնտեսական համագործակցության դրական տեղաշարժին՝ այս տարվա տվյալներով ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ, պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն ունեն մեր երկու երկրների միջև, ես նկատի ունեմ առևտրաշրջանառության, քիչ են թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար: Շատ փոքր ցուցանիշ է, և վստահ եմ, որ մենք ունենք խնդիրներ, որոնց լուծման պարագայում, իրոք, կարող ենք ճեղքում ապահովել: Ապրանքաշրջանառության աճը, ներդրումների ընդլայնումը, տնտեսական և գիտատեխնոլոգիական ինտեգրումը մենք դիտարկում ենք որպես մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման կարևոր ուղղություններ: Առաջնահերթ նշանակություն ենք տալիս նաև Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, անշուշտ, նաև մշակույթը:

Գալիք ամիսներին մենք մեկնարկում ենք Հյուսիս­հարավ լավագույն չափանիշներով ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, որը, միանալով Վրաստանի տարածքում Նինոծմինդա­Բաթումի վերանորոգվող ավտոճանապարհի հետ, հնարավոր կդարձնի Պարսից ծոցից դեպի Վրաստանի նավահանգիստներ բեռների արագ և հարմարավետ տեղափոխումը: Բնականաբար, Վրաստանում արդեն գիտեն, թե ինչ է նշանակում եվրոպական չափանիշներով ավտոմայրուղի, և կարծում եմ՝ հենց հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը կտեսնի այդպիսի ենթակառուցվածքների առավելությունը: Քայլեր ենք ձեռնարկում նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի սինխրոնացման ուղղությամբ: Սա էլ չափազանց կարևոր հանգամանք է:

Հայաստանն ու Վրաստանն իրենց հարաբերությունները կառուցում են բարիդրացիության և երկարատև ու շահավետ համագործակցության ոգով: Մեր համագործակցության կարևոր բաղադրիչն է մեր պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայունության, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու շուրջ ծավալված անկեղծ երկխոսությունն ու կոնկրետ, պրակտիկ աշխատանքը:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարները՝ միանշանակ արձանագրելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և հակամարտությունների կարգավորման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Ես քիչ առաջ բանակցությունների ժամանակ ասացի, որ ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում: Իմ ցանկությունն է, որպեսզի գոնե տարին մի քանի անգամ բոլոր մակարդակի ղեկավարները հանդիպեն, որովհետև դա անհրաժեշտ է ոչ միայն որոշակի խնդիրներ լուծելու համար, այլ անհրաժեշտ է նաև երիտասարդ սերնդին ի ցույց դնելու մեր հարաբերությունների բարձր մակարդակը: Շնորհակալ եմ Վրաստանի ղեկավարությանը՝ մշտապես բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Ես նաև պարոն Նախագահին ասացի, որ մեզ համար երկու-երեք շատ սկզբունքային հարցերում այս տարի մենք առաջընթաց արձանագրեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ թե՛ Նախագահին, թե՛ Վրաստանի կառավարությանը: Շնորհակալ եմ այսպիսի մթնոլորտի, մեր հարաբերությունների համար և ուրախ եմ, որ այս մեկ-երկու օրվա ընթացքում ըմբոշխնելու եմ իմ վրացի բարեկամների հարգանքն ու վերաբերմունքը:



***



Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Նախագահ Սարգսյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր, ընդգծելով, որ հարյուրամյակների պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար ընթացիկ տարին բավականին արդյունավետ է եղել, ինչին նպաստել են տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Այս առումով կարևորվել է Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, պատգամավորների և պատգամավորական խմբերի փոխայցելությունները:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը և Դավիթ Բաքրաձեն խոսել են նաև հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտության մասին, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը:

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների ու երկու պետությունների կյանքում: Նշվել է, որ պատմության ընթացքում դժվարին իրավիճակներում եկեղեցին փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը:

Նախագահ Սարգսյանը և Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը ընդգծելով, որ երկու բարեկամ ժողովուրդների մշակույթները միշտ փոխլրացրել են միմյանց, կարևորել են դրացի երկու ժողովուրդների և պետությունների միջև համագործակցության ընդլայնումն ու հարաբերությունների շարունակական զարգացումը:

Մինչ վերոնշյալ հանդիպումները Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Երեկոյան ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և տիկին Սանդրա Ռուլովսի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:



***



Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին այցելել է հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի, որից հետո Հանրապետության ղեկավարը եկեղեցու բակում մասնակցել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի կիսանդրու բացման արարողությանը:

Թբիլիսիում Նախագահը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք առավելապես վերաբերել են Վրաստանում հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կյանքի կազմակերպմանն ու զարգացմանը, հայրենիքի հետ վիրահայ համայնքի կապերի սերտացմանը, երկու երկրների միջև սահմանային անցակետերի գործունեության բարելավմանն ու այլ խնդիրների:

Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ նոյեմբերի 30-ին մասնակցել է հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և կարևորել երկու պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումն ու ակտիվ համագործակցությունը՝ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և երկու պետությունների զարգացման տեսանկյունից: Նշելով, որ հաճելի է տեսնել վերջին մի քանի տարիներին հարևան Վրաստանի արձանագրած հաջողությունները, Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսություններն ինչ-որ չափով նման են միմյանց, այդ թվում՝ բնական ռեսուրսների սակավությամբ, ինչը ենթադրում է, որ պետք է հաջողությունների հասնել ի շնորհիվ լավ կառավարման և մարդկային ներուժի:

Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների, տնտեսության առաջնահերթ ուղղությունների, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ընթացքում երկրի տնտեսության մեջ որոշ ոլորտներում արձանագրված դրական ցուցանիշների և դեռևս առկա խնդիրների մասին: «Ես հպարտ եմ, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, և այս տարի մենք ակնկալում ենք այս ոլորտում 25 տոկոսի աճ: Այն, որ այսօր համաշխարհային առաջատար ընկերություններն այդ հանգամանքին ուշադրություն են դարձնում և Հայաստանում ներդրումներ են կատարում, մեզ, իհարկե, ուրախացնում և մեծ հույսեր է ներշնչում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, եթե ժողովուրդների, հասարակ քաղաքացիների միջև չկան լավ հարաբերություններ, ապա տնտեսական հարաբերությունները պարզապես չեն կարող լավ զարգանալ: Բոլոր մակարդակներում ակտիվ շփումներն օգտակար համարելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ կմեծանան փոխադարձ ներդրումները երկու երկրներում:



← Վերադառնալ