27
07, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ի երեկոյան մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը:

Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանն այլ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան հյուրերի հետ ներկա է գտնվել Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

***

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 29-ին դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները:

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Հանրապետության նախագահն այսօր հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին:

***

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Մեր հայրենակիցների հետ հանդիպմանը Նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի: «Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ իրեն ավելի լավ և ուժեղ կզգա, այնքան Սփյուռքի ապագան կանխատեսելի կլինի»,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահի խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը մանրակերտն է մեր ազգի, նրա ապագայի՝ այն առումով, որ հիմնադրամին հաջողվել է համախմբել Սփյուռքի տարբեր կառույցների և անհատների՝ նպատակ ունենալով այդ կառույցի միջոցով յուրաքանչյուր հայի համար հնարավորություն ստեղծել ծառայելու իր Հայրենիքին՝ մասնակցություն ունենալով մեր ազգային միասնությանը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատանք են տանում համայնքային կամ համահայկական կառույցներում՝ ընդգծելով, որ նրանք արժանի են համընդհանուր հարգանքի:

Նախագահն ընդունելության մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը, զարգացման ծրագրերն ու հնարավորությունները, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված արդյունավետ քայլերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացմանը մեծապես կարող են նպաստել նաև Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները: Նրա խոսքով, բազմաթիվ սփյուռքահայեր կան, ովքեր տարիներ ի վեր ներդրումներ են կատարում Հայաստանում, զարգացնում տնտեսությունը, թողարկում մրցունակ արտադրանք, մասնակցում երկրի բարեփոխումներին, հաջողություններին և նաև խնդիրների լուծմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս Սփյուռքում կյանքն ավելի աշխույժ պահելու, ավելի միասնական լինելու, և անհրաժեշտ է դրանք լիարժեք օգտագործել:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում հուլիսի 30-ի երեկոյան հանդիպում է ունեցել Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ:

Նախագահը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրը: Սերժ Սարգսյանը նշել է, որ մարզիկներն առաջին հերթին իրենք են իրենց առջև այդ խնդիրը դրել՝ լավ հասկանալով, որ օլիմպիադայում հաջողության հասնելը որքան էլ դժվար, բայց հնարավոր է: Ամենակարևորը, Նախագահի խոսքով, այն է, որ մեր մարզիկները կարողանան լիարժեք իրացնել իրենց հնարավորությունները՝ անկաշկանդ և ամբողջովին կենտրոնացած: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի մարզիկների հաջողությունները յուրատեսակ սխրանք են, որը նրանք պետք է ձգտեն կատարել՝ մեր ժողովրդին պարգևելով ուրախության և հպարտության պահեր, այդպիսով նաև Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի դարձնելով աշխարհում: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ մինչև լոնդոնյան օլիմպիադան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն հնարավորը, որպեսզի մեր մարզիկները պատրաստ լինեն այսօրվա մրցելույթներին:

 

← Վերադառնալ