Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

18.12.2012 - 20.12.2012

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ, ապա պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկատվություն է ներկայացրել ՀԱՊԿ գործունեության և ստորագրման առաջարկվող փաստաթղթերի վերաբերյալ, որից հետո նիստի մասնակիցները, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են միջազգային իրավիճակի միտումները, հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցներին, մինչև 2020թ. ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանը, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքման համակարգի կատարելագործման հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:

Ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայում ՀԱՊԿ նստաշրջանի հրաշալի կազմակերպման համար, շնորհավորել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Կազմակերպության համար հոբելյանական տարում նախագահությունը հաջողությամբ ավարտելու և ՀԱՊԿ ամրապնդմանն ուղղված գործում արդյունավետ համագործակցության համար, ապա հաջողություններ մաղթել Կազմակերպության նախագահությունն ստանձնած Ղրղզստանի Հանրապետությանը և նրա նախագահին:

Հանրապետության ղեկավարի խոսքով, ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ պետությունների համագործակցության փորձը ցույց է տալիս, որ 20 տարի առաջ այդ երկրների կողմից արված ռազմավարական ընտրությունը ճիշտ էր և արդարացված: Կազմակերպությունը համաչափորեն զարգացնում է առկա սպառնալիքներին արձագանքման արդյունավետ համակարգը:

«Ընթացիկ տարում Կազմակերպության ջանքերը կենտրոնացած են եղել երեք հիմնական ուղղությունների վրա. ՀԱՊԿ ռազմական ներուժի ամրապնդում, արտաքին քաղաքականության կոորդինացման արդյունավետության բարձրացում և ահաբեկչությանը, թմրանյութերի անօրինական շրջանառությանն ու ոչ օրինական միգրացիային հակազդեցության բնագավառներում համագործակցության ընդլայնում:

Սեպտեմբերին Հայաստանում հաջողությամբ անցկացվեցին «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Ե՛վ նախապատրաստական շրջանը, և՛ անմիջականորեն հենց զորավարժություններն ակնհայտորեն ցուցադրեցին բազմաբնույթ և տարաբնույթ խնդիրները համատեղ լուծելու մեր երկրների ունակությունը՝ ներգրավելով զորամիավորումները, ներքին զորքերի ստորաբաժանումները, հատուկ ծառայությունները և արտակարգ իրավիճակների գծով ուժերը:

Հայաստանում անցկացված զորավարժություններում առաջին անգամ ՀԱՊԿ ձևաչափով լիարժեք մասնակցություն ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Այդ զորավարժությունները, ինչպես նաև դրանց նախորդած «Ռուբեժ-2012» զորավարժությունները և ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ անձնակազմի մասնակցությամբ առաջին համատեղ՝ «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժությունները նշանակալի ներդրում ունեցան մեր զինված ուժերի համատեղելիության ամրապնդման, մեր Կազմակերպության ներուժի զարգացման գործում:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել քարտուղարության ջանքերը, որոնք հանգեցրին ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գծով գործողությունների վարչության հետ Արձանագրության ստորագրմանը: Համոզված եմ, որ մեր խաղաղապահ անձնակազմի մասնակցությունը խաղաղության պահպանման գծով միջազգային ամենանշանակալի առաքելություններից մեկում, իրոք, ռուբիկոն է նրանց կայացման հարցում: Այն նշանակալիորեն կբարձրացնի մեր կազմակերպության միջազգային հեղինակությունը»,- նիստի մասնակիցներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, Մերձավոր Արևելքում առկա լարված իրավիճակին և ներկայացրել մեր երկրի դիրքորոշումները:

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն մոտ տարածաշրջաններում իրադարձությունների վերլուծությունը լավատեսական կանխատեսումների հիմք չի տալիս: Դա և՛ Աֆղանստանն է, և՛ Իրանի շուրջ աճող լարվածությունը, և՛ Սիրիայում իրավիճակը: Այնտեղ շարունակվող զինված առճակատումը ապակայունացնում է ամբողջ Մերձավոր Արևելքը:

Սիրիայում ապրում է հայկական մեծ համայնք: Նրանք այն մարդկանց երեխաներն ու թոռներն են, ովքեր հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից: Տասնյակ հազարավոր հայեր դարձել են սիրիական հասարակության անքակտելի մասը՝ իրենց ներդրումն ունենալով այդ երկրի զարգացման ու ամրապնդման գործում: Արդեն Հայաստան են եկել ավելի քան վեց հազար սիրիահայեր, և այդ հոսքը մեր կանխատեսումներով կաճի: Մենք կօգնենք Սիրիայի հայերին և՛ Հալեպում, և՛ Երևանում: Հայաստանը հանդես է գալիս արյունահեղության անհապաղ դադարեցման և հենց սիրիացիների կողմից հարցերի խաղաղ կարգավորմանը հասնելու դիրքերից»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Իրանի հետ հարաբերությունների, տնտեսական համագործակցության զարգացման մասին, որի շրջանակներում մի քանի շաբաթ առաջ Հայաստանի և Իրանի սահմանին սկսվել է համատեղ նոր հզոր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը:

Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանի մարտահրավերներին` ՀՀ նախագահն ընդգծել է, որ շարունակում է տարածաշրջանի անվտանգության լրջագույն մարտահրավեր մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը. «Այն դրսևորվում է բանակցային գործընթացի տրամաբանությանը հետևելու՝ ադրբեջանական իշխանությունների դժկամության կամ անկարողության մեջ, որը բավականին հստակ շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների բազմաթիվ հայտարարություններում: Նույնիսկ, թվում է թե ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և դիպուկահարների հետքաշումը տորպեդահարվում է պաշտոնական Բաքվի կողմից:

Մենք համոզված ենք, որ գոյություն ունեցող հակամարտությունների լուծման առումով միակ և անայլընտրանք ճանապարհը բանակցություններն են: Ելնում ենք նրանից, որ կողմերի միջև զինադադարի հասնելուց հետո, հատկապես, երբ այն պահպանվում է արդեն 18 տարի, ռազմական գործողությունների վերսկսումը և նույնիսկ այդպիսի վերսկսման սպառնալիքը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ուղղակի խախտում է, դա ամենաանհեռատես ճանապարհն է դեպի բռնության, ատելության, արյունահեղության նոր ալիքի: Այդպես խնդիրները չեն լուծվում, այլ դառնում են ավելի բարդ:

Ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության և անհանդուրժողականության մթնոլորտում: Իմ խոսքերի հաստատումը վախկոտ և փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձևավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքվին: Նա անմիջապես ներման և արտահերթ զինվորական կոչման արժանացավ և նրան միանվագ աշխատավարձ վճարվեց հունգարական բանտում անցկացրած տարիների համար: Այսպիսով, հայ սպանելը Ադրբեջանում այսուհետ հանցագործություն չի համարվում: Եվ սա` 21-րդ դարում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունում:

Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ քաղաքականությունը: Նա բորբոքում է սպառազինության տարածաշրջանային մրցավազք և քարոզում է թշնամություն: Ադրբեջանի նախագահը բացահայտորեն հայտարարում է, որ ամբողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թշնամիներն են, իսկ Երևանը, որը շուտով կնշի իր 2800-ամյակը, հին ադրբեջանական հող է: Նա հայտարարում է, որ զինադադարի ռեժիմի խախտումը վարքագծի կանոն է, քանի որ պատերազմը դեռևս չի ավարտվել՝ մոռանալով, թե ով է խնդրել և առաջինը ստորագրել այդ զինադադարը»,- իր ելույթում ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ շրջանակներում Կազմակերպության անդամ պետությունների արմատական շահերի վերաբերյալ արտաքին քաղաքականության հարցերում մոտեցումների համադրման, այդ հարցերի շուրջ միմյանց հետ խորհրդակցությունների անցկացման, ընդհանուր դիրքորոշումների մշակման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությանը:

«Կազմակերպության արդյունավետ և լիարժեք գործելու համար մենք պետք է պահպանենք հիմնարար սկզբունքները, որոնք դրված են Մինսկի մեր իսկ հայտարարության մեջ, ըստ որի ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ՝ ի համեմատ այն երկրների հետ շփումների, որոնք Պայմանագրի մեջ չեն մտնում»,- ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ ասել է ՀՀ նախագահը:

Ելույթի ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային` Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ ՀԱՊԿ-ի զարգացման և քարտուղարության գործունեության կատարելագործման ուղղությամբ նրա հետևողական ջանքերը տեսանելի են բոլորին և դրանք, անշուշտ, տվել են իրենց պտուղները: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պաշտպանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների երկարացման մասին ռուսական կողմի առաջարկը:

***

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: