07
07, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Արգենտինայի Հանրապետություն

 

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ:

Նկատի առնելով, որ Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են Արգենտինայի նախարարների խորհրդի նախագահ Խորխե Կապիտանիչը, պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսը, սոցիալական զարգացման նախարար Ալիսիա Կիրչները, գիտության և նորարարական տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Լինո Բարանյայոն, պետական եկամուտների վարչության պետ Ռիկարդո Դանիել Էչեգարայը, այլ պաշտոնատար անձինք:

Ամադո Բուդուն ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, թե ուրախ է արձանագրելու, որ Հայաստանի Նախագահի այցը տարածաշրջան սկսվում է Արգենտինայից, ինչը, նրա համոզմամբ, ոչ միայն հայ-արգենտինյան բարեկամության, այլև այդ բարեկամությունը գործնական հարթություն տեղափոխելու երկկողմ փոխադարձ պատրաստակամության և վճռականության վկայությունն է, որի ուղղությամբ մինչ այս Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները մեծ աշխատանք է կատարել: Ամադո Բուդուն կարևորել է այցի արդյունքներով երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որն ավելի կամրապնդի Հայաստանի և Արգենտինայի միջև կապերը մի շարք ոլորտներում:

Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն դրվատանքով է խոսել արգենտինահայ համայնքի մասին, որը նրա գնահատմամբ, ոչ միայն մեծ, այլև ազդեցիկ համայնք է և մեծ դեր ունի հայ-արգենտինյան կապերի սերտացման գործում: Նա ընդգծել է, որ չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը և այն հանգամանքին, որ Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, իսկ Արգենտինան համեմատաբար երիտասարդ, երկու ժողովուրդները ջերմ բարեկամական կապեր ունեն, և միջպետական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ափսոսանք հայտնելով, որ Նախագահ Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հնարավորություն չունի մասնակցելու բանակցություններին: Սերժ Սարգսյանը շուտափույթ կազդուրում և քաջառողջություն է մաղթել Արգենտինայի Նախագահին:

Խոսելով հայ-արգենտինյան հարաբերությունների մասին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության Նախագահի երրորդ պաշտոնական այցն է Արգենտինա, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի նախագահները մշտապես կարևորել են Արգենտինայի հետ հարաբերությունների զարգացումը և իրենց պարտքն են համարել այցելել բարեկամ երկիր ու այդ առիթով նաև երախտագիտություն հայտնել հայ ժողովրդի և, հատկապես, Արգենտինայի հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:

«Իմ պաշտոնական այցը Արգենտինա կայանում է Ձեր երկրի անկախության տոնի նախօրեին, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին, մաղթում հաջողություններ: Արգենտինայի հետ մեր երկրի հարաբերությունները մենք շատ ենք կարևորում, և ուրախ եմ, որ հաճախ են տեղի ունենում երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ և մեր հարաբերությունները զարգանում են նաև բազմակողմ ձևաչափով: Մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-արգենտինյան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Ուրախ եմ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը մեզ կտան այդ հնարավորությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը ևս մեծապես կարևորել է արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդան գործում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատահական չի համարել, որ հայաստանյան տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն Արգենտինան է: Նրա խոսքով, շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի հասնող այդ ներդրումներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են ունենում հայ-արգենտինյան առևտրատնտեսական հարաբերությունների վրա:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կիրչների անմիջական աջակցությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունման համար և ընդգծել, որ հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում:

Սերժ Սարգսյանը մեր ժողովրդի և իր անունից երախտագիտություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ընդունման համար:

Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԱՀ գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերական նորարարությունների նախարարության միջև գիտական և նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր:

Հուլիսի 7-ին Հանրապետության Նախագահն այցելել է Սան Մարտինի հրապարակ և ծաղկեպսակ դրել Արգենտինայի անկախության պայքարի մարտիկ Սան Մարտինի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին նաև հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Հանդիպմանը քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ:

***

Ի պատիվ պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հուլիսի 7-ին տրվել է պաշտոնական ճաշ:

***

Սերժ Սարգսյանի բաժակաճառը ՀՀ Նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշին

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ:

Հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների առանցքում երկուստեք կարևորվել է ապակենտրոնացված համագործակցությունը, որը, զրուցակիցների համոզմամբ, ուրույն դեր ունի նաև երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու մշակութային արժեքների փոխճանաչելիության գործում: Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Մաուրիսիո Մակրին ընդգծել են, որ այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է շուրջ մեկ ու կես տասնամյակ առաջ` հռչակելով Բուենոս Այրեսը և Երևանը քույր քաղաքներ:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Մաուրիսիո Մակրիի՝ 2012թ. Երևան կատարած այցելությունը, որի ընթացքում տեղի է ունեցել Բուենոս Այրեսից Երևանին՝ գրքի միջազգային մայրաքաղաքի տիտղոսի փոխանցման արարողությունը: ՀՀ Նախագահը նշել է, որ այդ այցը երկու մայրաքաղաքների միջև համագործակցությանը նոր խթան է հաղորդել և հույս է հայտնել, որ նմանօրինակ այցելություններն ու փոխադարձ շփումները կկրեն պարբերական բնույթ՝ ներառելով փոխգործակցության զարգացմանն ուղղված ընդգրկուն օրակարգ: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս քաջալերել և աջակցել Երևան-Բուենոս Այրես ձևաչափով նոր նախաձեռնությունները և ծրագրերը:

Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև Բուենոս Այրեսում հայկական ներկայությանը, որը երկու երկրները կապող ամուր կամուրջ է հանդիսանում: Նախագահի խոսքով, 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ գործած ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության հետևանքով Արգենտինայում հաստատված հայերն արժանացել են ջերմ վերաբերմունքի: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է նշել, որ այս տարիների ընթացքում հայերն իրենց էական մասնակցությունն են բերել ինչպես Արգենտինայի, այնպես էլ Բուենոս Այրեսի զարգացմանը՝ հարստացնելով մշակութային բազմազանությամբ առանձնահատուկ այդ քաղաքի կյանքը:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ Նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնել Բուենոս Այրեսի քաղաքային իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաև Բուենոս Այրեսում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշման համար, որը, ըստ Նախագահի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի կողմից ևս մեկ անգնահատելի քայլ է:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է Բուենոս Այրեսի քաղաքապետին և Արգենտինայի բարեկամ ժողովրդին՝ հուլիսի 9-ին նշվելիք երկրի Անկախության օրվա կապակցությամբ, մաղթել խաղաղություն, բարգավաճում և նորանոր նվաճումներ:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Մաուրիսիո Մակրին Հայաստանի Նախագահի այցի կապակցությամբ նրան է հանձնել Բուենոս Այրեսի բանալին և քաղաքի Պատվավոր այցելուի պատվոգիրը: Քաղաքապետարանից մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գրառում է թողել քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Արգենտինայի պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ իր արտասահմանյան այցերի շրջանակներում առանձնակի կարևորություն է տալիս Օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումներին, քանի որ, ըստ Նախագահի, դժվար է գերագնահատել այն դերը, որ օրենսդիրներն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու հարցերում: Նախագահի խոսքով, հայ-արգենտինյան հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնակի կարևորում է միջխորհրդարանական փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Արգենտինայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը հայ-արգենտինյան դարավոր բարեկամության նոր էջ է բացել և երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդել առանձնակի բովանդակություն: Երկուստեք կարևորվել են խորհրդարանական տարբեր մակարդակի պատվիրակությունների փոխայցելություններն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջև շփումները:

***

Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ և արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:

Արգենտինահայ համայնքի անդամները Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա այցի կապակցությամբ հանդես են եկել համայնքի կողմից պատրաստված մշակութային մեծ ծրագրով:

Նախագահը շնորհակալություն է հայտնել համայնքին և նշելով, որ հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում հիշարժան իրադարձություն է լինելու` հիմնադրվելու է Հայոց ցեղասպանության թանգարանը, Արգենտինայի հայ համայնքին է նվիրել ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` ցեղասպանության թեմայով նկարած գրաֆիկական աշխատանքներից մեկը, որն անվանի նկարիչը որոշ ժամանակ առաջ փոխանցել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը նկարը սիրով հանձնել է արգենտինահայ համայնքին՝ որպես Բուենոս Այրեսում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին ցուցանմուշ:

Համայնքը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է պետական իշխանության նախագահական գավազան: Այն Նախագահին հանձնել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

***

 Հուլիսի 8-ին՝ Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը, Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրես քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների և արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետան և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն: Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի կապակցությամբ Նախագահն արարողության մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:

 ***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

***

(Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014թ. մայիսի 6-ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք է հատկացվել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը):

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահը ծաղիկներ է խոնարհել նաև նույն վայրում Արցախի հերոս ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաքարին:
 

***
Սերժ Սարգսյանն այցելել է նաև հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ՝ ՀՅԴ, ՀԲԸՄ, ՌԱԿ, ծանոթացել այդ կազմակերպությունների կողմից մշակութային, բարեգործական և մարզական միությունների գործունեությանը, ինչպես նաև տեղի հայկական պարբերականների աշխատանքներին:

Արմենիա Մշակութային Ընկերակցութեան Եդուարդ Սէֆէրեանի անուան կենտրոնում հյուրընկալության ընթացքում Նախագահը շնորհակալություն է հայտնել կենտրոնի գործունեության և Հայաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելության համար: Ընդունելության ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին հանձնել են «Մենք անկեղծ զինուոր ենք» գրությամբ նվեր, ինչի կապակցությամբ իր շնորհակալական խոսքում Սերժ Սարգսյանը նշել է. «Այս խոսքերն անչափ պարտավորեցնող են, որովհետև մեզնից յուրաքանչյուրը զինվոր է. զինվոր է իր պարտականությունների շրջանակներում, զինվոր է իր պատասխանատվության շրջանակներում, զինվոր է իր գաղափարի համար, և ես չափազանց ուրախ եմ, որ մեր ազգային կառույցները, մեր ազգային կուսակցությունները մեզ հպարտություն են ներշնչում, և մենք նաև դրանով տարբերվում ենք ուրիշներից: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր հակառակորդները ոչ միայն աշխարհի այս մասում, այլ նաև տարբեր մասերում փորձում են աշխուժանալ, փորձում են իրենց շահն առաջ տանել, և մենք իրավունք չունենք դրանում նրանց մեղադրել, որովհետև իրենք էլ իրենց շահն են առաջ տանում: Մեր խնդիրն է, որպեսզի մենք մեր ջանքերը նորոգենք, մեր խնդիրն է, որպեսզի եկող սերնդի մեջ այս կրակը վառ պահենք մի կողմից` ամրապնդելով Հայաստանում պետականությունը, մյուս կողմից ամրապնդելով Սփյուռքն ու մեր կառույցները: Մենք իրարով ենք ուժեղ: Մենք միասին շատ բան կարող ենք անել: Ես շատ լավ հասկանում եմ կոնկրետ Հարավային Ամերիկայում` Արգենտինայում, Ուրուգվայում և այլ տեղերում նրանց ջանքերի նպատակը: Եվ նրանք իրենց ջանքերն էլ են ներդնում այնտեղ, որտեղ մենք ուժեղ ենք, բայց եթե մենք պետք է այս պայքարում զիջենք, ուրեմն, տևական ժամանակ հետո, այս շենքում ուրիշները պետք է լինեն: Ես վստահ եմ, որ այդպես երբեք չի լինելու: Ես վստահ եմ, որ, ընդհակառակը, գնալով մեր շենքերի թիվն էլ է ավելանալու, մեր համակիրների շարքերը մնալու են հոծ: Եվ իհարկե, նաև շնորհիվ այս գաղափարի` մենք բոլորս զինվոր ենք, այո, զինվոր ենք, և զինվոր էլ մնալու ենք: Այսպես կարելի է միայն Հայաստանը ուժեղացնել: Շատ-շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ շնորհակալ եմ: Մենք միասին շատ բան կարող ենք անել»:

ՀԲԸՄ-ում ևս Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Միության պատվավոր հյուրերի գրքում թողած գրության մեջ ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները շատ բարձր են գնահատում այն ազգանվեր գործունեությունը, որ Միությունն իրականացնում է Սփյուռքում՝ հատկապես այն համայնքներում, որոնք աշխարհագրորեն հեռու են Մայր Հայաստանից: «Այն, ինչ ես տեսա այստեղ, տպավորիչ է և հուսադրող: Մաղթում եմ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնին նույն եռանդով և նվիրվածությամբ շարունակել իր ազգանվեր առաքելությունը՝ հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի»:

«Սարտարապատ» թերթի խմբագրությունում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անչափ հպարտ է, որ պատմական բնօրրանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա մեր հայրենակիցները հիմնել են այսպիսի տպավորիչ ազգային հաստատություն, որը պատվով կատարում է հայ ոգին վառ պահելու դժվարին առաքելությունը: Հանրապետության Նախագահը մաղթել է բոլորին անսպառ եռանդ և ուժ, որպեսզի շարունակեn նույն նվիրվածությամբ աշխատել հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի: Այս ամենը Նախագահը գրառել է նաև խմբագրության պատվավոր հյուրերի գրքում:

Հանրապետության Նախագահը հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում մասնակցել է նաև Հայ Էմիգրանտների (Արմենիա) հրապարակի պաշտոնական բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների հետ: Հանդիպումը Նախագահի առաջարկով անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ժամանակ Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հայապահպանության խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերին, տարածաշրջանի մարտահրավերներին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսության առաջնահերթություններին, զարգացման հնարավորություններին և մի շարք այլ թեմաների:

← Վերադառնալ