12
11, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Փարիզ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալրեի հետ։

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ տարի Հայաստանում նմանատիպ համաժողով անցկացնելու վերաբերյալ։

Մտքերի գագաթնաժողովը հեղինակավոր հարթակ է, որտեղ համաշխարհային խոշորագույն ընկերությունների ղեկավարները, ներդրողները քննարկում են համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Այն նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես այցելել է հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերություն, ծանոթացել ընթացիկ ծրագրերին և գործունեությանը։ Ընկերության ղեկավարության հետ Արմեն Սարգսյանին կապում են վաղեմի ու ջերմ բարեկամական հարաբերությունները:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին խումբ գործուղել Հայաստան` համագործակցության հստակ ծրագիր քննարկելու նպատակով։

«Դասո սիստեմս»-ը գործում է «Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Քննարկվել են հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին և ներդրումներին վերաբերող հարցեր։

«THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

 

***

Նախագահ Արմեն Սարգսյանի և «OpenClassrooms» կազմակերպության հիմնադիր Պիեռ Դուբուքի հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում ձեռնարկության մասնաճյուղ բացելու վերաբերյալ։

«OpenClassrooms»-ը կրթական առցանց հարթակ է, որը դասընթացներ է տրամադրում տեղեկատվական տեխնոլոգիաների, ձեռնարկատիրության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում: Այն ողջ աշխարհում ունի 2.5 մլն օգտատեր, դասավանդումներն իրականացվում են անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Ընկերության նպատակը կրթության հասանելիության ապահովումն է:

 

***
 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:

Հանրապետության նախագահը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են կազմակերպության շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, մեր երկրի մշակույթն ու արժեքներն այս կառույցում լավագույնս ներկայացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել Իրաքի Մոսուլ քաղաքի մշակութային ժառանգության վերականգնմանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը։ Այդ համատեքստում քննարկվել է նախաձեռնության շրջանակում Երևանի Մատենադարանի հետ համատեղ ծրագրի իրագործումը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ու հաջողված փորձը Սիրիայի փախստականների ինտեգրման, այդ թվում կրթության իրավունքի ապահովման հարցում։ 

Կողմերն ընդգծել են կրթամշակութային համատեղ ծրագրերի միջոցով մշակութային բազմազանության, համամարդկային արժեքների և հանդուրժողականության խրախուսման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ 

Հանրապետության նախագահը նաև ուշադրություն է հրավիրել Գյումրի քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Նշելով, որ դրանցից շատերն այսօր գտնվում են բավականին անմխիթար վիճակում՝ նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը դրանց պահպանման ու վերականգնման աշխատանքներին: Այդ առումով քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Գյումրիում պատմամշակութային արժեք ունեցող որևէ կառույցի վերականգնման հնարավորությունները:

 

← Վերադառնալ