21
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ

album picture
Ձեր նախագահության 100 օրվա ընթացքում բավական լուրջ բարեփոխումներ են տեղի ունեցել մաքսային եւ հարկային ոլորտներում, ինչպես նաեւ՝ ճանապարհային ոստիկանությունում: Գո՞հ եք արդյունքներից:

Արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, եւ ես համոզված եմ, որ այն, ինչ կատարվել է, ծանր եւ մեծ աշխատանքի սկիզբն է: Մենք սկսել ենք այն ոլորտներից, որոնք չափազանց էական են մեր ժողովրդի համար եւ իմ նախընտրական ծրագրի առաջնահերթություններից էին: Այդ աշխատանքը գնալով թափ է առնելու, եւ մի քանի տարի հետո մենք կխոսենք արդյունքների մասին: Կարեւորն այն է, որ պետք է գոհ լինեմ ո՜չ միայն ես, այլեւ մեր հասարակությունը, իսկ որ հասարակությունում կան դրական արձագանքներ, սա արդեն լավ է:

Կառավարության կազմում Ձեր խոստացած փոփոխություններն ավարտվա՞ծ են, թե՞ դրանք կատարվելու են որոշակի փուլային սկզբունքով, եւ արդյո՞ք կարելի է սպասել նոր կադրային փոփոխությունների:

Կարծում եմ՝ միշտ էլ կարող եք սպասել նոր կադրային փոփոխությունների, վերադասավորումներն ընդհանուր առմամբ համարում եմ չավարտված, բայց որ հիմնական նշանակումները կատարվել են, դա արդեն փաստ է: Ես իմ պահանջները ձեւակերպել եմ պետական պաշտոնյաների հանդեպ: Ովքեր կկատարեն այդ պահանջները, կշարունակեն աշխատել, ովքեր ոչ՝ նրանց պետք է փոխարինեն ուրիշները: Կարեւոր է, որ պետական պաշտոնյայի աշխատանքի արդյունքը լինի չափելի, որ պետական պաշտոնյան ամեն առավոտ գա իր աշխատասենյակ մեր հասարակությանը ծառայելու նպատակով, իր աշխատանքին նոր մոտեցումներ ցուցաբերելու տրամադրվածությամբ, այն տրամադրվածությամբ, որ եթե ինքը չկարողանա համապատասխանել ժամանակակից պահանջներին, ապա կգտնվեն շատերը, ովքեր կփոխարինեն իրեն: Սա արդեն ընտրության հարց է, կուզեք՝ այս սկզբունքն անվանեք փուլային, կուզեք՝ անվանեք փաթեթային: Մոտեցումը միշտ այսպիսին է լինելու:

Վերջին շաբաթների ընթացքում մի գործընթաց է սկսվել: 6 ընդդիմադիր կուսակցություններ սկսեցին միավորման նոր ձեւ. այն կուսակցությունները, որոնք իշխանության կազմում չեն եղել, որոնք կոալիցիայի մաս չեն կազմում, միաժամանակ՝ մերժում են Տեր-Պետրոսյանի ճամբարի նարնջագույն մոտեցումները: Ինչպե՞ս կգնահատեք այս գործընթացը, այդպիսի միավորման ձեւավորման սկիզբը:

Դրական եմ գնահատում: Ընդհանրապես՝ ես համարում եմ, որ մենք կուսակցությունների, քաղաքական ուժերի խոշորացման ճանապարհով ենք անցնելու, եւ այդ ճանապարհն անպայման պետք է անցնենք: Կարեւոր չէ, թե դա ինչպես է տեղի ունենալու՝ մի կուսակցության ընդարձակվելու՞, ծավալվելու՞ միջոցով, թե՞ տեղի են ունենալու կոնսոլիդացիոն գործընթացներ: Կարեւորն այն է, որ քաղաքական ուժերը միավորվեն գաղափարի շուրջ, որպեսզի քաղաքական ուժերը լինեն կայուն, կառուցողական: Ես դրական եմ գնահատում բոլոր կառուցողական ուժերի միավորումը: Ինչ վերաբերում է ջարդելուն, փշրելուն, կազմաքանդելուն դեմ լինելուն՝ ինքս եմ դրան դեմ: Այնպես որ, դրական եմ գնահատում այդ նախաձեռնությունը եւ կցանկանայի, որ այն հաջող ընթացք ունենար:

Հայկական կողմը որքա՞ն երկար է պատրաստ սպասելու Անկարայի պաշտոնական արձագանքին՝ Ձեր պաշտոնակցին հղված հրավերի վերաբերյալ: Վերջերս տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ եթե ինքը շարունակեր ղեկավարել երկիրը, ապա Թուրքիայի նախագահը Երեւան գալու հրավեր չէր ստանա: Դրանից հետո կարծիքներ հնչեցին Ձեր եւ պաշտոնաթող նախագահի միջեւ լուրջ տարաձայնությունների մասին: Խնդրում եմ՝ մեկնաբանեք նաեւ այդ կարծիքները:

Կարծում եմ՝ հարցադրումը, թե ինչքան երկար եմ պատրաստ սպասել, ճիշտ չէ, մանավանդ, երբ խոսքը երկու հարեւան պետությունների հարաբերությունների կարգավորման մասին է:

Կարելի է շատ երկար սպասել, կարելի է կարճ սպասել, բայց կարեւորն այն է, որ եւ մեր, եւ թուրքական հասարակությունում նշմարվում են մեր խնդիրների առողջ քննարկման միտումներ, եւ ես վստահ եմ, որ նախագահ Գյուլի այցը Հայաստան այս դրական միտումները կարող է վերածել լավ, կայուն շարժման: Սա է կարեւորը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը եւ ինչպես Դուք եք ասում, ավելի ճիշտ՝ գուցե ոչ թե Դուք եք ասում, այլ փոխանցում եք հասարակության մեջ շրջանառվող կարծիքը, խոր հակասություններին, ես կարծում եմ՝ Քոչարյանի հայտարարությունն իր մեջ բացարձակապես որեւէ քննադատություն չի պարունակում: Ուղղակի նախագահ Քոչարյանն իր անհամաձայնությունն է հայտնել իմ կոնկրետ քայլի նկատմամբ: Նախկինում էլ բոլոր հարցերում չէ, որ մենք միակարծիք ենք եղել, եւ ես նախընտրել եմ իմ կարծիքը նրան հայտնել ոչ հրապարակավ: Ես հարգում եմ նրա որոշումը՝ հրապարակավ հայտնելու իր կարծիքը, եւ այստեղ որեւէ տարօրինակ բան չեմ տեսնում: Ինչ վերաբերում է խոր հակասություններին՝ շատ երկար տարիներ բազմաթիվ մարդիկ մշտապես փորձել են հակասություններ, տարաձայնություններ գտնել իմ եւ Քոչարյանի միջեւ: Ընդ որում, նրանք եղել են ո՜չ միայն ընդդիմության ներկայացուցիչներ, այլեւ՝ մարդիկ, ովքեր գտնվել են իշխանության մեջ, բայց բավարարված չեն եղել իրենց դիրքով: Գուցե ոմանք ինձ համարել են իրենց հակառակորդը եւ մշտապես փորձել բաժանել, գժտեցնել մեզ: Նրանց դա չի հաջողվել: Հիմա էլ նույնն են շարունակում: Այդ մարդիկ ուղղակի չկարողացան հասկանալ, որ իրենց ջանքերը զուր են, եւ, ընդհանրապես, կարծում եմ՝ պետք չէ մութ սենյակում սեւ կատու փնտրել, մանավանդ որ այն չկա:

Հասարակությունը, քաղաքական ուժերը, միջազգային կառույցները վերջին ամիսներին հորդորում են, կոչ են անում Հայաստանի իշխանություններին՝ ազատ արձակել այն քաղաքացիներին, ովքեր ձերբակալված են ոչ կոնկրետ բռնարարքներ կատարելու համար: Վերջերս նաեւ ԵԽ-ն կոչ արեց համաներման միջոցով ազատ արձակել նրանց, ովքեր մեղադրվում են քրեական օրենս�րքի 300 եւ 225-րդ հոդվածներով: Ի՞նչ է նախաձեռնում Հայաստանի իշխանությունը, մասնավորապես՝ Դուք, այս հորդորին ընդառաջ:

Եթե նկատել եք՝ ես դրանով զբաղվում եմ շատ ինտենսիվ, եւ դրա ապացույցն այն է, որ տասնյակ մարդիկ գտնվում են ազատության մեջ: Ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ, որ դրական եմ գնահատում դատախազության եւ դատարանների գործունեությունն այն կտրվածքով, որ նրանք մեղմություն են ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ում հանցանքը մեծ չէ: Բայց, մյուս կողմից, ես համարում եմ, որ մենք իրավունք չունենք մատների արանքով նայել այս իրադարձություններին եւ չտեսնել այն մարդկանց, ովքեր ծանր հանցանք են գործել, կազմակերպել են մասսայական անկարգություններ, ջարդել են, փշրել են, ձեռք են բարձրացրել ուրիշի սեփականության վրա: Կարծում եմ՝ եթե մենք չափից դուրս մեղմ լինենք, դրանով շատ վատ ծառայություն մատուցած կլինենք մեր հասարակությանը եւ մեր երկրին: Շատ մարդիկ ապագայում կգայթակղվեն այդպիսի արարքներով եւ կհամարեն, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո եւ, ընդհանրապես, կարելի է ուժի միջոցով խնդիրներ լուծել: Սա պետք է բացառենք եւ բացառելու ենք:

Ձեր ընդդիմախոսները հաճախ են ասում, որ սկսված բարեփոխումներն իմիտացիոն բնույթ են կրում, եւ գործընթացը, որ տեղի է ունենում հարկային եւ մաքսային ծառայություններում, ինչպես նաեւ պետավտոտեսչությունում, 1-2 ամիս անց կվերադառնա ի շրջանս յուր: Ձեր մեկնաբանությունը:

Կարծում եմ՝ ավելի համոզիչ կլինի, եթե սպասենք 1-2 ամիս եւ տեսնենք, թե ամեն ինչ վերադառնու՞մ է ի շրջանս յուր, թե՞ մենք առաջ ենք գնում: Ես վստահ եմ, որ դա աշխատանքի սկիզբն է եւ չեմ կարծում, որ մենք ահռելի աշխատանք ենք կատարել այդ բնա�ավառներում: Աշխատանքի արդյունքների մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ շատ-շատերը գոհ լինեն այդ բնագավառի աշխատողներից կամ ընդհանրապես՝ բնագավառի գործունեությունից: Ես վստահ եմ, որ ամեն շաբաթ, ամեն ամիս թվարկումն ավելանալու է, որ շուտով դուք այս բնագավառներին ավելացնելու եք նաեւ անձնագրային տնտեսությունը, նորանոր բնագավառներ, բայց նույնիսկ այն պարագայում, երբ շատ-շատերը գոհ լինեն այդ բնագավառների աշխատանքներից, դա չի նշանակում, որ հանրապետության նախագահը պետք է բավարարվի դրանով եւ խստություն չցուցաբերի այդ բնագավառների նկատմամբ, ընդհանրապես, եւ մասնավորապես՝ այդ բնագավառների աշխատողների նկատմամբ: Կապրենք՝ կտեսնենք:

Դուք բազմիցս ասել եք, որ լինելու եք բոլորի նախագահը: Արդյո՞ք նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահն եք: Եթե այո, չե՞ք կարծում, որ նրա հետ երկխոսությունն ուշանում է:

Ես հիմա էլ եմ ասում, որ ես բոլորի նախագահն եմ, նաեւ՝ այն մարդկանց, ովքեր ինձ իրենց նախագահը չեն համարում: Ես ուղղակի պարտավոր եմ լինել այդպիսին եւ շարունակելու եմ մնալ այդպիսին: Ինչ վերաբերում է երկխոսությանը, կարծում եմ՝ հասարակության մեջ ընկալումը մի քիչ ճիշտ չէ: Երբ ես ասում եմ երկխոսություն, նկատի ունեմ երկխոսություն ժողովրդի հետ, հասարակության ներսում, պետություն-հասարակություն ձեւաչափով, ոչ թե երկխոսություն հանրապետության նախագահի եւ որեւէ անհատի միջեւ:

Ընդհանրապես՝ համարում եմ, որ այդպիսի գործընթացները շարունակական պետք է լինեն, եւ մենք երբեք չպետք է համարենք, որ երկխոսության որեւէ ձեւաչափ ուշացած է: Ես միշտ իմ աշխատասենյակում եմ, միշտ առավոտյան 9-ին, 9 անց 10 րոպեին գալիս եմ աշխատանքի, աշխատանքս ավարտում եմ բավական ուշ, այնպես որ՝ երկխոսության թեման բազմազան է:

Դուք պատրա՞ստ եք հանդիպել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Կարծում եմ՝ առաջին հարցի պատասխանի մեջ ամբողջովին ամփոփված է այն, ինչ ցանկացա ասել այս հարցով:

Ձեր նախագահության առաջին 100 օրերի ընթացքում կատարված քայլերը, որոնք, թերեւս, կշարունակեք, արդյո՞ք հնարավոր չէր անել անցած 10 կամ գոնե՝ 5 տարիների ընթացքում: Արդյո՞ք իշխանության այդ քայլերն ուշացած չեն:

Չեմ կարծում, որ ուշացած են: Եվ, ընդհանրապես, ես համարում եմ, որ անցյալում եւս շատ լավ գործեր են կատարվել, եւ ես բոլորովին կողմնակից չեմ, որ մենք անցյալը հիշատակենք միայն վատ նպատակով: Ժամանակներն են հիմա ուրիշ, խնդիրներն են ուրիշ, միջավայրն այլ է: Ցանկացած հարց կարող է ամբողջական լուծում ստանալ, երբ այն հասունանում է: Այնպես որ, ուշանալու մասին խոսքը ճիշտ չեմ համարում: Անցյալը գնահատելով է, որ այսօր կարող ենք հասնել լուրջ հաջողությունների:

Կոռուպցիայի դեմ Ձեր սկսած պայքարում առայժմ որոշ մանր-մունր ձկնիկներ են բռնվում: Արդյո՞ք Դուք ավելի խոշորների տեղը չգիտեք: Բարեփոխիչի այն դերը, որի մեջ Դուք մտնում եք, մինչեւ որտե՞ղ է շարունակվելու, մինչեւ ե՞րբ: Ձեր ելույթները բավական տպավորիչ են, բայց հետաքրքիր է՝ որքանո՞վ են անկեղծ: Այն գործընթացը, որ արդեն 100 օր շարունակ իրականացնում են նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչքա՞ն է շարունակվելու: Արդյո՞ք այն համակարգը, որի ղեկավարն եք Դուք, մի օր ձեզ չի ասելու՝ բավական է, ինչքա՞ն եք անհանգստացնելու մեզ, թողեք հանգիստ ապրենք, ինչպես առաջ:

Ես, իհարկե, ուրախ կլինեի, եթե դուք խոշոր «ձկների» տեղը ցույց տայիք եւ ոչ միայն մատնացույց անեիք, այլեւ օգնեիք, որ այդ ձկներն ընկնեին ուռկանը: Ուրախ եմ, որ նույնիսկ «Առավոտ» թերթը մեկ-մեկ դրական երանգներ է տեսնում իմ գործունեության մեջ, որ արդեն «Առավոտում» կան մարդիկ, ովքեր սկսել են կասկածել, որ ես էլ կարող եմ լավ բաներ անել: Ցանկալի կլինի, որ այդ դրական երանգները չլինեին 3-4 ամիսը մեկ, գոնե՝ ամիսը 2 անգամ փորձեիք դրանով ոգեւորել ինձ եւ օժանդակել, որ մեր հասարակության մեջ որոշակի վստահություն ձեւավորվի: Իսկ համակարգում կան բազմաթիվ ազնիվ մարդիկ, ովքեր 100 տոկոսով կողմնակից են բարեփոխումներին, պատրաստ են ազնվորեն աշխատել: Եվ այնպես չէ, որ ես միամտորեն կարծում էի, թե այս փոփոխությունները հեշտ են լինելու, հակազդեցություն չի լինելու: Ես հստակ գիտակցում էի, որ դժգոհներին ավելանալու էին նոր դժգոհներ, որոնց ձեռքում կենտրոնացած են լծակներ, ֆինանսներ եւ այլն: Բայց, մյուս կողմից, վստահ եմ, որ մեծամասնությունը մեր կողմն է, որ այս աշխատանքը հաջողություն է ունենալու, այնպես, ինչպես վստահ եմ, որ նույնիսկ հաջողությունների մեջ ձեր թերթը մշտապես թերություններ է փնտրելու, եւ եթե այդ փնտրտուքը միտված լինի նրան, որ այդ թերություններն ուղղվեն, ես միայն ուրախ կլինեմ: Եթե դա պետք է նվիրված լինի նրան, որ ես հոգնեմ այդ փոփոխություններն իրականացնելուց, անշուշտ, լավ չի լինի:

Նախագահ ընտրվելուց հետո Ձեր մեջ ինչ-որ փոփոխություններ տեղի ունեցե՞լ են, թե՞ ոչ:

Կարծում եմ՝ տեղի են ունեցել, որովհետեւ ես ամեն օր աշխատանքի եմ գալիս մի այլ հիմնարկ: Պատասխանատվությունն, իհարկե, մեծացել է, եւ ես բացառիկ հնարավորություն ունեմ իմ ջանքերը, համայն հայության մեծ ներուժն ի շահ մեր պետության եւ մեր ժողովրդի ուղղելու: Երեւի սա է տարբերությունը` չհաշված այլ հանգամանքներ:

Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի պաշտոնական Անկարայի վերջնական դիրքորոշումն ի պատասխան հայկական կողմի նախաձեռնությունների, առավել եւս, որ ԱՄՆ-ն էլ է հորդորում նրանց՝ ընդունել Ձեր հրավերը:

Կարծում եմ՝ առողջ բանականությունը պետք է հաղթի: Չնայած որոշ թուրք քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների հայտարարությանը, թե հարաբերությունների բարելավումը ձեռնտու է միայն Հայաստանին, ես այդպես չեմ կարծում:

Կարծում եմ՝ մեր հարաբերությունների բարելավումը փոխշահավետ կլինի: Ընդհանրապես՝ շատ դժվար է մշտապես հակառակ գնալ առողջ տրամաբանությանն ու բանականությանը:

Չե՞ք կարծում, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը որոշ հարցերում կարող է վնաս հասցնել Հայաստանին եւ Արցախին:

Ոչ, չեմ կարծում: Եվ, ընդհանրապես, ես համարում եմ, որ մենք իրավունք չունենք մեր դաշնակիցներից, մեր բարեկամներից պահանջել, որ նրանք փչացնեն իրենց հարաբերություններն այն երկրների հետ, ում հետ մենք բարեկամական հարաբերությունների մեջ չենք: Այստեղ կարեւորն այն է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չբարելավվեն ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների: Ես ծանոթ եմ այն կարծիքներին, որ առաջին հերթին, իհարկե, շրջանառության մեջ են դնում ադրբեջանցիները եւ մեր ծայրահեղական լրատվամիջոցները, թե տեսեք՝ Ռուսաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձախողվեց, որ հիմա ամեն ինչ վատ է լինելու եւ այլն: Այդ մարդիկ երկու բան են մոռանում. նախ, որ որեւէ երկրի ղեկավար չի կարող չճանաչել պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, այնպես, ինչպես չի կարող չճանաչել ազգերի ինքնորոշման սկզբունքը, եւ երկրորդ՝ այդ ձեւակերպումները, որ վերջերս Բաքվում հնչեցին, առաջին անգամ ռուս-ադրբեջանական փաստաթղթերում տեղ են գտել 1997 թվականին եւ դրանից հետո 6 անգամ մի փաստաթղթից տեղափոխվել մեկ այլ փաստաթուղթ: Եթե մարդիկ իրենց նեղություն տային եւ համեմատեին այն փաստաթուղթը, որ ստորագրվել է Մոսկվայում իմ եւ նախագահ Մեդվեդեւի կողմից եւ այն փաստաթուղթը, որ ստորագրվել է նախագահներ Մեդվեդեւի եւ Ալիեւի կողմից, ապա կտեսնեին այն ահռելի տարբերությունը, որ կա այդ փաստաթղթերում: Այնպես որ, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, եւ վստահ եմ, որ այդ գործընթացները մշտապես լինելու են:

Տեւական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում, որ երկիրը ստվերային ձեւով ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը: Դուք նրա հետ հանդիպու՞մ եք, ինչ-որ խնդիրների առնչությամբ խորհրդակցում եք նրա հետ:

Իհարկե, ես ծանոթ եմ շրջանառվող լուրերին, եւ դրանք ուղղակի անհեթեթություն եմ համարում: Պետության կառավարումը բիզնեսի կառավարում չէ, որտեղ հնարավոր է գործադիր տնօրենի նշանակում, իսկ սեփականության իրավունքները կարելի է պահել եւ ղեկավարել այդ բիզնեսը: Ես ուրախ եմ, որ այդ հարցին անդրադարձել է նաեւ նախագահ Քոչարյանը եւ տվել նույնանման պատասխան: Իսկ որոշումներ կայացնելիս, անշուշտ, ես խորհրդակցում եմ: Խորհրդակցում եմ ինչպես Քոչարյանի, այնպես էլ՝ իմ կոալիցիոն գործընկերների հետ, մասնագետների հետ: Սա է իմ աշխատաոճը, եւ այդպես էլ շարունակելու եմ: Բայց իմ որոշումների պատասխանատուն ես եմ:

Մի քանի ամիս առաջ Դուք հարկային մարմիններից պահանջեցիք հավասար եւ արդարացի մոտեցում տնտեսավարող բոլոր սուբյեկտների նկատմամբ, եւ սկսվեց վճռական ու անողոք պայքար կաշառակերության, հովանավորչության դեմ: Այս կարճ ժամանակում երեւի այս պահանջի արդյունքում շատ տնտեսավարողներ, ովքեր մինչ այդ խուսափում էին հարկային պարտականությունները պատշաճ կատարել, բերվեցին հարկային դաշտ: Ի՞նչ կշահի սրանից մանր եւ միջին բիզնեսը, եւ արդյո՞ք սա ենթադրում է նրանց հարկային բեռի թեթեւացում:

Ավելորդ եմ համարում նշել, որ մենք ցանկանում ենք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել մանր եւ միջին բիզնեսի համար: Սա կարեւոր է շատ հանգամանքներով, բայց դժվարությունն այստեղ նաեւ այն է, որ շատ մարդիկ հարկային պարտականություններից խուսափում են հենց մանր եւ միջին բիզնեսի անվան տակ: Հայկական շուկայում վաճառվող էլեկտրոնիկայի, հագուստեղենի եւ շատ այլ ապրանքների 80 տոկոսը շրջանառվում է տոնավաճառներում: Ես չեմ կարծում, որ այդ ապրանքատեսակների 70-80 տոկոսը հանրապետություն են ներկրում մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Այսինքն, այնպես պետք է անենք, որ կարողանանք կարգավորել այս շուկան, մեր հարկային դաշտը եւ այդ գործընթացում չվնասել մանր եւ միջին բիզնեսը: Իսկ երբ այդ դաշտն, իրոք, կարգավորենք, երբ ունենանք բավարար միջոցներ, անպայման անդրադառնալու ենք նաեւ որոշակի հարկատեսակների դրույքաչափերին, իհարկե, իջեցման ուղղությամբ:

Այս 100 օրվա ընթացքում ո՞րն էր ամենադժվար բանը, որի ուղղությամբ Դուք ջանքեր եք գործադրել, բայց որը դեռ հաղթահարված չէ եւ մտահոգում է Ձեզ:

Չեմ կարծում, որ այս 100 օրվա ընթացքում եղել են այնպիսի դժվար բաներ, որոնց ես չէի սպասում կամ պատրաստ չէի: Եվ, ընդհանրապես, համարում եմ, որ ոչ միայն հանրապետության նախագահը, այլեւ յուրաքանչյուր պատասխանատու անձնավորություն մշտապես պետք է համարի, որ դժվարությունները դեռ առջեւում են: Երբ ես առաջադրվում էի հանրապետության նախագահի պաշտոնում, շատ հստակ տեսնում էի եւ դժվարությունները, եւ խնդիրները, եւ պատրաստ էի ընդունել դժվարին որոշումներ, լուծել խնդիրներ, որովհետեւ եթե ուզում ես նորմալ աշխատել, կարգին գործ անել, պետք է կարողանաս որոշումներ ընդունել, այդ թվում` դժվարություններ հաղթահարել: Այդ մասին խոսելը դեռ շուտ է, գուցե 5 տարի հետո կարող եմ ասել, թե որն էր ամենադժվար բանը:

Վերջերս Դուք խոսեցիք տեղեկատվական անվտանգությունն ապահովելու կարեւորության մասին` նկատի ունենալով տեղի ունեցող հակահայկական քարոզչությունը ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերով: Կցանկանայի լսել Ձեր տեսակետը տեղեկատվական անվտանգության ներքին ասպեկտների վերաբերյալ` հաշվի առնելով, որ մեր թշնամիների տեղեկատվական զենքի թիրախ կարող է դառնալ Հայաստանի հասարակությունը: Դուք նման պատերազմի նշույլներ տեսնու՞մ եք, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, որքա՞ն պաշտպանված ենք մենք այդ առումով:

Տեղեկատվական անվտանգությունը բազմաշերտ հասկացություն է, որը ներառում է ինչպես մեր տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միջոցների անվտանգությունը, այնպես էլ` հակազդեցությունն այն հերյուրանքների, ապատեղեկատվության, որ տարածվում է Հայաստան պետության եւ հայ ժողովրդի մասին: Մենք մտածում ենք մի կառույցի ստեղծման մասին, որ պետք է զբաղվի երկրորդ խնդրով, պետք է հակազդի, եթե կուզեք` պայքարի այդ ապատեղեկատվության դեմ, հնարավորություն տա մեր ժողովրդին, մեր բարեկամներին` իմանալ ճշմարտությունը, հնարավորություն տա, որ մենք կարողանանք մեր երկիրը դարձնել ավելի ճանաչելի, խոսել մեր ձեռքբերումների մասին, վարել միասնական քաղաքականություն այն բնագավառներում, որտեղ մենք հարմար կգտնենք: Այո, համարում եմ, որ այդ աշխատանքներն այսօր զարգանալու, աճելու մեծ տեղ ունեն, եւ մոտակա ամսվա ընթացքում այդ կառույցի ստեղծմամբ մենք նոր աշխատանքների սկիզբը կդնենք:

2007-ի գարնանը Դուք ստանձնեցիք վարչապետի պարտականությունները, ապա` խորհրդարանական ընտրություններ, նոր կառավարություն, հազար ու մի հոգսեր, աշնանը կրկին նախընտրական ու ետընտրական գործընթացներ, արտաքին ու ներքին բազմաթիվ մարտահրավերներ: Չե՞ք հոգնում:

Շնորհակալ եմ հոգատարության համար: Իհարկե, լինում են օրեր, որ հոգնում եմ, բայց ես, ընդհանրապես, հոգնած չեմ: Ամենավտանգավոր մարդը հոգնած պաշտոնյան է, եւ կան բազմաթիվ խնդիրներ, որ պետք է լուծվեն նախագահի կողմից, բայց նախագահն էլ պետք է գիտակցի, որ նույնիսկ` երկաթն է հոգնում, եւ պետք է այնպես անի, որ կարողանա երկար տարածք անցնել: Հանգիստ եղեք` ամեն ինչ նորմալ է:

Իմ հարցը վերաբերում է տարածաշրջանին, մասնավորապես` Իրան-Իսրայել-ԱՄՆ հարաբերություններին: Վերջին շրջանում Իսրայելը հաճախակի է սպառնում Իրանին, որ կհարվածի վերջինի ռազմավարական օբյեկտներին: Մյուս կողմից` Դուք բազմիցս նշել եք, որ պետք է ակտիվացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Ձեր կարծիքով, Հայաստանն ի՞նչ դեր կարող է կատարել այս երեք երկրների միջեւ երկխոսություն նախաձեռնելու համար: Հայաստանը պատրաստվո՞ւմ է միջնորդի դերում հանդես գալու առաջարկով դիմել այդ երկրներին:

Իրանը մեզ համար կարեւոր գործընկեր է, եւ` ոչ միայն աշխարհաքաղաքական առումով, այլեւ այն հանգամանքով, որ մենք ունենք լավ գործընկերություն, Իրանում ունենք մեծ հայկական համայնք, ունենք ընդհանուր պատմություն` հազարավոր տարիներ ապրել ենք կողք կողքի: Իսրայելում ապրում են տասնյակ հազար հայեր, մենք ունենք ընդհանուր եզրեր ունեցող ողբերգություն` ցեղասպանության եւ հոլոքոստի հիշողությունը: ԱՄՆ-ի հետ լավ գործընկերներ ենք, ԱՄՆ-ը մեր բարեկամ երկրներից մեկն է, ԱՄՆ-ում ապրում է մեկ միլիոնից ավելի հայ, եւ, իհարկե, մենք չէինք ցանկանա հետագա բարդացումներ: Բայց մյուս կողմից` ես չեմ կարծում, թե սա այն դեպքն է, երբ Հայաստանը պետք է հանդես գա միջնորդի առաքելությամբ եւ իր ծառայություններն առաջարկի: Եթե այդ երկրներից որեւէ մեկը կամ բոլորը միասին վերցրած հարկ կհամարեն օգտագործել Հայաստանի հնարավորությունները, մենք միայն ուրախ կլինեինք ունենալ մեր ներդրումը խաղաղության պահպանության գործում:

Շատ է խոսվում այն մասին, որ իշխանության թիմը թույլ է, խոցելի, իսկ ընդդիմությունն ուժեղ է, համախմբված: Նաեւ, խոսվում է այն մասին, որ իշխանությունը շարունակում է ընթանալ ճնշումների ճանապարհով, ոչ թե քաղաքական գործընթացների: Հետաքրքիր կլիներ լսել Ձեր տեսակետն այս հարցերի վերաբերյալ:

Պարզ է` ով է խոսում այդ մասին: Ակնհայտ է, որ եթե իշխանությունը թույլ լիներ, ընտրություններում չէր հաղթի, եթե իշխանությունը թույլ լիներ, ընդդիմությունը վաղուց կլանած կլիներ այդ իշխանությունը: Այդ խոսակցությունների նպատակը պարզ է. ուղղակի պետք է ասեմ, որ իշխանությունն իրեն վստահ է զգում, որ այսօր իշխանությունում կենտրոնացել են այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի են լուծել բարդագույն խնդիրներ: Մենք կազմել ենք քաղաքական կոալիցիա, այսօր իշխանության մեջ իմ կողքին են ուժեղ կուսակցություններ: Իմ կողքին է ՕԵԿ-ը` նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, ով նախագահական ընտրություններում ստացավ մեր ժողովրդի մի հսկայական հատվածի վստահությունը: Իշխանությունում է եւ իմ կողքին է ԲՀԿ-ն` իր սկզբունքային, հստակ դիրքորոշմամբ, ՀՅԴ-ն` իր կայուն եւ կուռ շարքերով: Վերջապես, ես հենվում եմ Հայաստանի ամենաբազմանդամ եւ խորհրդարանում ամենամեծ ուժը ներկայացնող կուսակցության` ՀՀԿ-ի վրա: Ավելի ազդեցիկ ի՞նչ կարող է լինել: Մարդիկ շատ պարագաներում իրենց ցանկությունները փորձում են ներկայացնել որպես իրականություն, իրողություն: Դա իրենց խնդիրն է, իսկ մենք մեզ շատ հանդարտ, հանգիստ ենք զգում եւ ի վիճակի ենք լուրջ խնդիրներ լուծել: Դա ցույց է տալիս, որ մենք չենք խուսափում բարդ խնդիրներից, որ խնդիրները մեզ չեն վախեցնում:

Ջերմուկում դիմելով գործարարներին` Դուք օգտագործեցիք «խնդրում եմ» արտահայտությունը: Մինչ այդ օգտագործվում էր «պահանջում եմ» արտահայտությունը, ինչն արդարացի դժգոհություն էր առաջացնում: Ինչո՞վ է պայմանավորված դիրքորոշման այդ կտրուկ փոփոխությունը:

Չեմ կարծում, որ մինչեւ հիմա միայն պահանջներ են ներկայացվել: Ես, իրոք, խնդրել եմ եւ խնդրելու եմ:Դրանում որեւէ նվաստացուցիչ բան չեմ տեսնում:Եթե ես անձնական գումար խնդրեմ, վիրավորված կլինեմ, եթե անձնական հարցերով դիմեմ մեր հայրենակիցներին, դա ճիշտ չի լինի: Ես, իրոք, խնդրել եմ եւ խնդրելու եմ բոլոր հայերին: մասնակցել մեր երիկրի ծաղկեցմանը: Այդ մարդիկ իրավունք ունեն հպարտանալու իրենց անցած ճանապարհով, նրանք կոշտ պայքարում հասել են հաջողության, եւ վստահ եմ` իրավունք ունեն ակնկալելու, որ Հայաստանի իշխանությունները պետք է իրենց խնդրեն, առաջարկեն եւ ընդհանրապես` փորձեն խոսել ինչպես հավասարը հավասարի հետ: Սա է լինելու իմ մոտեցումը, որովհետեւ շատ պարագաներում խնդրելով կարելի է հասնել շատ ավելի մեծ հաջողությունների, քան պարտադրելով, վերեւից նայելով այլոց: Եվ կարծում եմ` մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել: Արձագանքները շատ խոսուն են:

ԱԺ-ում Ձեր ելույթներից մեկում խոսելով հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին` ասացիք, որ չի կարելի բոլոր տարածքներն անվանել ազատագրված, քանի որ կար անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտություն: Դուք այն ժամանակ օրինակ բերեցիք Աղդամը: Ա՞յժմ էլ նույն կարծիքին եք:

Կարծում եմ, դուք ընդհանուր առմամբ ասացիք այն, ինչ ես այն ժամանակ ասել էի: Իհարկե, որոշակի նրբերանգներ ինձ մոտ մի քիչ այլ կերպ էին հնչում, բայց ես ԼՂ խնդրում մնում եմ այն դիրքորոշմանը, որին եղել եմ սկսած 1995, 1994, 1993 թվականներից: Որեւէ լուրջ փոփոխություն չի եղել իմ դիրքորոշման մեջ, եւ այդ դիրքրոշումը ես պահպանելու եմ շատ երկար:

Ձեր նախագահության օրոք ի՞նչ հիմնական ուղղություններով եւ ո՞ր առաջնահերթություններով են զարգանում հայ-ամերիկյան հարաբերությունները:

ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները մենք չափազանց կարեւորում ենք: ԱՄՆ-ը Հայաստանի անկախացումից հետո հսկայական ֆինանսական եւ մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել մեզ, ԱՄՆ-ի հետ մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, եւ այսօր էլ խորացնում ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:Վստահ եմ, մի քանի ամիս անց ԱՄՆ-ում տեղի ունենալիք ընտրություններից հետո մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերություններն այդ երկրի հետ:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը տարաբնույթ մեկնաբանությունների ենթարկվեցին, սակայն գերիշխում են այն կարծիքները, որ դրանք ընդդիմությանը զրկեցին հարեւան երկրների հետ հարաբերությունները չկարգավորելու: Ձեզ ուղղված մեղադրանքները հնչեցնելու հնարավորությունից: Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ, առհասարակ, հարեւան երկրների հետ կապերի ամրապնդման առումով:

Պարզվում է` մենք ոչինչ չպետք է անենք, այլապես մեզ կմեղադրեն ընդդիմության պահանջները կատարելու կամ էլ ընդդիմության տակից հողը փախցնելու մեջ: Դա որեւէ կապ չունի այդ հարցի հետ: Այս խնդիրը մշտապես հուզել է ինձ, եւ շատ հստակ գիտակցում եմ այդ խնդրի բարդությունները: Համոզված եմ, այս խնդրի լուծումը Հայաստանին մեծ հաջողություններ կբերի: Այնպես որ, եթե մենք մեր հարաբերությունները կարգավորենք Թուրքիայի հետ, դրանից շահելու է եւ թուրք, եւ հայ հասարակությունը: Մենք ուղղակի պարտավոր ենք մեր ջանքերն ուղղել մեր խնդիրների լուծմանը, ոչ թե իրար համար խնդիրներ ստեղծելուն: Ասածս վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլեւ մեր բոլոր հարեւաններին: Հնարավորության դեպքում, անշուշտ, բարելավելու ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ մշտապես խորացնելու ենք մեր հարաբերություններն Իրանի ու Վրաստանի հետ: Սա է մեր ճանապարհը, անկախ նրանից, թե ով ինչ կասի:

Վերջին հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ է Ձեզ հետ համագործակցության, երկխոսության` թերեւս նկատի ունենալով նաեւ իր ընտրազանգվածը, պայմանով, որ Դուք մի գիշերվա ընթացքում մի զանգով ազատ արձակեք քաղբանտարկյալներին: Ինչո՞ւ չարձագանքեցիք այս առաջարկին:

Եթե մարդկանց պահանջը, նպատակը նոր ընտրություններ անցկացնելն է, ինչի՞ մասին պետք է երկխոսենք` թե ե՞րբ անցկացնենք այդ ընտրությունները: Ես արդեն հոգնել եմ ընտրություններից; Մենք կարճ ժամանակում ընտրություններ անցկացրինք, ընդ որում` ոչ մեկ անգամ, եւ կարծում եմ, համապետական հաջորդ ընտրությունները լինելու են չորս տարի հետո, ճիշտ ժամանակին: Ինչ վերաբերում է նրան, թե մի զանգով կարելի է տասնյակ մարդկանց ազատ արձակել, ես սովոր չեմ այդպես աշխատել: Դա շատ վատ գայթակղություն է, որովհետեւ մի զանգով տասնյակ մարդկանց ազատ արձակելը նշանակում է նաեւ մի զանգով տասնյակ մարդկանց ազատազրկել: Եթե Դուք դա ճիշտ եք համարում, ես կարող եմ մտածել: Եթե իմ պատասխանը բավարար եք համարում, ապա ես այդպես էլ շարունակելու եմ:

Դեռ արդիական է համարվում Հայաստանում քաղաքական ուժերի կոնսոլիդացման հարցը: Այդ առումով ի՞նչ եք մտածում ընդդիմության մասին, եւ կոնկրետ ի՞նչ քայլեր եք մտադիր կիրառել այդ ուղղությամբ:

Դուք ակնկալում եք, որ իմ ամբողջ մտածածն ընդդիմության մասին հիմա ասե՞մ: Ես մտածում եմ, որ ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, հստակ գիտակցում եմ, որ մեր երկրում կա ընդդիմություն, եւ որ ընդդիմությունը մեր զարգացման շարժիչ ուժերից մեկն է: Բայց ես կցանկանայի, որ ընդդիմությունն էլ գիտակցեր դա, որ ընդդիմությունը գիտակցեր, որ հասարակության, պետության զարգացման համար ինքը եւս պատասխանատու է եւ լիներ պատասխանատու ընդդիմություն: Սա է իմ մտածածն ընդդիմության մասին:

Վերջերս «Բազե» համահայկական հավաքում Դուք դիմեցիք երիտասարդությանը` տուն վերադառնալու կոչով: Ինչպիսի՞ն պետք է լինի երիտասարդական քաղաքականությունը, որպեսզի հայ երիտասարդները իրականում կապվեն հայրենիքի հետ:

Մեր երիտասարդական քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի մեր բոլոր երիտասարդները մի օր իրենց իրերը հավաքեն եւ վերադառնան Հայաստան: Այսօր աշխարհը փոքրանում է, եւ չափազանց կարեւոր է, որ երիտասարդները, հայերը Հայաստանը համարեն ոչ միայն պատմական հայրենիք, այլեւ Հայաստանում ունենան հետաքրքրություններ, գործեր, բարեկամներ: Եթե յուրաքանչյուր հայ գոնե մի քանի տարին մեկ գա Հայաստան, դա արդեն Հայաստանի զարգացման համար շատ մեծ կռվան կլինի: Վստահ եմ` շատ երիտասարդներ վերադառնալու են Հայաստան: Մենք պետք է կարողանանք նրանց ոչ թե խոսքով, այլ գործով ցույց տալ, որ Հայաստանում իրենք կարող են իրացնել իրենց հնարավորությունները, որ Հայաստանում հաջողության հասնելու հնարավորությունները լայն են: Մենք նաեւ պետք է կարողանանք Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծել, որը էապես չտարբերվի այն միջավայրից, որը նրանց ձգում է: Կարծում եմ` դա հաջողվելու է մեզ: Ասածս ամբողջովին վերբերում է նաեւ մեր հանրապետությունում ապրող երիտասարդներին: Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ կարող երիտասարդն անպայման Հայաստանում հաջողության է հասնելու, որ հովանավորչությունը, այլ հոռի երեւույթներ խոչընդոտ չեն լինելու նրանց համար` ունենալու պաշտոնական առաջխաղացում, հասնելու նյութական ապահովության: Մենք այդ աշխատանքներն արդեն նախաձեռնել ենք, պետք է ոչ միայն ոգեւորենք, պետք է օժանդակենք շատ հարցերում, ընդհուպ մինչեւ կենցաղային խնդիրների լուծումը: Դուք արդեն տեսնում եք երիտասարդ ընտանիքներին օժանդակելու եզակի, բայց լավ օրինակներ: Այս քաղաքականությունը շարունակելու ենք:

Նախընտրական արշավի ժամանակ Դուք առաջարկեցիք ծրագիր եւ հանդես եկաք ընտրողների առջեւ խոստումներով, որոնք մի փոքր չափազանցված էին թվում որպես սովորական նախընտրական քարոզչություն: Անցավ 100 օր. ինչպե՞ս եք գնահատում Ձեր ծրագիրը, խոստումները, որքա՞ն իրատեսական է դրանց կատարումը, ի՞նչ խնդիրներ ծագեցին, որոնց չէիք սպասում:

Ես ունեմ 100 տոկոս վստահություն, որ իմ եւ իմ թիմի ծրագիրն իրատեսական է: Դուք հիշեք, որ այն ժամանակ ես հանրապետության վարչապետն էի, իսկ վարչապետն ամբողջովին տիրապետում է երկրում առկա իրավիճակին, եւ այսօր չեմ կարող նշել մի ոլորտ, մի թիվ, որը իրականանալի չէ: Իմ եւ իմ թիմի տրամադրվածությունն այնպիսին է, որ որոշ խնդիրներ մենք լուծելու ենք ավելի կարճ ժամկետում, որոշ խնդիրներ էլ լուծելու ենք այն ժամկետում, որ նշված է Ձեր նշած ծրագրում: Դրանում նշված են նաեւ թվեր, եւ ես կոչ եմ անում մշտապես մեր իրականությունը համեմատել այդ թվերի հետ: Ավելին, ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք ավելի բարձր արդյունքների, քան այնտեղ նշված է:

Ջերմուկյան Ձեր կոչին արագ արձագանքեցին արտերկրի մի քանի գործարարներ: Արձագանքները շարունակվում են: Ձեր մեկնաբանությունները:

Չեմ կարծում, որ մենք պետք է համարենք, որ շատ արագ արձագանքումը հանկարծակի էր կամ չսպասված: Հակառակը, ինձ համար դա սպասված արձագանք էր, որովհետեւ ես արդեն մեկուկես տարի է խոսում եմ այն մասին, որ պետք է փորձենք միավորել հայության ջանքերը, պետք է անպայման այնպես անենք, որ մեր կայացած մարդիկ, այդ թվում` սփյուռքում, իրենց ջանքերը ներդնեն Հայաստանի զարգացման գործում: Ուրիշների համար գուցե դա անսպասելի էր, ինձ համար շատ սպասված էր, մանավանդ որ, այդ մարդկանցից շատերին ես ճանաչում եմ երկար տարիներ, մանավանդ որ, նրանք մշտապես հետաքրքրվում են Հայաստանի իրադարձություններով, արձանագրվող փոփոխություններով: Ես պատրաստ եմ նաեւ շատ երկար սպասել այլոց արձագանքներին: Վստահ եմ, որ այդ արձագանքները շարունակվելու են տարիներով: Կապրենք` կտեսնենք:

Դուք արդեն խոսեցիք այն մասին, որ Ձեր եւ Ռուսաստանի նախագահի միջեւ կայացած հանդիպման ընթացքում ստորագրվել է խիստ կարեւոր համաձայնագիր: Հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ եւ Դուք, եւ պարոն Մեդվեդեւը նորընտիր նախագահներ էիք: Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հետանկարները երկկողմ հարաբերությունների առումով, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակում:

Կարծում եմ, մեր հարաբերությունների ապագան իրականում լինելու է շատ լավ: Ես համարում եմ, որ մենք ունենք ոչ միայն համատեղ լավ անցյալ, լավ ներկա, մենք ունենալու ենք հարաբերությունների փայլուն ապագա: Այսօր ՌԴ-ի հետ ունենք այնպիսի լավ հարաբերություններ, ինչքան հնարավոր է ունենալ երկու երկրների միջեւ: Որոշ դեպքերում մեր ընդդիմախոսները փորձում են որոշակի խնդիրներ գտնել մեր հարաբերություններում. կարծում եմ` շատ դեպքերում դրանք գալիս են նրանց ցանկություններից: Երբ խոսում են մեր տնտեսական հարաբերությունների մասին եւ ասում են` շարժը լավ չէ, ինձ համար դա տարօրինակ է, որովհետեւ տարեկան 25-30 տոկոս աճից ավելի լավ շարժ լինել չի կարող:Սա համարում եմ այդ մարդկանց ցանկություններից բխող քննադատություն: Մենք ՌԴ-ի հետ շատ հարցերում համանման մոտեցումներ ունենք, եւ սա բավական հեշտացնում է մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Մենք նպատակ ունենք ավելի խորացնել ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, եւ վստահ եմ, որ ՌԴ նախագահ պարոն Մեդվեդեւի սպասվող այցը Հայաստան դրան ուղղված կլինի:

Թուրքական մամուլը վերջին օրերին մի քանի անգամ անդրադարձել է Ձեր հայտարարություններին: Վերջերս էլ «Հյուրիեթը» հրապարակեց մի միտք, թե հայ-թուրքական ինչ-որ գաղտնի բանակցություններ են ընթանում: Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը: Դուք անդրադարձաք տարածաշրջանի մեր բոլոր հարեւաններին, բացի Վրաստանից:

Կարծում եմ, Վրաստանն անմասն չի մնացել, ես ասացի, որ մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ: Կարող եմ ավելացնել, որ մենք չափազանց կարեւորում ենք կայունությունը Վրաստանում, որովհետեւ Վրաստանն այն երկու երկրներից մեկն է, որոնց վրայով Հայաստանը կապվում է արտաքին աշխարհի հետ: Ես կարծում եմ, մոտակա ամիսների ընթացքում մենք պաշտոնական շփումներ կունենանք Վրաստանի նախագահի հետ, եւ այդ շփումների նպատակն այն է, որ մենք կարողանանք բացահայտել նոր հնարավորություններ:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական գաղտնի կամ ընդհանրապես շփումներին, ապա այդ շփումները երբեք չեն դադարել, պետական պաշտոնյաները, դիվանագետները մշտապես շփվել են, եւ ես որեւէ սենսացիա չեմ տեսնում նրանում, որ Ժնեւում եւս հանդիպել են հայ եւ թուրք դիվանագետներ:

Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ընթացքում զրուցե՞լ եք «Գույք` պարտքի դիմաց» պայմանագրի իրականացման մասին:

Ոչ, այդ թեման չեմ բարձրացրել, որովհետեւ այցից մեկ շաբաթ առաջ հարցը լուծում է ստացել` այդ ձեռնարկությունները փոխանցվել են մասնավոր կառավարման: Կարծում եմ, դա հարցի լուծման միակ ձեւն էր, եւ վստահ եմ, որ մոտ ժամանակներս այս խնդրում էական տեղաշարժ է լինելու:

Ինչպե՞ս եք գնահատում ԼՂ բանակցությունների ներկա փուլը, ի՞նչ ապագա եք կանխատեսում բանակցային գործընթացում: Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է ռազմական բյուջեն ավելացնելու մասին: Հայաստանի պատասխանը ո՞րն է լինելու:

Մեր պատասխանը ոչ միայն լինելու է, այլեւ կա: Մեր պատասխանն այն է, ինչ ես մշտապես հնչեցրել եմ եւ հիմա էլ եմ հնչեցնում, որ քանի դեռ խաղաղության մասին պայմանագիր չի ստորագրվել, երկրում առնվազն երկու պաշտոնյա` հանրապետության նախագահն ու պաշտպանության նախարարը, պետք է համարեն, որ հենց վաղը կարող են սկսվել ռազմական գործողություններ, եւ այդ ուղղությամբ պետք է մշտապես ջանքեր գործադրեն: Այդ ջանքերը մենք գործադրում ենք: Մեր ամենահզոր փաստարկը մեր բանակն է, մեր զինված ուժերն են, եւ մենք ջանք չենք խնայելու, որ զինված ուժերը մարտունակ լինեն: Բանակցությունների հետ կապված` ես մեկ անգամ եմ հանդիպել նախագահ Ալիեւին, եւ տպավորությունս այնպիսին է, որ խնդրի խաղաղ լուծման միջոցները չեն սպառվել: Ես այնպիսի տպավորություն եմ ստացել, որ նախագահ Ալիեւը պատրաստ է շարունակել բանակցությունները, եւ ես համոզմունք ունեմ, որ բանակցությունների ճանապարհով կարելի է հասնել խնդրի լուծմանը:

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` նախագահ Ալիեւը, բազմիցս դժգոհել են Մինսկի խմբի աշխատանքներից եւ համանախագահող երկրներից պահանջել են ջանքերի ընդլայնում: Հայկական կողմն ինչպե՞ս է վերաբերում Մինսկի խմբի աշխատանքներին:

Եթե ադրբեջանցիները բողոքում են Մինսկի խմբի համանախագահներից, ապա հայկական կողմը կարող է հանգիստ լինել:Երկրորդ, ես կարծում եմ, որ սրանք մանր խորամանկություններ են` բողոքել միջնորդներից, որպեսզի նրանք մի քիչ ավելի մեղմ լինեն Ադրբեջանի նկատմամբ կամ փորձեն բավարարել նրանց որոշ պահանջներ, որպեսզի այդ քննադատությունը չհնչի: Բայց դա ադրբեջանցիների գործն է, եւ չեմ կարծում, որ այդ մանր խորամանկությունները նպաստում են բանակցային գործընթացին: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների շուրջ եւ մենք համարում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունն այն ձեւաչափն է, որ կարող է հաջողության բերել:

Երկրի իշխանություններն զգալի քայլեր են գործադրում ԵԽ ԽՎ երկու բանաձեւերի կատարման ուղղությամբ: Այդուհանդերձ, կհասցնի՞ երկիրը մինչեւ այդ կառույցի հունվարյան նստաշրջան ամբողջովին ապահովել բանաձեւերում ամրագրված պահանջների կատարումը:

Մենք հասցնել, չհասցնելու խնդիր չունենք, մենք չափազանց կարեւորում ենք մեր եվրոպական գործընկերների հետաքրքրությունը Հայաստանով: Մենք համարում ենք, որ նրանք մեծ գործ են կատարում, շնորհակալ ենք այն օժանդակության համար, որ նրանք մեզ ցուցաբերում են: Բայց ես քանիցս հայտարարել եմ, որ դա մեր հավատամքն է, որ մեր ծրագրերն ավելի խոր դրույթներ են պարունակում, որ մենք իրականացնելու ենք մեր ծրագրերը, որովհետեւ ինչպես այդ բանաձեւերի, այնպես էլ մեր ծրագրի իրականացման նպատակն ավելի ժողովրդավար Հայաստան ունենալն է, եւ մենք ունենալու ենք այդ ժողովրդավար Հայաստանը: Եթե ինչ-որ մի դրույթ մինչեւ հունվար չիրականացվի, ես չեմ կարծում, որ արդյունքում կարող է ջրհեղեղ լինել: Իհարկե, ցանկալի է օր առաջ տեսնել այդպիսի Հայաստան, որ օր

← Վերադառնալ