13
05, 2013

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԶԼՄ-երի հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները

 Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ


Հարգելի՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեր երկրում: Մենք Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կանոնավոր հանդիպումներ ենք ունենում ՀԱՊԿ, ԱՊՀ գագաթնաժողովների, անցյալում նաև՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, վերջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում դեկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստի ընթացքում, իսկ մինչ այդ՝ նաև ԱՊՀ գագաթնաժողովում, որտեղ այժմ Բելառուսը իր նախագահության շրջանում իրականացնում է Համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ:

Այդ կանոնավոր հանդիպումները մեզ թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել և լուծել հայ-բելառուսական օրակարգի ընթացիկ հարցերը: Այնուամենայնիվ, բարձր մակարդակի փոխայցելությունները մնում են միջպետական հարաբերությունների առաջընթացի գլխավոր խթանը: Եվ ես ցանկանում եմ կրկին ողջունել Ալեքսանդր Լուկաշենկոյին Հայաստանում, որտեղ նա միշտ ցանկալի հյուր է:

Ուղիղ մեկ ամիս հետո մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ տարեթվին մենք մոտենում ենք ունենալով ոչ միայն երկկողմ համագործակցության համապատասխան մակարդակ, այլ նաև ամուր գիտակցումով, որ այս տարիների ընթացքում կուտակված միջպետական փոխգործակցության դրական փորձը հանդիսանում է մեր ընդհանուր սեփականությունը:

Եվ մենք միասնական ենք այն հարցում, որ մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր պատմական անցյալի հետ: Չէ՞ որ մենք կողք-կողքի ենք անցել անցյալ հարյուրամյակի բարդություններով, ուս-ուսի մարտնչել ենք Մեծ Հայրենականում, հազարավոր հայեր են զոհվել բելառուսական ճակատներում, հարյուր հազարավորներն արիաբար փառավորել են իրենց անունը: Մեր բարեկամությունն ամրապնդված է մեր ընկած հերոսների արյամբ, և մեզ անհրաժեշտ է խնամքով պահպանել ու բազմապատկել այդ ժառանգությունը:

Մենք քննարկեցինք ամենաբազմազան հարցեր. խոսեցինք տնտեսության, աշխարհաքաղաքական հարցերի, հումանիտար կապերի մասին: Բնականաբար, խոսեցինք նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեության մասին, որի հերթական նիստը կկայանա ընթացիկ տարվա հունիսին: Ընդգծեցինք միջխորհրդարանական սերտ կապերը հատուկ ստեղծված հայ-բելառուսական հանձնաժողովի շրջանակներում:

Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերին: Մենք մտքեր փոխանակեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացման շուրջ, խոսեցինք ԱՊՀ-ում գործընթացների մասին, որտեղ մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր բելառուս բարեկամներին՝ Համագործակցությունում նրանց նախագահության հաջողության ապահովման նպատակով:

Ես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին ծանոթացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս ընթացքին: Եվս մեկ անգամ ընդգծեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն և իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ: Ես հավաստիացրեցի Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատրաստ ենք այդ հակամարտության խաղաղ լուծմանը:

Մենք որոշակի և բազմախոստում ծրագրեր ունենք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մուտք մեր երկրների շուկաներ, փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում, համագործակցություն մշակույթի և գիտության բնագավառներում: Մեծ հնարավորություններ ենք տեսնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Կարծում եմ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կհամաձայնի ինձ հետ, որ այցին նախորդող մեծաքանակ շփումներն ամենատարբեր մակարդակներում նպաստեցին նրան, որ քիչ առաջ ստորագրվեց փաստաթղթերի ծանրակշիռ փաթեթ: Մենք ակնկալում ենք, որ դրանք սպասվող ազդակ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը: Այնպես որ, պարոն Նախագահի այցը ժամանակին էր և դատապարտված է հաջողության:

Ես ևս մեկ անգամ ողջունում եմ Բելառուսի Նախագահին Երևանում և հաճույքով խոսքը փոխանցում եմ նրան:

 

***

 

Բելառուսի նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել եղբայրական Հայաստանում ընդունելության, ինչպես նաև աշխատանքի համար ստեղծված պայմանների համար։ «Սակայն հատուկ շնորհակալություն եմ հայտնում հիշողության և պատմության պահպանման համար։ Իրոք, մեր հողում, պաշտպանելով մեր նախկին ընդհանուր հայրենիքը, զոհվել են խիզախ հայ ժողովրդի բազում ներկայացուցիչներ։ Դուք գիտեք, թե ինչպիսի հոգատարությամբ ենք մենք նրանց վերաբերում։ Բելառուսում ներկայումս ապրող հազարավոր հայերը երբեք այս հարցում մեզանից դժգոհ չեն եղել։ Շնորհակալ եմ, որ դուք մեծ հաղթանակի այս տոնակատարության օրերին հիշեցրիք նաև այդ մասին։

Հայաստանում ավարտվեց նախագահական ընտրությունների շատ բարդ ժամանակահատվածը, և ձեր թիմն այն արժանիորեն անցկացրեց և արժանացավ հայ ժողովրդի անվերապահ վստահությանը։ Հաջողություններ եմ մաղթում ձեր առջև դրված խնդիրների լուծման գործում, իսկ մենք պատրաստ ենք լինել ձեր կողքին՝ ձեր մտահղացումների և նպատակների իրականացման գործում»,-նշել է Ա. Լուկաշենկոն։

Նա փաստել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Բելառուսի ամենամոտ և կարևոր գործընկերն է։ Բազմակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի հետ համապատասխանում է Բելառուսի ներքաղաքական և ներտնտեսական գերակայություններին։ «Այսօր մենք քննարկեցինք երկկողմ հարաբերությունների ողջ ներկապնակը, պայմանավորվեցինք արտաքին քաղաքական գերատեսչությունների, խորհրդարանների միջև համագործակցության լուրջ խորացման, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցության շուրջ»։

Բելառուսն ու Հայաստանը շահագրգռված են բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմամբ. «Մենք չունենք համագործակցության փակ թեմաներ՝ սկսած գյուղատնտեսական խնդիրներից մինչև ռազմաքաղաքական»։

Սակայն այս շրջանում, ըստ Ա. Լուկաշենկոյի, գլխավոր գերակայությունը տնտեսական կապերի զարգացումն է և երկկողմ առևտրի ընդլայնումը։ «Չնայած առևտրաշրջանառության տեմպերի զգալի աճին, այն կազմում է 60 մլն ԱՄՆ դոլար, ինչը մեր ազգերի և պետությունների համար ուղղակի ամոթալի է։ Համոզված եմ՝ մեր հանդիպումն ու բանակցություններն անպատճառ 1.5-2 տարվա ընթացքում կկրկնապատկեն առևտրաշրջանառության ծավալները»։

Բելառուսի նախագահն առաջարկել է միասին գտնել այն արհեստական խոչընդոտները, որոնք կան երկու երկրների առևտրի միջև՝ հաղթահարելով որոնք Հայաստանն ու Բելառուսը կրկին կկարողանան զգալիորեն ավելացնել առևտրաշրջանառությունը։ «Մեզ անհրաժեշտ է տնտեսական փոխգործակցության նոր ձևեր փնտրել, այդ թվում՝ համատեղ արդյունաբերական, ենթակառուցվածքային նախագծերի իրականացմամբ՝ ընդգրկելով ներդրումներ և ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ։ Բելառուսը պատրաստ է հայ գործընկերներին տրամադրել ներդրումների և նոր բիզնես ստեղծելու համար ամենանպաստավոր պայմաններ։

Ներդրումային համագործակցության լավ հեռանկարներ ունեն մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, գյուղատնտեսության, էներգախնայողության, սննդամթերքի արտադրության ոլորտները։ Մենք երկխոսության հույս ունենք ինչպես Հայաստանի, այնպես է սփյուռքի գործարարների հետ։

Մեզ հետաքրքիր է Հայաստանի փորձը ատոմային էներգետիկայի ոլորտում։ Մեր երկիրը կառուցում է իր պատմության մեջ առաջին ատոմային էլեկտրակայանը։ ԱԷԿ-ի անվտանգ շահագործման մասին տեղեկատվության փոխանակումը, էներգաբլոկների կառուցման նոր մոտեցումները մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Հայաստանն ունի այս առումով լուրջ փորձ, և մենք հույս ունենք, որ լավ հայ մասնագետներ կգործուղեք՝ սկզբնական շրջանում մեզ օգնելու համար։ Այդ նպատակով այցի ընթացքում երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել։

Ակտիվորեն զարգանում է նաև երկկողմ հարաբերությունների հումանիտար ուղղությունը։ Դրա վկայությունն է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագրի կնքումը։

Մեզ գոհացնում են ձեռք բերված պայմանավորվածությունները, հանդիպումը ցույց տվեց կառուցողական համագործակցության երկկողմ շահագրգռվածությունը և համատեղ նպատակների իրականացման համար առկա իրական հեռանկարների առկայությունը։ Բանակցությունները հաստատեցին, որ հայ-բելառուսական երկխոսության խորացման ու զարգացման համար կա ամուր հիմք՝ երկու երկրների փոխադարձ վստահությունը բոլոր մակարդակներում՝ սկսած նախագահներից մինչև երկու ժողովուրդներ»,-նշել է Բելառուսի նախագահը։
 

← Վերադառնալ