13
05, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի համատեղ մամուլի ասուլիսը

 Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ


Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,


Կրկին ողջունում եմ Ֆրանսիայի Նախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ պարոն Օլանդի անդրանիկ պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս երկու օրերի ընթացքում փոխըմբռնման ջերմ մթնոլորտում Նախագահ Օլանդի հետ կառուցողական քննարկումներ ունեցանք, ինչը հատուկ է մեր յուրաքանչյուր հանդիպմանը՝ լինի դա Երևանում, Փարիզում, թե երրորդ երկրում: Հանգամանորեն անդրադարձանք հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարխսված հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարևոր մի հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Դինամիկ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, Հայաստանի և Ֆրանսիայի՝ շուրջ 35 շրջանների և քաղաքների միջև սերտ գործընկերություն, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական հագեցած օրակարգ, Ֆրանսիայի կողմից արդյունավետ կերպով իրականացվող աջակցության ծրագրեր, ինչպես նաև 35 իրավական փաստաթուղթ ներառող իրավապայմանագրային դաշտ, որն այս այցի ընթացքում համալրվում է ևս յոթով՝ միտված երկկողմ գործընկերության ընդլայնմանը և ամրապնդմանը. ահա այս տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունքը: Վերահաստատեցինք առկա ձեռքբերումները նորերով լրացնելու մեր երկուստեք հանձնառությունը:

Նախագահ Օլանդի հետ երեկ մասնակցելով գործարար համաժողովի բացմանը` շեշտադրեցինք մեր համագործակցության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Ողջունեցինք Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Մեզ համար պատիվ է, որ այս ցանկը համալրվում է ֆրանսիական մեկ այլ աշխարհահռչակ ընկերության՝ «Քարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքով հայաստանյան շուկա:

Անդրադարձանք մեր ժողովուրդների մշակութային կապերին, որոնք առանցքային են հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նշեցի, որ հայերը սիրում են Ֆրանսիան, ֆրանսիական մշակույթն ու լեզուն: Ուստի պատահական չէ, որ Հայաստանում առկա է ֆրանսերեն լեզվով կրթական ողջ ցիկլը՝ դպրոցից մինչև համալսարան, և գիտակցված ու չափազանց արդյունավետ է մեր ներգրավումը Ֆրանկոֆոնիայի միջազգային շարժման մեջ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ մեկ անգամ ևս բարձր գնահատեցի Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում:

Մտքեր փոխանակեցինք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի, այդ թվում` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ։

Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Հայտնեցի Հայաստանի վճռականությունը` զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով՝ հենց այն հենքի վրա, որը համատեղ աշխատանքի շնորհիվ կառուցել ենք վերջին տարիներին: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման գործում։

Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային ոչ միայն Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու ու դատապարտելու, այլ նաև ժխտողական քաղաքականության դեմ իրավական մեխանիզմներով պայքարելու հանձնառության համար: Այս հարցն առավել քան արդիական է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ժխտողականությունը համաեվրոպական դաշտ տեղափոխելու և դա խոսքի ազատության լոզունգներով խեղելու Թուրքիայի ջանադիր փորձերի համատեքստում: Մենք պետք է զգոն և աչալուրջ լինենք, քանի որ անպատժելիությունն ամենաթողություն է ծնում, մանավանդ որ ժամանակակից աշխարհը նույնպես զերծ չէ մարդկության դեմ կատարվող ամենադաժան հանցագործություններից:

Հարգարժա՛ն պարոն Նախագահ,

Ես մտադիր էի այս այցի ընթացքում Ձեզ հրավիրել Հայաստան՝ 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներին: Կարող եք պատկերացնել, թե որքան բարձր է գնահատվել, երբ Դուք ինքներդ այդ մասին հայտարարեցիք Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված Ձեր ելույթում: Մենք Ձեր այդ քայլն ընդունում ենք՝ որպես ամենախոսուն վկայություն հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Ձեր լիակատար նվիրվածության ու բարեկամության: Շնորհակալ եմ մեկ անգամ ևս, պարո՛ն Նախագահ, Ձեր այդ արարքի համար:

Սիրելի՛ գործընկերներ,

Համոզված եմ, որ Նախագահ Օլանդի այցը մեծ ներուժ կհաղորդի հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսությանն ու բազմակողմ համագործակցությանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները Ֆրանսիայի Նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին ներկա լրագրողների հարցերին

 

 

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների վերաբերյալ ֆրանսիական «Ֆիգարո» թերթի լրագրողի հարցին Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ հայ-ռուսական ջերմ հարաբերությունների հիմքը դարավոր բարեկամությունն է: Գրեթե 250 տարի մենք բարեկամություն ենք անում, մենք շատ երկար ժամանակ ապրել ենք մի պետության մեջ, կապված ենք մշակույթով, կապված ենք տնտեսական հարաբերություններով, և սա է այսօրվա մեր հարաբերությունների հիմքը: Ես կարծում եմ, որ որևէ մեկի համար տարօրինակ չէր Հայաստանի ցանկությունը՝ անդամակցել Մաքսային միությանը, որովհետև, իրոք, տնտեսական փոխկապակցվածությունն այսօր շատ բարձր մակարդակի վրա է: Բացի դրանից, մենք ունենք Ռուսաստանի հետ երկկողմ բարեկամության պայմանագիր, մենք գտնվում ենք անվտանգության միևնույն համակարգում, և գումարած դրան՝ Մաքսային միությունը որոշակի առավելություններ է տալիս անդամ երկրներին, օրինակ՝ հնարավորություն է տալիս Հայաստան ներկրելու մրցունակ գներով էներգակիրներ, ինչը հնարավորություն է տալիս մեր սահմանափակ հնարավորությունների պայմաններում ունենալ մրցունակ ապրանքներ: Սա՛ է մեր որոշման շարժառիթը, սա՛ է մեր որոշման ելակետը: Բայց անդամակցելով Մաքսային միությանը՝ չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք կամ ի սպառ վերացնում ենք Եվրամիության հետ մեր հարաբերությունները, ընդհակառակը, պարոն Օլանդի հետ հենց այդ մասին էինք խոսում, որ շատ ցանկալի կլիներ, որպեսզի ասոցացման առանձնակի առաջարկություն լինի Հայաստանի Հանրապետության համար: Այնպես որ, մենք շարունակելու ենք Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը, որովհետև այդ հարաբերությունները ոչ միայն հնարավորություն են մեզ համար՝ վերադառնալու մեր արմատներին, այլ նաև արագ բարեփոխումներ իրականացնելու մեր երկրում: Շնորհակալ եմ:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակցի այն հարցին, թե վերջին շրջանում Արևելքի և Արևմուտքի միջև հակասությունների խորացմանը զուգընթաց տեսակետներ են շրջանառվում, որ այդ հակասությունները կարող են բացասաբար ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև մինչև այժմ առկա համագործակցության, ինչպես նաև միասնական դիրքորոշումներ ձևավորվելու ավանդույթի վրա, արդյունքում՝ հանգեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց դիրքորոշումների վերանայմանը կամ փոփոխությանը: Ըստ ՀՀ Նախագահի, արդյո՞ք իսկապես կա այդպիսի հնարավորություն, և ինչպե՞ս Նախագահը կմեկնաբանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 20-ամյակի առիթով և դրանից առաջ ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահի հայտարարությունը, Սերժ Սարգսյանն ասել է.

«Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, որ բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթության մեջ, ուստի նաև տարբեր են հակամարտությունների լուծման մոտեցումները: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, ունի իր պատմությունը, յուրաքանչյուր հակամարտության լուծման համար կան նախադրյալներ: Եվ միջազգային իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ իր ընկալումները և պրոբլեմի լուծման ճանապարհները պայմանավորում է հենց այդ նախադրյալներով: Մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների ղեկավարները, ներկայացուցիչները թե՛ գրավոր և թե՛ բանավոր խոսել են իրենց միասնական կարծիքի մասին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող` ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Ինքնորոշման իրավունքի իրականացման այս սկզբունքն այլընտրանք չունի, կրկնում եմ, և այս մասին բազմաթիվ անգամ հայտարարել են Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները, արտգործնախարարները և նրանց ներկայացուցիչները Մինսկի խմբում: Վերջին այսպիսի մոտեցումը հանրությանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը, ով որևէ նոր բան չասաց: Նա հիմնականում ասաց այն, ինչ ասել էր իր Նախագահը տարբեր առիթներով: Նույն մոտեցումը կար նաև համանախագահների հայտարարության մեջ՝ նվիրված հրադադարի 20-ամյակին: Որքան էլ փորձի Ադրբեջանի ղեկավարությունն այդ մոտեցումները, սկզբունքները յուրովի մեկնաբանել, միևնույն է՝ ոչինչ չի ստացվելու: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ ես չեմ կիսում այն մոտեցումը, այն հայտարարությունը, իբր, տարբեր երկրներ մշտապես ցուցաբերում են երկակի ստանդարտներ: Ո՛չ, երկակի ստանդարտներ չեն դրանք, այլ, ինչպես ասացի, այդ մոտեցումները բխում են հենց այդ կոնֆլիկտների պատմությունից, այդ կոնֆլիկտների ծագումնաբանությունից և նախադրյալներից: Որևէ փոփոխություն ես չեմ տեսնում` նույնիսկ ամենակոշտ հակամարտության պայմաններում»:

***

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

Մեծարգո պարո՛ն Նախագահ,

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նախագահ Սարգսյանին՝ ջերմ ընդունելության համար, ինչպես նաև ինձ ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված խորհրդարանականներին, ձեռնարկությունների ղեկավարներին և մշակույթի ոլորտի գործիչներին:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները խարսխված են պատմական, մարդկային, մշակութային առնչությունների վրա:

Մեր հարաբերությունները պետք է զարգանան նաև տնտեսական ուղղությամբ:

Պատմության բերումով Ֆրանսիայում առկա է մեծաթիվ հայ համայնք, որն իր 500.000 անդամներով` մեր հայրենակիցներով, հանդիսանում է աշխարհում ամենախոշոր համայնքներից մեկը: Ֆրանսահայերը, լիովին ինտեգրված լինելով մեր երկրի հասարակությանը, իրենց լիարժեք ֆրանսիացի են համարում, միաժամանակ զգացական մեծ կապ պահպանելով Հայաստանի հետ:

Այս այցը, համոզված եմ, նրանց համար շատ կարևոր է:

Ֆրանսիան և Հայաստանը կապված են մարդկային կապերով, առկա է համագործակցության լայն դաշտ, որը զարգացրել ենք տարիներ ի վեր:

Հաշվի առնելով, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է` մեր համագործակցությունն ակտիվ է ֆրանսերեն լեզվի, կրթության ոլորտում, քանի որ Հայաստանում ֆրանսերեն են սովորում մանկապարտեզից մինչև համալսարանը ներառյալ:

Առաջիկայում Հայաստանում կգործի նաև ֆրանսիական լիցեյը: Այդ համատեքստում ողջունում եմ կրթական ոլորտի ներկայացուցիչներին, որոնք նվիրումով են իրականացնում Հայաստանում ֆրանսերենի ուսուցման առաքելությունը:

Հայաստանում գործում է Ֆրանսիական համալսարանը, որը Լիոնի համալսարանի հետ համագործակցությամբ բարձրակարգ կրթություն է ապահովում հայաստանցի ուսանողների համար` վերջիններիս հնարավորություն ընձեռելով ֆրանսիական կրթություն ստանալ Հայաստանում և հաջող աշխատանքային ուղի, կարիերա ունենալ իրենց հայրենիքում:

Բազմաթիվ հայ ուսանողներ իրենց համալսարանական կրթությունը շարունակելու համար սովորում են նաև Ֆրանսիայում:

Երևան իմ այցի նպատակը` հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խորացումն է: Երեկ տեղի ունեցավ հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի բացումը, որը շարունակվում է նաև այսօր: Այն կոչված է` աճ արձանագրել հայ-ֆրանսիական առևտրաշրջանառության ծավալներում` միաժամանակ խթանելով ներդրումները մեր երկու երկրների միջև:

Այսօր ստորագրեցինք մի շարք համաձայնագրեր, միաժամանակ գիտակցում ենք, որ դրանք լիովին չեն արտացոլում այն, ինչ կարող ենք անել Հայաստանի զարգացման համար:

Յուրաքանչյուրը գիտի, թե ինչպիսի առանձնահատուկ պայմաններում է գտնվում Հայաստանը: Խոսքը չկարգավորված հակամարտությունների պատճառով առկա լարվածության մասին է, փակ սահմանների, որոնք խոչընդոտում են առևտրային կապերի զարգացումը: Ուրեմն անհրաժեշտ է շահագրգռել ներդրողներին Հայաստան գալու համար, մյուս կողմից պետք է կարգավորենք քաղաքական հարցերը, որոնք երկար ժամանակ է`խանգարում են Հայաստանի զարգացմանը:

Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին, երեկ ես Ադրբեջանում էի, այսօր Հայաստանում եմ. Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հիշեցրել է իր պատրաստակամության մասին` ամեն ինչ անել այս հակամարտությանը վերջ դնելու համար:

Անշուշտ, զինադադարը գործում է: Երեկ զինադադարի հաստատման 20-ամյակն էր, սակայն այն իրականում հակամարտության ավարտ չի նշանակում, ընդհակառակը, այն ձգձգում է առկա իրավիճակը:

Իհարկե, ներկայիս վիճակը թույլ է տալիս զերծ մնալ ողբերգություններից, որոնք կարող են մարդկային հազարավոր կյանքեր խլել, այնուամենայնիվ, այսպիսի դրությունը շահեկան չի կարող լինել:

Ես հայտնել եմ Նախագահ Սարգսյանին, թե Ֆրանսիան որքան է կարևորում այս հիմնահարցի կարգավորմանը մեր մասնակցությունը, և այդ առումով լիովին պատրաստ եմ Ֆրանսիայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` վստահության նշաններ ցույց տալու համար, որոնք հնարավորություն կընձեռեն առաջ ընթանալ դեպի հիմնախնդրի կարգավորումը:

Հաստատել եմ նաև, որ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին Եվրոպական միության հետ իր հարաբերություններում` ի նպաստ Հայաստանի ասոցացման, որը Հայաստանն ակնկալում է և լիահույս է այդ հարցում:

Եվրոպայի մասնակցությունը Հայաստանում իրագործվող ծրագրերին թույլ կտա Ձեր երկրին չհրաժարվել Մաքսային միությանն առաջարկված անդամակցությունից:

Մենք պետք է Հայաստանի պարագայում այս հարցին յուրահատուկ մոտեցում գտնենք, որպեսզի Ձեր երկիրը կարողանա օգտվել իր զարգացմանը նպաստող բոլոր հնարավորություններից:

Մենք աջակցել ենք Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալու հարցում: Հայաստանը պետք է կարողանա մասնակցել միջազգային ծրագրերին, ինչը թույլ կտա նրան դիտարկել որպես գործընկեր բոլորիս համար:

Ես ընդունել եմ 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավերը: Կարիք չունեցա այդ մասին այստեղ հայտարարել, քանի որ դա արդեն արել էի Փարիզում:

Ո՞րն է Ֆրանսիայի` ամենաբարձր մակարդակով Ցեղասպանության, այս ողբերգության 100-ամյա տարելիցին մասնակցելու նպատակը:

Այն լինելու է հաշտեցման, համախմբման, խաղաղության, նաև համերաշխության ուղերձ այն ժողովրդի հանդեպ, որը շատ տանջանքներ է կրել: Դա լինելու է Ցեղասպանության ճանաչման պահանջ: Այն լինելու է նաև ուղերձ` համայն աշխարհին, որպեսզի չկրկնվեն կոտորածները, ողբերգությունները, Ցեղասպանությունները:

Այս քայլը բխում է մեր և, մասնավորապես, Ֆրանսիայի պատասխանատվությունից: Դուք գիտեք, թե որքան հանձնառու է Ֆրանսիան Աֆրիկայի տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ: Մենք հանձնառու ենք ոչ նրա համար, որ մեր դիրքորոշումներն առաջ տանենք կամ պահպանենք Ֆրանսիայի ազդեցության շրջանակը, այլ միմիայն նրա համար, որ խուսափենք կոտորածներից՝ մարդկային կյանքեր փրկելու համար:

Վերջին օրերի ընթացքում քայլեր էի ձեռնարկում Փարիզում շաբաթ օրը համախմբելու այն երկրների ղեկավարներին, որոնք ամենաշատն են տուժում Նիգերիայում տեղի ունեցող իրավիճակից: Մենք չենք կարող ընդունել, որ 21-րդ դարում աղջիկները դեռևս ապրում են ստրուկների կարգավիճակով: Ահա ինչով է պայմանավորված մեր ներկայությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակման արարողությանը:

Ցանկանում եմ խոսքս եզրափակել` հիշեցնելով այս տարածաշրջանում` Հարավային Կովկասում, Ֆրանսիայի պատասխանատվության մասին:

Ֆրանսիան հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի հետ: Մենք պետք է այդ երկրներին տանք ոչ այն, ինչ ակնկալում են մեզնից, այսինքն` նրանց խնդիրների և կարիքների հանդեպ չարձագանքենք հանգամանքների բերումով, այլ նրանց տանք Ֆրանսիայի աջակցությունն ու համերաշխությունը:

Հայաստանի պարագայում սա առավել քան ճշմարտացի է, որովհետև Ձեր երկիրը մյուսներից առավել նվիրված է իր անկախությանը, մշակույթին, պատմությանը: Ֆրանսիան Հայաստանի կողքին է:

***

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի պատասխանները Հայաստանի Նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին ներկա լրագրողների հարցերին

 


Պատասխանելով «Ֆիգարո» թերթի հարցին, թե՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի Նախագահը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնի միացումը, արդյո՞ք պարոն Օլանդն այս հարցում մտահոգված չէ Ռուսաստանին Հայաստանի սատարման քաղաքականությունից, Ֆրանսիայի Նախագահն ասել է. «Ֆրանսիան կարևորում է միջազգային իրավունքի մեկ սկզբունք, որը գործում է ամենուր, բոլոր իրավիճակներում, այն է` հարգանքը տարածքային ամբողջականության հանդեպ: Դրանով առաջնորդվելով` Ղրիմի առնչությամբ մեր որդեգրած դիրքորոշմանը ծանոթ է յուրաքանչյուրը: Ինչ վերաբերում է Հայաստանի իրավիճակին, յուրաքանչյուրը կարող է պատկերացնել, որ այն առանձնահատուկ է` աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, որոնք էլ հաշվի առնելով` Հայաստանը հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:

Ես չպետք է դատեմ, այլ պետք է հասկանամ այն: Ինչը և արել եմ Հայաստան իրականացվող իմ այցի ընթացքում: Կարևոր է նաև հասկանալ, որ սա կարող է լինել այն պատասխանը, որը Եվրոպան պետք է տա Հայաստանին:

Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանը լիարժեք ասոցացվի Եվրոպական միությանը, որովհետև դրան է ձգտում Հայաստանը, որովհետև դրանք են Հայաստանի արժեքները, շահագրգռվածությունը: Միաժամանակ, ես չեմ կարող ստիպել Հայաստանին խզել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ` հաշվի առնելով Մաքսային միության շրջանակը:

Դա է պատճառը, որ ես սատարում եմ Հայաստանին` ունենալու բացառիկ, եզակի իրավիճակ մի ձևաչափի շրջանակում, որը թույլ կտա Հայաստանին մնալ այնպիսին, ինչպիսինն է լինել մի գործընթացում, որը նրան կտանի Եվրոպական միության հետ մերձեցման` առանց խզելու այլ հարաբերությունները»:

Ֆրանսիայի Նախագահը պատասխանել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության թղթակցի հարցին՝ կապված ս.թ. ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետի, հետագայում ԱԳ նախարարի հայտարարությունների հետ, ըստ որոնց՝ հիշյալ պաշտոնյաները հանդես եկան բավականին անսպասելի հայտարարությամբ, որը որոշ շրջանակներ դիտարկեցին որպես քայլ առաջ, մինչդեռ Հայաստանում, հաշվի առնելով նախկին փորձը՝ դա չընկալեցին որպես հաշտեցմանն ուղղված անկեղծ կոչ, այլ ընդամենը հերթական փորձ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Թղթակիցը հետաքրքրվել է Ֆրանսիայի Նախագահից, թե չի՞ կարծում արդյոք նա, որ եթե Թուրքիան իսկապես անկեղծ ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա պետք է ընդամենը քաղաքական կամք դրսևորի և վավերացնի արդեն իսկ բանակցված և ստորագրված արձանագրությունները: «Արդեն իսկ արտահայտվել եմ այդ առնչությամբ, երբ վարչապետ Էրդողանը հանդես եկավ Ձեր հիշատակած հայտարարությամբ: Պետք է ասեմ, ես միշտ դրական հատկանիշ եմ տեսնում որոշ ազդակներում: Եվ այդպես էր նաև այս պարագայում: Սա, իհարկե, այն չէ, ինչն էական կհամարեմ, քանի որ պետք է կոտորածները, ջարդերը, որոնք տեղի են ունեցել 1915թ., անվանել իրենց անունով, այն է` Ցեղասպանություն, բայց երբ առաջընթաց կա, ես դա արձանագրում եմ: Այնուամենայնիվ, այն, ինչ պետք է ստանալ՝ Ցեղասպանության ճանաչումն է»,-ասել է Ֆրանսիայի Նախագահը:
 

 

← Վերադառնալ