14
03, 2017

Անվտանգություն և կայուն ժողովրդավարական զարգացում. Նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը «Իզվեստիա»-ում

Նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը «Իզվեստիա» պարբերականում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության մասին:

Հայաստանը երրորդ հանրապետության 25-ամյա հոբելյանական տարում հասել է յուրօրինակ հանգրվանի` պետականաշինության հստակ, արժեքավոր փորձով, իր ձեռքբերումներով և սխալներով, բայց դեպի ապագա նայող վստահ հայացքով: Այդ ճանապարհը չի եղել դյուրին: Չնայած 1988 թվականի երկրաշարժի հետևանքների հաղթահարման դժվարություններին, մեզ պարտադրված պատերազմին, դեպի Հայաստան փախստականների հոսքին, շրջափակմանը, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի խզմանը, էներգետիկ ճգնաժամին և այլ խնդիրներին, Հայաստանը ձեռնարկել է հստակ քայլեր իր անկախ պետականության վերականգնման ուղղությամբ: Ահա հենց այդ ձգտումը միավորել է և միավորում է ամբողջ աշխարհում գրեթե 10 մլն մեր հայրենակիցներին` Հայաստանն անվտանգ, ժողովրդավարական, ծաղկող երկիր տեսնելու ցանկությամբ:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների պայմաններում մենք մեր համակ ուշադրությունն են սևեռել երկրի պաշտպանական կարողությունների վրա:

Զարմանալի չէ, որ առաջին կայացած ինստիտուտներից մեկը մեր բանակն է, որն արդեն երկար ժամանակ տարածաշրջանում համարվում է ամենաուժեղն ու մարտունակը: Եվ այսօր, ձևավորումից 25 տարի անց, Հայաստանի Զինված ուժերը շարունակում են կատարելագործվել, ամրապնդելով օպերատիվ հնարավորությունները, հագեցված լինել ժամանակակից սպառազինությամբ, համալիր կերպով զարգացնել արդյունավետ կառավարման համակարգը` քաղաքացիական ժողովրդավարական վերահսկման և միջազգային ռազմաքաղաքական համագործակցությամբ:

Հայաստանը հետևողականորեն բարձրացնում է և ամրապնդում իր պաշտպանական ունակությունները, այդ թվում, իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում: Մեր կողմից ստեղծվել է Միացյալ զորամիավորում, ձևավորվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նշանակալի իրադարձություն եղավ 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այցելությունը Գյումրում տեղակայված 102-րդ ռազմաբազա, որտեղ դիտարկվել է ռազմաբազայի ռազմատեխնիկական արդիականացմանը և ծառայության արդյունավետության բարձրացմանը վերաբերող խնդիրներ: Դրանց լուծման համար նպատակահարմար է, որ հայկական և ռուսական կողմերի միջև ծավալվեն շահագրգիռ քննարկումներ՝ Գյումրիում ռազմաարդյունաբերական համատեղ համալիրի ստեղծման նախագծի շուրջ:

Դրա հետ մեկտեղ, բազմապրոֆիլ համալիրի ծավալը պետք է դիտարկել այսպես, որ այն 102-րդ ռազմաբազայի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռ, կարող է դառնալ Ռուսաստանի և Հայաստանի սահմանակից պետությունների ռազմատեխնիկական համագործակցության հաստատման հարթակ՝ սպառազինությունների՝ ՌԴ-ի համար ավանդական շուկաներ ելքի հնարավորությամբ: Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը կլինի գործոն՝ քաղաքում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման համար:

Այս ամենն ուղղված է բացառապես անվտանգության ապահովման երաշխավորմանը և երկրի հստակ ժողովրդավարական զարգացմանը` ելնելով խաղաղության և կայունության ապահովումից մեր պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ առկա են չլուծված զինված կոնֆլիկտներ:

Լինելով ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, շարունակում է հետևողական և կառուցողական ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու համար:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան 2016 թվականի ապրիլին հասցրեց նշանակալի վնաս կոնֆլիկտի բանակցային գործընթացին և այն ջանքերին, որոնք ուղղված էին կողմերի միջև վստահության վերականգնմանը:

2017 թվականի փետրվարի 24-25-ը շփման գծի երկայնքով իրավիճակի սրումը, հերթական անգամ ցույց է տվել, որ հրադադարի ռեժիմը խախտողին բացահայտելու հարցը շարունակում է խնդրահարույց մնալ, և ընդգծել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման մասին 2016 թվականին Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնության արդիականությունը և դրա հրատապ իրագործումը` ուղղված կրակի դադարեցմանը: Ի տարբերություն մյուս կոնֆլիկտների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կոնսենսուսի շարունակականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, թույլ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դիտարկել որպես արդյունավետ հարթակ այս երկրների միջև կառուցողական երկխոսության համար:

Բաքվում պետք է, վերջապես հասկանան, որ Հայաստանը և համանախագահ երկրները խոսում են նույն լեզվով: Քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա: Պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ և միայն երկխոսության ու ոչ թե վերջնագրերի լեզվով հնարավոր կլինի հասնել խաղաղության: Մենք ելնում ենք նրանից, որ ազգերի` սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը համարվում է ժամանակակից աշխարհի անբաժան մասը:
Եվ միայն այս հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի: Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել միջազգային փորձագիտական հանրության գնահատականներին, որոնք կարծում են, որ Արցախում հետևողականորեն ժողովրդավարական պետական կառուցվածք է հաստատվում: 1991թ. սկսած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվում մրցակցային պայմաններում, իսկ 1998թ. ընտրությունների միջոցով ձևավորվել են տեղական ինքնակառավարման մարմինները: Միջազգային դիտորդների գնահատականներով` որպես քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընտրություններն անցնում են հանրապետության ընտրական օրենսգրքին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: 2006թ. հանրաքվեի միջոցով ընդունված սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետականաշինության գործընթացին համակարգային բնույթ տվեց: Ներկա պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերջերս կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում վերանվանվել է Արցախի Հանրապետություն, իր քաղաքական մշակույթով և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մակարդակով հանդիսանում է կայունության և անվտանգության գործոն ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ տարածաշրջանում:

Չնայած ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելուն և դրա հետ կապված օբյեկտիվ դժվարություններին, միջազգային տնտեսական կոնյունկտուրայի ոչ բարվոք վիճակին, մեզ հաջողվել է երկրի զարգացման համար ստեղծել կայուն մակրոտնտեսական համապատասխան պայմաններ: Այս ամենը բարձր են գնահատում նաև մեր գործընկերները: Հայաստանը միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից ճանաչվել է բիզնեսի համար ամենաազատական երկրներից մեկը: Մենք առաջնահերթ խնդիրներից մեկն ենք համարում երկրում աշխատանքային և ներդրումային միջավայրի բարելավումը: Հայաստանի ներդրումային առավելություններից մեկն այն է, որ մենք շատ երկրների հետ ունենք առևտրի արտոնյալ ռեժիմներ, ազատ առևտրի համաձայնագրեր՝ գրեթե բոլոր ԱՊՀ երկրների հետ: Հայաստանն օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից` GSP համակարգից ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի հետ, համընդհանուր GSP+ համակարգից Եվրոպական Միության երկրների հետ:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորությունները մեծապես ընդլայնվեցին նրա շնորհիվ, որ մեր առջև բացվեց ԵԱՏՄ անդամ երկրների 180 միլիոնանոց շուկան: Միությունը հնարավորություններ է ստեղծում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար: Սա, անկասկած, մեծ առավելություն է: Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը, մեր տնտեսության տարբեր ճյուղերում` արդյունաբերության, տրանսպորտի, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության ոլորտներում գլխավոր ներդրողը Ռուսաստանն է: Այս տարի մենք նշում ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 20-ամյակը: Սակայն մենք մտադիր չենք ձեռքբերածով բավարարվել: Մեր համագործակցության ներուժը, անկասկած, շատ ավելի բարձր է: Հենց սա է մոտիվացնում մեր երկրների կառավարություններին` փոխշահավետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար ներդրումային նոր հնարավորություններ որոնելու հարցում:

Հայաստանը 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո կանգնած է ֆունդամենտալ քաղաքական բարեփոխումների առջև, որոնք միտված են լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի ձևավորմանը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, բաց քաղաքացիական հասարակության զարգացումը, թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններն: Հայաստանի ղեկավարության առջև կանգնած գլխավոր խնդիրներն են անվտանգության ապահովումը և կայուն ժողովրդավարական զարգացման համար պայմաններ ստեղծելը:
 

← Վերադառնալ