ՀՀ նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Նախագահ Սերժ Սարգսյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի համատեղ մամուլի ասուլիսը

12.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ հանդիպումից հետո

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեկ անգամ ևս ողջունում եմ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Երևանում: Սա Ձեր անդրանիկ այցն է Հայաստանի Հանրապետություն և այն, անշուշտ, առանցքային նշանակություն կունենա երկկողմ միջպետական հարաբերություններում` նոր լիցք հաղորդելով ամուր պատմամշակութային կապերի վրա խարսխված մեր համագործակցությանը:

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ նախագահ Ռադևի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ, անդրադարձանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային մի շարք հարցերի։ Վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-բուլղարական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ:

Այդ հանձնառության վկայություններն են նաև քիչ առաջ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ստորագրված փաստաթղթերը, որ համալրելու են մեր երկրների միջև ավելի քան 50 համաձայնագիր ներառող հարուստ իրավապայմանագրային դաշտը։
Անշուշտ, շնորհավորեցի իմ հարգարժան գործընկերոջը Եվրոպական միության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, ուստի սա ևս մի ուղղություն է, որտեղ հայ-բուլղարական փոխգործակցությունը խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Հույս հայտնեցի, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը, ի թիվս այլ հարցերի, առաջընթաց կարձանագրի նաև Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։
Բարձր գնահատեցինք մեր երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում, որը նկատելիորեն դրսևորվում է մասնավորապես ՄԱԿ-ի կառույցներում միմյանց ցուցաբերվող աջակցությամբ։ Շահագրգռված ենք նույն ոգով շարունակելու խորացնել մեր բազմակողմ համագործակցությունը։

Իհարկե, քննարկեցինք տնտեսական ոլորտի հարցերը. գոհունակությամբ փաստեցինք, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել: Միաժամանակ, ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, շատ տարբեր ոլորտներում և, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Գոհունակությամբ արձանագրեցինք նաև բուլղար գործարարների հետաքրքրության աճը Հայաստանում ընդլայնելու տնտեսական հնարավորությունները․ խոսքս թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության, Հայաստան-ԵՄ համագործակցության նոր դաշտի մասին է, թե՛ երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող հնարավորությունների:
Երկուստեք նշեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների խրախուսման կարևորությունը: Հայ և բուլղար ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունը սնելն ու ամրապնդելը մեր բարոյական պարտքն եմ համարում: Ի դեպ, պարոն Ռադև, շատ ուրախ եմ, որ ցանկություն եք հայտնել այցելելու «Թումո» ստեղծարարական կենտրոն։ Լիահույս եմ, որ այցը տպավորիչ կանցնի՝ ծնելով համագործակցության նոր գաղափարներ։

Անշուշտ, անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին. այդ կապակցությամբ ես նշեցի, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր գործընկերների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող գործընթացին, ինչը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։ Կարևորում ենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ամրագրում է ԵՄ լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը և նրանց կողմից առաջարկվող կարգավորման սկզբունքներին։
Պարոն Նախագահ, մեր հանդիպումը, իհարկե, ես գնահատում եմ արդյունավետ: Մենք հնարավորություն ենք ունենալու օրվա ընթացքում, ինչպես նաև վաղը նորից խոսելու մեր հարաբերությունների զարգացման մասին և, իհարկե, հույս եմ հայտնում, որ հայ-բուլղարական քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը, արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ, ավելի կընդլայնվեն և կզարգանան: Ես նաև վերահաստատեցի իմ հրավերը պարոն նախագահին՝ աշնանը մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, և իհարկե, մեծ հաճույքով ընդունեցի պարոն նախագահի հրավերը՝ այցելելու բարեկամ Բուլղարիա:

***

Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո

Հարգելի՛ պարոն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ ուզում եմ մեր պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել ձեր հրաշալի երկիրն այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար: Ուզում եմ ընդգծել, որ մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունները պարզապես ավանդական լավ չեն, այլ նախ և առաջ բարեկամական են, որովհետև մեր երկու ժողովուրդների միջև կան խորը պատմական և մշակութային կապեր, համակրանք և փոխադարձ հարգանք, ինչպես նաև ճակատագրի ընդհանրություններ:

Իմ այցի նպատակը ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի վրա գտնվող մեր շփումների ակտիվացումն է, այլ նաև քննարկելը շահագրգիռ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը: Մեզ համար կարևոր է, որ մի շարք ոլորտներում մենք որոշակի առաջընթաց ունենանք: Դրա համար մեր պատվիրակության մեջ կան շատ ներկայացուցիչներ, ինչպես գործարար համայնքից, այնպես էլ խորհրդարանից:

Մեր ժողովուրդները մեզնից ակնկալում են ավելի սերտ և արդյունավետ համագործակցություն: Մենք դա իրենց պարտական ենք և դրա համար այսօր այստեղ ենք, որպեսզի զարգացնենք փոխգործակցությունը:
Նախագահ Սարգսյանի հետ միասին քննարկեցինք մեր երկկողմ փոխհարաբերությունները, գոհունակություն հայտնեցինք վերջին տասը տարում մեր տնտեսական հարաբերությունների կայունությունից, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ ապրանքաշրջանառությունը բավարար չէ: Մենք կարող ենք ավելի բարձր մակարդակի հասցնել այն և առավել ընդլայնել ոլորտները: Գոհունակությամբ ուզում եմ ասել, որ այսօր առավոտից իսկ սկսեցինք աշխատել. փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներն ու գործատուներն արդեն աշխատում են միմյանց հետ, և որքան ինձ հայտնի է՝ պայմանավորվածություն են ձեռք բերել հունիսին Բուրգաս քաղաքում անցկացնելու մեծ գործարար համաժողով, որին ներկա կլինեն մեր երկու երկրների գործարարները: Այդ այցի ժամանակ հուշագիր կստորագրվի երկու երկրների գործատու կազմակերպությունների միջև, որը մեծ առաջընթաց է:

Հայաստանի Նախագահի հետ միասին մենք ընդհանուր դիրքորոշում ունեցանք, որ մեր երկրները ռազմավարական նշանակություն ունեն, ուստի մենք պետք է արդյունավետորեն օգտագործենք մեր այդ նշանակությունը՝ օգտագործենք Պարսիծ ծոց-Սև ծով ուղղությամբ բազմամոդել միջանցքի առկայությունը մեր փոխհարաբերությունների զարգացման գործում: Այդ կապակցությամբ ողջունում եմ պարոն Սարգսյանի գաղափարը՝ կազմակերպելու այս հարցում շահագրգիռ բոլոր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում: Այսինքն՝ բոլոր այն հաղորդակցության հնարավորությունները, որ ունենք տրասնպորտային և այլ ոլորտներում, պետք է օգտագործել զարգացնելու համար մեր տնտեսական փոխհարաբերությունները: Շատ կարևոր եմ համարում համաձայնագրերի ստորագրումը, հատկապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստորագրված աշխատանքային միգրացիայի վերաբերյալ համաձայնագիրը: Մնացած համաձայնագրերը նույնպես շատ կարևոր են, ինչը նշանակում է մեր փոխհարաբերությունների նոր մակարդակ, արդիականացում: Մշակույթի ասպարեզում և նաև գաղտնի տեղեկությունների հարցում ստորագրված փաստաթղթերը ևս շատ կարևոր են:

Մենք ողջունում ենք ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որովհետև դա մեծ հնարավորություն է տալիս, որ մեր երկու պետությունների տնտեսությունների միջև ավելի զարգանան տնտեսական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը:

Մենք խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, որը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Ես ուզում եմ ընդգծել, որ Բուլղարիան հայտարարեց իր ամենակարևոր գերակայություններից մեկը՝ դա Արևմտյան Բալկանների հարցն է մեր նախագահության ընթացքում: Բայց Բուլղարիան հանձնառու է Արևելյան գործընկերության ծրագրի կատարման, ինչպես նաև սևծովյան տարածաշրջանի և Կովկասի զարգացման գործում:

Ուզում եմ նշել, որ մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք նաև կրթության և մշակույթի ասպարեզում: Այն, ինչ մենք այսօր Ձեզ հետ քննարկեցինք, պարո՛ն Նախագահ, նոր լիցք կհաղորդեն այդ փոխհարաբերություններին:

Եվ վերջում ուզում եմ հիշեցնել, որ հայկական համայնքը Բուլղարիայում ոչ միայն պահպանել է իր ազգային ինքնությունը, այլև բավականին լավ և արդյունավետ կերպով ինտեգրված է Բուլղարիայի հանրությանը, ներկայացված է մշակութային և գիտական կյանքում: Դա կենդանի կամուրջ է մեր երկու պետությունների միջև, որը մենք պետք է ամրացնենք: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ջերմ ընդունելության համար և խորապես հավատում եմ, որ այս այցը նոր խթան կհանդիսանա մեր երկկողմ հարաբերությունների համար և կլինի փոխշահավետ:

Շնորհակալություն:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին` համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Բուլղարական ազգային ռադիո, Միրոսլավա Շտեֆանովա- Պարոն Ռադև, որո՞նք են այն հնարավոր ոլորտները, որտեղ Բուլղարիան և Հայաստանը կարող են խորացնել իրենց փոխհարաբերությունները, որպեսզի դա անդրադառնա ապրանքաշրջանառության աճի, տնտեսական փոխհարաբերությունների զարգացման վրա և, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն ունենա տնտեսության վրա:

Նախագահ Ռումեն Ռադև- Առաջին հերթին ասեմ, որ դա մեր հաղորդակցությունն է: Մենք պետք է այնպես զարգացնենք մեր տրանսպորտային կապերը, որ հնարավորություն տանք և՛ գործարարներին, և՛ զբոսաշրջությանը, և՛ քաղաքացիներին միմյանց հետ շփվելու շատ լավ և ինտենսիվ: Դրա համար ցանկացած հաղորդակցությանը՝ լինի դա տրասնպորտային, էներգետիկ, պարոն Սարգսյանի հետ միասին մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս: Այս իսկ պատճառով մեծ նշանակություն ենք տալիս Պարսից ծոց-Սև ծով միջանցքին: Ամենամեծ խնդիրը ուղիղ չվերթների պակասն է, բայց մենք, ինչպես գիտեք, պետական ազգային ավիափոխադրող չունենք և դրա համար ուղղակի հույս պետք է ունենանք, որ բարենպաստ պայմաններ կստեղծվեն մասնավոր ավիաընկերությունների համար, որպեսզի ուղիղ չվերթներ բացվեն: Շատ կարևոր է մեր համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, որովհետև տարածաշրջանի կայունությունը տնտեսական զարգացման հնարավորություն կտա, որից և՛ Հայաստանը, և՛ Բուլղարիան շատ մեծ օգուտ կունենան: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, միաժամանակ ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որից Բուլղարիան ևս կարող է շատ մեծ տնտեսական օգուտներ քաղել:

Ավանդաբար շատ կարևոր է համագործակցության զարգացումը մշակույթի, ինչպես նաև կրթության ոլորտներում:

Հավելեմ, որ պարոն Սարգսյանի հետ մենք խոսեցինք նաև անվտանգության ասպարեզում մեր համագործակցության մասին, որը շատ կարևոր է, քանի որ Հայաստանը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ակտիվ մասնակից է՝ մասնակցում է զորավարժություններին: Մենք կարող ենք փոխադարձաբար օգտակար լինել՝ հայկական կողմը կարող է ներկա լինել բուլղարական կողմի զորավարժությանը, ինչպես նաև դա կարող է լինել փոխադարձ:

Մայա Խաչատրյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն- Հարցս ուղղում եմ և՛ Հայաստանի, և՛ Բուլղարիայի նախագահներին:
Պարո՛ն Նախագահ, որոշ փորձագետներ Ադրբեջանի նախագահական ընտրությունների տեղափոխումը ապրիլ ամիս կապում են այդ երկրի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացի կամ այն արագացնելու ցանկության հետ: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այս որոշման դրդապատճառները:
Եվ եթե կարելի է, պարո՛ն Ռադև, հաջորդ հարց ուղղում եմ Ձեզ՝ ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են աղավաղվում ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ տարբեր երկրների, այդ թվում՝ Բուլղարիայի մոտեցումները: Կներկայացնե՞ք ձեր երկրի դիրքորոշումը այս հարցի առնչությամբ: Արդյո՞ք այն համընկնում է ԵՄ-ի դիրքորոշման հետ: Շնորհակալություն:

Նախագահ Սերժ Սարգսյան- Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին, կարծում եմ, որ տեղյակ են այդ երկրի ղեկավարը և մի քանի անհատներ, և դա մեր մեկնաբանելու խնդիրը չէ: Բայց այն տեսակետը, որ Դուք ակնարկեցիք, չեմ կարծում, որ իրական է, որովհետև չեմ հավատում, որ հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում՝ նախորդ տարիներին Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին: Անկախ նրանից Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք կլինեն արտահերթ, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների առումով: Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ և զառանցել Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել:

Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել և հասնել խնդրի լուծմանը: Բայց, ցավոք, մեր ասածները դեռևս մնում են ցանկություններ:

Ինչ վերաբերում է Բուլղարիայի Հանրապետության դիրքորոշմանն այս խնդրում, ես պարոն նախագահ Ռադևին շնորհակալություն եմ հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է ԵՄ դիրքորոշմանը և միշտ կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը, ինրը ընդհանուր քաղաքականության շրջանակներում է: Ես հասկանում եմ, թե ինչու է Ձեզ մոտ այսպիսի հարց առաջացել և կարծում եմ՝ պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը, իբր, շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, բայց ես գիտակցում եմ, որ դա պրովոկացիա է: Իրականության մեջ դա պրովոկացիա է, իսկ մենք սադրանքների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին և գիտենք նրանց իրական դիրքորոշումը: Ես շատ լավ հասկանում եմ նաև այն հանգամանքը, թե ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում էր ընդամենը մեկ սկզբունքի մասին: Դրանք ժամանակավոր երևույթներ են և պետության դիրքորոշման մասին չեն խոսում:
Ցանկացած երկրի որևէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որևէ պաշտոնյայի հետ, բայց մենք պիտի տեսնենք՝ ընդհանրապես այդ երկրի Սահմանադրությամբ, օրենքներով ով իրավունք ունի հայտարարելու, ով ինչպես կարող է մոտենալ խնդրին: Բայց այս հարցով մենք ունենք արդեն շատ մեծ ձեռքբերում. 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթղթում կան շատ հստակ ձևակերպումներ և լուծման տեսլականներ: ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ սա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Շնորհակալ եմ:

Նախագահ Ռումեն Ռադև- Բուլղարիան միշտ շատ հստակ դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին. այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, այսինքն՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օգնությամբ, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ, և որ շատ կարևոր է՝ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակտիվ երկխոսության միջոցով: Մի երկխոսություն, որ կարծում ենք, ավելի քիչ պետք է հենվի զգացմունքների և ավելի շատ՝ խոհեմության վրա: Բուլղարիան՝ որպես ԵՄ խորհրդի նախագահ, կաջակցի, որ այս դիրքորոշումը իրականացվի:
 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: