28
04, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին

album picture
Նա մեկ անգամ եւս շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:

ՀԲԸՄ ղեկավարը վստահություն է հայտնել, որ նորընտիր Նախագահին կհաջողվի Հայաստանը դարձնել հայության երազների երկիրը: Նշելով Միության պատրաստակամությունն` իր ներդրումը բերել այդ գործում, Պերճ Սեդրակյանն ասել է, որ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունն աջակցելու եւ զորավիգ է լինելու Նախագահին ու նրա ազգանվեր ծրագրերին:

Երկրի ղեկավարն ու Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահը խոսել են Հայրենիք- Սփյուք փոխհարաբերությունների մասին, կարեւորել դրանց վերաիմաստավորումն ու կառուցումը փոխըմբռնման, համագործակցության սկզբունքների հիման վրա: Նրանք առաջնային են դիտվել հատկապես հայապահպանության խնդիրը: Պերճ Սեդրակյանի խոսքով, ներկայումս ՀԲԸՄ Հայաստանում ձեռնարկել է ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը հայրենիքի հետ ուժեղացնելն է:

Նշելով, որ Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով, Սերժ Սարգսյանը մեր գլխավոր ռեսուրսը համարել է մարդկային ներուժը, որը մենք պետք է կարողանանք համախմբել եւ առավելագույնս օգտագործել` մրցունակ երկիր լինելու համար:

← Վերադառնալ