01
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 30-ի երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին

album picture
Նախագահը նշել է, որ նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում խոսվել է գիտության վիճակի մասին, սակայն մի բան է պաշտոնական քննարկումը, բոլորովին այլ բան` այսպես մտերմիկ շփումը: Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքն, անշուշտ, որոշակի խորհուրդների կարիք ունի եւ նաեւ` հարցեր ունի: «Գիտության ոլորտում մենք, իրոք, խնդիրներ ունենք եւ պիտք է հասկանանք` ինչպես դրանք հաղթահարենք»,-ընդգծել է նա: Նախագահն ասել է, որ իր համար հետաքրքիր է լսել առկա խնդիրների վերաբեյալ անվանի գիտնականի կարծիքը:

Սերգեյ Համբարձումյանը նախ ողջունել է Հանրապետության նախագահին` իր տուն այցելելու համար: Նա շատ կարեւոր է համարել, որ ակադեմիայի ընդհանուր ժողովին մասնակցելուց հետո երկրի ղեկավարը հարմար է գտել ոչ պաշտոնական պայմաններում եւս հանդիպել ու խոսել ոչ միայն գիտության խնդիրների մասին: Ակադեմիկոսն ասել է, որ իր համար հաճելի է զրուցել Նախագահի հետ, քանի որ նրան ճանաչում է երկար տարիներ եւ այս այցելությունը պատահական չի համարում, որովհետեւ թե պաշտպանության նախարարի, եւ թե վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը միշտ էլ հետաքրքրվել եւ հովանավորել է կրթությանն ու գիտությունը, ինչը շատ կարեւոր է: Սերգեյ Համբարձումյանը սա բնական է համարում, քանի որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հայտնի է իր ավանդույթներով եւ ունեցած մեծ հաջողություններով: Նրա խոսքով, գիտության բազմաթիվ ուղղություններով ԳԱԱ աշխարհում ճանաչված է եւ առաջատար:

Թեյի սեղանի շուրջ Հանրապետության նախագահը եւ ճանաչված գիտնականը խոսել են գիտության, կրթության համակարգի բարեփոխումների մասին: Նրանք համակարծիք են եղել, որ ներկայիս ամենամեծ խնդիրը գիտության, կրթության, եւ ընդհանրապես, մշակույթի վարկը կարողանալ պահպանելն է: «Համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի, գիտելիքի վրա հիմնված հասարակության ձեւավորումն է, հետեւաբար` մենք պետք է կարողանանք ստեղծել արդյունավետ, մրցունակ, ժամանակի պահանջներին համապատասխան գիտական եւ կրթական համակարգ»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկրի զարգացման հեռանկարների, հասարակական կյանքում գիտության, մտավորականի դերի մասին, երկիրն առաջ մղելու գործում կարեւորել են հասարակության համախմբվածությունն ու վստահությունը:

← Վերադառնալ