25
11, 2010

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի Նախագահը և Թուրքմենստանի Մեջլիսի նախագահն ընդգծել են Թուրքմենստանի Մեջլիսում ևս համանման խմբի ստեղծման կարևորությունը:

Մեջլիսում հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սապարմուրատ Թուրքմենբաշու դամբարան և իր հարգանքի տուրքը մատուցել: Նախագահ Սարգսյանը, Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշարձան, ծաղկեպսակ դրել և ծառ տնկել պատվավոր հյուրերի արահետում: Երկրի ղեկավարը եղել է նաև Սապարմուրատ Թուրքմենբաշու անվան ազգային մշակութային կենտրոնում:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թուրքմենստանի ձիասպորտային համալիր ևս, որտեղ նախագահներին ցուցադրել են համալիրի հպարտությունը համարվող ախալտեկինյան ցեղատեսակի ձիերը:

Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Թուրքմենստան` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

← Վերադառնալ