26
05, 2012

Պարգևատրման արարողություն՝ Հանրապետության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության ղեկավարն այսօր շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ և Նախագահի նստավայրում կազմակերպված պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրման արարողության ժամանակ


Սիրելի՛ պարգևատրվածներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի, ինչպես նաև հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Գիտություն, կրթություն, մշակույթ, առողջապահություն` սրանք ասպարեզներ են, որտեղ մեր ժողովուրդն ավանդաբար իրեն դրսևորել է լավագույն հատկանիշներով: Հայ գիտնականը, բժիշկն ու արվեստագետը արժանիորեն հեղինակություն են վայելել թե՛ մեզանում, թե՛ օտարների շրջանում: Բայց պիտի խոստովանենք, որ միշտ չէ, որ այդպես է եղել: Եղել են նաև անկումների ժամանակահատվածներ՝ թե՛ հեռավոր, թե՛ մոտ անցյալում: Իհարկե, տաղանդավոր անհատներ միշտ էլ եղել են և կլինեն՝ անկախ պայմաններից, բայց դա այն չէ, ինչին մենք ձգտում ենք: Մենք այսօր իրականացնում ենք համակարգային փոփոխություններ, և մեր նպատակն է երկրում ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ երաշխավորվի նշված ոլորտների բազմակողմանի զարգացումը: Սա դժվար և ժամանակ պահանջող գործ է, բայց ես ուրախ եմ, որ մենք դուրս ենք գալիս զարգացման լայն մայրուղի և աստիճանաբար ուղղում ենք իրավիճակը: Ավելին՝ տեղ-տեղ արդեն նկատելի հաջողություններ ունենք: Մեր խնդիրն է վերականգնել և բարձրացնել մտավորական Հայաստանի վարկը մեր հասարակության մեջ և աշխարհում:

Սիրելի՛ պարգևատրվածներ, դուք ձեր գործը շատ լավ եք կատարում: Եթե մեզանում բոլորն իրենց գործն անեն այնպես, ինչպես դուք, մեր պետության և հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կլուծվեն ինքնաբերաբար: Այս առումով, դուք շատ թանկ մարդիկ եք թե՛ մեր հասարակության, և թե՛ անձամբ ինձ համար: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր վաստակի համար: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր աշխատանքի համար: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ սրտացավ վերաբերմունքի համար:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգևատրվածների ցանկ

Հանրապետության ղեկավարի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ:

Գիտության վաստակավոր գործչի կոչման է արժանացել ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Մայա Հրանտի Ինճիկյանը:

Վաստակավոր մանկավարժի կոչման են արժանացել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ամբիոնի պրոֆեսոր Նելլի Սողոմոնի Մարությանը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Վրեժի Մելիքյանը:

Ժողովրդական արտիստի կոչման է արժանացել Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Գուրգենի Խառատյանը:

Վաստակավոր արտիստի կոչման են արժանացել երգիչ Ռադիկ Ջումշուդի Գաբրիելյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Մարինե Լյուդվիգի Դեինյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարուհի Մարիա Հովհաննեսի Դիվանյանը, երգիչ Արման Մանուկի Հովհաննիսյանը, քանոնահարուհի, Հայաստանի պարի պետական անսամբլի և «Շողակն» ավանդական համույթի երաժիշտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Իշխանի Հովհաննիսյանը, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Գայանե Նշանի Մկրտչյանը, երգիչ Մկրտիչ Հրաչի Մկրտչյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահար Արմեն Խորենի Մեսրոպյանը:

Վաստակավոր նկարչի կոչման են արժանացել Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գլխավոր նկարիչ Անժելա Վահանի Գալստյանը և քանդակագործ Յուրի Գուրգենի Պետրոսյանը:

Արվեստի վաստակավոր գործչի կոչման են արժանացել կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության պատասխանատու քարտուղար Յուրի Արշակի Հարությունյանը, ռեժիսոր Արմեն Վասիլի Մելիքսեթյանը, ռեժիսոր, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ամբիոնի դասախոս Արամ Միսակի Սուքիասյանը, դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Կոնստանդինի Քեչեկը:

Մշակույթի վաստակավոր գործչի կոչման են արժանացել գրականագետ, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Գուրգենի Դոլուխանյանը, «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արման Սամվելի Ծատուրյանը, «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիկ Թորոսի Հակոբյանը, ԵՊՀ ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լևոն Բաբկենի Չուգասզյանը, Ա. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Մարինե Իսահակի Օթարյանը:

Վաստակավոր բժշկի կոչման է արժանացել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու Օնիկ Մկրտիչի Մելքոնյանը:

Վաստակավոր լրագրողի կոչման է արժանացել «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը:


***

Հանրապետության ղեկավարի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են Հայաստանի Հանրապետության մեդալներ:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Պասսիոնարիա Լիպարիտի Հակոբյանը:

Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հովհաննես Հաբեթի Ղուկասյանը:

Մխիթար Հերացու մեդալով են պարգևատրվել Տավուշի մարզի «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Արտաշես Սմբատի Դաղբաշյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Անուշավանի Հարությունյանը:

Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ենթակայանների ավագ վարպետ Մովսես Ազատի Աբդոյանը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու Վասիլի Վլադիմիրի Առուստամյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Սուրենի Դանիելյանը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի հերթափոխի վարպետ Լյուդվիկ Մուշեղի Հայրապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Բագրատի Ղալումյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի էքսկավատորավար Սաշիկ Գրիգորի Չոփուրյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հովհաննեսի Սահակյանը, «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի շինարարության վերահսկման ճարտարագետ Մարզպետ Տիգրանի Տոնոյանը:

Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել «Հայ մտավորական կին» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Ալիսա Վաչականի Ադամյանը, «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի պարուսույց Սրբուհի Արմենակի Բաբայանը, «Վանաձորի թիվ 3 մշակույթի տուն» ՓԲԸ-ի տնօրեն Համլետ Եղիշի Երիցյանը, ՀՀ ԳԱԱ «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գլխավոր գիտական աշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յակով Իվանի Խաչիկյանը, «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիր Ալիխան Մամեի Մուսոյանը:

***

Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Վաչագան Պետրոսի Թադևոսյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

***

Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչական արտադրական ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Վաչե Խաչիկի Հովակիմյանը, Հայաստանի ազգային գրապալատի բաժնի պետ Էդիկ Արշալույսի Ղաբուզյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Ռաֆիկ Արշալույսի Ղազարյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Գառնիկի Ստեփանյանը, «Ոսկան Երևանցի» արտադրական հրատարակչական ԲԲԸ-ի տնօրեն Մեխակ Պողոսի Տեր-Սարգսյանը:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչական գործի բնագավառներում ունեցած վաստակի համար շնորհվել մշակույթի վաստակավոր գործչի կոչման է արժանացել` Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Վարդգեսի Կարապետյանը:

***

Նախագահի հրամանագրերով, գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար ակնառու պետական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը պարգրատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով:

Երկրում օրինաստեղծ գործընթացներին, հասարական քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու, ժողովրդավարության կայացմանը բերած նպաստի համար ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Էդոնիսի Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Տնտեսության բնագավառում երկարամյա և արդյունավետ գործունեության համար «Արփա-Սևան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբի Հակոբյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Համլետ Իսահակի Հովհաննիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Ջեկ Մեծօրյանը (ԱՄՆ) և Վարդան Վարդանյանը (Իրան) պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:

Դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Արտեմի Հովակիմյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

← Վերադառնալ