21
03, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Այսօր, Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում պետական մրցանակներ են շնորհվել՝

գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ Էդվարդ Միլիտոնյանին՝ «Է» բանաստեղծությունների ժողովածուի համար, երաժշտության ոլորտում՝ Տիգրան Մանսուրյանին՝ «Ռեքվիեմ» ստեղծագործության համար, կերպարվեստի ոլորտում՝ Աշոտ Ավագյանին՝ «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար («Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճ), կինոարվեստի ոլորտում՝ Սերժ Ավետիքյանին (Ֆրանսիա) (գլխավոր դերակատար, ռեժիսոր), Ելենա Ֆետիսովային (Ուկրաինա) (ռեժիսոր, պրոդյուսեր), Մարտուն Ադոյանին (պրոդյուսեր), Թագուհի Կարապետյանին (պրոդյուսեր)՝ «Փարաջանով» (Հայաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Վրաստան) ֆիլմի համար:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Արթուր Մեսչյանին (ճարտարապետ)՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար և Արտակ Ղուլյանին (ճարտարապետ)՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ Սամվել Շուքուրյանին, Երվանտ Զորյանին (Կանադա)՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար:

Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ Հրաչիկ Սիմոնյանին՝ «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատության համար:

Հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին:

Կինոարվեստի հանձնախմբի նախագահ Դավիթ Մուրադյանը իր գլխավորած հանձնախմբի որոշումը ներկայացնելուց հետո, ասել է, թե ստիպված է ափսոսանքով նշել, որ այսօրվա մրցանակակիրներից մեկը՝ համառեժիսոր Ելենա Ֆետիսովան, որոշակի նկատառումներով նպատակահարմար չի գտել ներկա լինելու մրցանակի հանձնման արարողությանը:

Հանրապետության Նախագահը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է, որ այսօր առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: «Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը, և իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով Հանրապետության Նախագահի հիմնադրամից:

Ուզում եմ ասել, որ ես հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները, բայց ուզում եմ դիմել և՛ հարգարժան տիկնոջը, և՛ ուկրաինական ժողովրդին՝ ասելով, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, և այդ եղբայրության, բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր՝ Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչև այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը: Մենք դարեր շարունակ ուս ուսի միասին կռվել ենք զավթիչների դեմ, մենք պատմության հազարավոր փառավոր էջեր ունենք: Այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է: Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ՝ ես խնդրում եմ գործընկերներին՝ մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Թատերական արվեստի հանձնախմբի նախագահ Անելկա Գրիգորյանը տեղեկացրել է, որ ներկայացված են եղել յոթ թատերական բեմադրությունների համար հայտեր: Քվեարկության արդյունքում գործերից ոչ մեկն ըստ կարգի չի հավաքել անհրաժեշտ ձայների քանակ, և ըստ այդմ՝ թատերական արվեստի ոլորտում 2013թ. համար պետական մրցանակ չի շնորհվել:

Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախմբի նախագահ Սաշուր Քալաշյանը տեղեկացրել է, որ հանձնախումբը հայցման ներկայացված աշխատանքներից երկուսի քվեարկության արդյունքում ստացել է հավասար թվով ձայներ, ինչը դժվարին կացության առջև է կանգնեցրել հանձնախմբին, որի անդամները հրաժարվել են վերաքվեարկությունից՝ երկու աշխատանքն էլ պետական մրցանակի արժանի համարելով. «2011թ. մենք չկարողացանք ներկայացնել որևէ մեկի աշխատանքը պետական մրցանակի: Սակայն այս տարի հուսադրող էր՝ մենք ունեինք նվաճումներ, եղան հայտեր, և հանձնախմբում համոզմունք կար, որ այս անգամ մենք, անպայման, կներկայանանք որևէ գործով: Բայց հանձնաժողովի անդամների ձայները կիսվեցին, կիսվեցին այնպես, որ կանոնակարգի համաձայն որևէ մեկը չպետք է արժանանար պետական մրցանակի: Թևաթափ վիճակով ես այդ արձանագրությունը տվեցի Նախագահի աշխատակազմին՝ կարծելով, որ այս տարի ևս մենք պետական մրցանակ չենք ունենալու: Սակայն անակնկալ եղավ, երբ հանձնաժողովին տեղեկացրին, որ մեծարգո Նախագահի առաջարկությամբ, որոշվել է պետական մրցանակը հավասարաչափ կերպով բաշխել: Այսինքն՝ կիսել երկու հայտերի միջև: Հավանաբար, դրա համար նաև հիմք է ծառայել այն, որ հավասար ձայներ էին ստացել երկու հանրային հնչեղություն ունեցող օբյեկտներ, այլ ոչ թե մերժվել»,-ասել է Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախմբի նախագահը:

Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ վարվել է իր խղճի մտոք և վստահ է, որ և՛ արվեստագետները, և՛ մեր ժողովուրդը կհասկանան ու ճիշտ կըմբռնեն վերաբերմունքը մեր տաճարների նկատմամբ: «Ես անձերին չեմ շնորհել՝ ես շնորհել եմ այդ կառույցներին, որոնց անունն է Մատենադարան: Մատենադարանը մեզ համար տաճար է, և ես վստահ եմ, որ այդ երկու կառույցներն էլ, անցնելու է ժամանակ, և բոլորը մեծապես գնահատելու են: Դուք ինձնից ավագ եք, Ձեր փորձը մեծ է, Դուք շատ լավ գիտեք բոլոր հուշարձանների պատմությունը և գիտեք, որ կան հուշարձաններ, որ այսօր մենք համարում ենք մեր կյանքի բաղկացուցիչ մասը, որոնց սակայն նախկինում փնովում էին: Վստահություն ունեմ՝ ես իմ իրավունքն օգտագործել եմ: Ներողամիտ եղեք»,-դիմելով հանձնախմբի նախագահին՝ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը նաև իր շնորհավորական խոսքն է հղել բոլոր մրցանակակիրներին:


***


Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ելույթը ՀՀ պետական մրցանակների հանձնման ժամանակ

 

 

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք պետական մրցանակներ ենք շնորհում արվեստագետներին և գիտնականներին՝ նրանց ստեղծագործությունների համար: Իհարկե՛, արվեստի գործերի իրական դատավորը ժամանակն է: Դրանք անցնում են ժամանակի քննությունը կամ ուղղակի չեն անցում: Բայց մեր՝ ժամանակակիցներիս պարտքն է ունենալ սեփական դիրքորոշում և վերաբերմունք, տալ մեր գնահատականը:

Այս մրցանակներով մենք ներկայանում ենք որպես հասարակություն և պետություն, որոնք արժևորում են ամենակարևորը, արժևորում են այն, ինչն ունի կամ կարող է ունենալ համազգային նշանակություն:

Ես միշտ համոզված եմ եղել, որ մշակույթն ընդհանրապես և արվեստը՝ հատկապես, ունեն ազգաստեղծ առաքելություն: Այո, առանց Հովհաննես Թումանյանի և Արամ Խաչատրյանի մենք կարող էինք շարունակել մեր պատմական ուղին որպես ժողովուրդ, բայց այդ դեպքում, ես համոզված եմ, մենք կլինեինք մի քիչ այլ ժողովուրդ՝ պակաս հարուստ, պակաս ուժեղ: Պարզ է, որ ամեն օր Մաշտոցներ և Կոմիտասներ չեն կարող ծնվել, բայց յուրաքանչյուր սերնդի պարտքն է հետևողականորեն և նպատակասլաց կերպով շարունակել արվեստի ու գիտության զարգացումը՝ որպես ազգաստեղծ առաքելության իրականացում:

Հայոց պետության և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի՛ մրցանակակիրներ, հենց դրա համար: Դուք մարմնավորում եք շարունակականությունն ու զարգացումը ձե՛ր գործով և ձե՛ր նկարագրով:

Ես խոսում եմ հոգևոր հայրենիք և բարեկեցիկ հայրենիք ձևավորելու մասին: Սրանք ուղղակիորեն փոխկապակցված գործընթացներ են: Մեր պարտքն է ապահովել դրանց անընդհատությունը: Բազմահազարամյա շղթայի այսօրվա օղակները հենց դու՛ք եք, հարգելի՛ մրցանակակիրներ, և մենք հպարտ ենք ձեզնով:

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ առողջություն և կորով, անձնական հաջողություններ և, որ չափազանց կարևոր է՝ ստեղծագործական նոր թռիչքներ, նոր բարձունքներ: Ձեզանով մենք ավելի հարուստ ենք և ավելի ուժեղ: Շարունակե՛ք հարստացնել և ուժեղացնել մեզ:

Շնորհակալություն:

 

← Վերադառնալ