12
05, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, տրվել է պետական ընթրիք

 

 Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, այսօր երեկոյան Նախագահի նստավայրում տրվել է պետական ընթրիք:

Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:

Ֆրանսիայի Նախագահի պատվին տրված ընդունելության ժամանակ անակնկալ է մատուցվել հյուրընկալությանը ներկա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին. Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների և ընդունելությանը մասնակցող բազմաթիվ հյուրերի ներկայությամբ Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ հատուկ ձևավորմամբ տոնական տորթ է մատուցվել, որին հաջորդել են ներկաների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

 

 

***


Նախագահ Ֆրանսուա Օլանդի բաժակաճառը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ֆրանսիայի Նախագահի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ


Մեծարգո´ պարոն Նախագահ,

Ինձ համար պատիվ է հյուրընկալվել Հայաստանում՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում իմ առաջին պետական այցի շրջանակում:

Ինչպես նշեցիք, ես Հայաստան էի այցելել դեռևս 2007թ.՝ իմ և այսօր այս սրահում ներկա մյուս գործընկերների կողմից Ցեղասպանության ճանաչմանն ի նպաստ մեր պայքարի հանդեպ նվիրումի կանչով:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Դուք Ձեր բաժակաճառում հիշեցրեցիք մեր ժողովուրդներին միահյուսող պատմական կապերի մասին: Այո, Լևոն 5-րդ Լուսինյան թագավորը, որը հանդիսանում է Հայոց վերջին միապետը, հանգչում է Սուրբ Դընի եկեղեցում` Ֆրանսիայի թագավորների կողքին: Չգիտեմ, թե նրանք ինչ են միմյանց ասում, սակայն կարծում եմ` պետք է խոսեն Ֆրանսիայի և Հայաստանի մասին:

Ավելի ուշ՝ 18-րդ դարում, Ֆրանսիայում` Փարիզի Արևելյան լեզուների բարձրագույն դպրոցում ստեղծվել է հայագիտական ամբիոն, իսկ 19-րդ դարում բազմաթիվ հայ մտավորականներ, գիտնականներ Ֆրանսիա էին ժամանում հատկապես Փարիզի ամենահեղինակավոր համալսարաններում ուսանելու համար:

19-րդ դարի վերջին Ժան Ժորեսը, որի մասին կրկին հիշատակեցինք Ձեր խոսքում, շփվելով Ֆրանսիայում հայազգի ուսանողների հետ, իր ձայնը բարձրացրեց՝ դատապարտելու համար հայերի առաջին ջարդերը, որոնք տեղի ունեցան 1894թ. ամառվա ընթացքում: 1915թ. Ցեղասպանության արդյունքում Ֆրանսիան ընդունեց ապաստան փնտրող բազմաթիվ ընտանիքների, ինչն այսօր պայմանավորում է Ֆրանսիայում 500.000-ից ավելի հայ համայնքի առկայությունը, որը հանդիսանում է աշխարհում ամենախոշոր համայնքներից մեկը:

Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները լավագույնս ներկայացված են այս այցի ընթացքում ինձ ուղեկցող պատվիրակության կազմում:

Ֆրանսիացիները գիտեն, թե ինչով են պարտական հայերին: Մեր պատմության ամենամութ էջերում հայերը մեր երկրի ազատությունն են պաշտպանել Դիմադրության շարքերում` մարտնչելով մեր հողի վրա` հանուն այն արժեքների, որոնք մենք կիսում ենք դեռ այսօր:

Այդ պատասխանատվությամբ` ես հարգանքի տուրք եմ մատուցելու Միսակ Մանուշյանի հիշատակին, ով գնդակահարվեց 70 տարի առաջ՝ ֆաշիստական զավթման դեմ հերոսաբար պայքարելու համար:

Երկրորդ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտից հետո, ֆրանսահայերը մասնակցել են Ֆրանսիայի վերակառուցմանը և ցայսօր նպաստում են իմ երկրի բարգավաճմանը: Ֆրանսիայի հայերը ներկա են ինչպես արվեստի, կինեմատոգրաֆիայի, մշակույթի, երաժշտության, այնպես էլ գրականության, գիտության և, իհարկե, տնտեսության ոլորտում: Ի դեպ, ժամեր առաջ բացեցինք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը:

Հայերը, Ֆրանսիայի հայերը, մեծ հայրենասերներ են եղել` նվիրվելով Ֆրանսիային:

Այս պետական այցն ինձ հնարավորություն է ընձեռում նաև ողջունել 1991թ. սեպտեմբերի 21-ին Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի անցած ուղին:

Հայաստանը կարևորել է ժողովրդավարական արժեքների հիմքով պետության կառուցումը: Հայաստանը բացել է նաև իր տնտեսությունը և հնարավորություն ստեղծել զարգանալու համար:

Հայաստանը բացվել է աշխարհի հանդեպ, եթե անգամ Ձեր երկրի սահմանների մի մասը դեռ փակ է: Հայաստանը փորձություններ է հաղթահարել, նկատի ունեմ, մասնավորապես, 1988թ. երկրաշարժը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկիր, չի անտեսում այդ հակամարտության խաղաղ կարգավորման դյուրացման և ոչ մի ջանք:

Այսօր մայիսի 12-ն է, այսօր հրադադարի 20-րդ տարեդարձն է, բայց այդ հրադադարը չի նշանակում խաղաղություն: Զինադադարը խնդրի հանգուցալուծում, անգամ հակամարտության ավարտ չէ:

Ուստի Մինսկի Խումբը և Ֆրանսիան պետք է շարունակեն աշխատել, ամրապնդելու համար համաձայնության այն սկզբունքներն, որոնց մենք ծանոթ ենք բոլորս, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Այս երեք սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք հանրաքվեից հետո, որն այս առումով ոչ մի խնդիր չի հարուցում:

Հայաստանը և Ադրբեջանը կարիք ունեն խաղաղություն հաստատելու, ինչը բխում է ընդհանուր շահերից` Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարի համատեքստում: Ահա թե ինչու այդ մասին հայտարարել եմ երեկ, նույնը հայտարարում եմ նաև այսօր: Մենք պետք է անենք ամեն ինչ` առաջնորդվելով քիչ առաջ հիշատակած սկզբունքներով, հնարավորություն ընձեռելով հիմնահարցի լուծման համար, որը չափազանց երկար է ձգձգվել:

Մեծարգո´ պարոն Նախագահ,
Տիկնա´յք և պարոնա´յք,

Հաջորդ տարվա ապրիլի 24-ին Հայաստանը նշելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սա կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, միաժամանակ սա շատ կարևոր իրադարձություն է նաև աշխարհի համար: Այդ տարելիցի շրջանակում Ձեր կողքին, Երևանում կլինեմ` հանուն հիշատակի հանդեպ պարտքի, միաժամանակ նաև Ֆրանսիայի Հանրապետության կողմից Ցեղասպանության ճանաչման քայլին համահունչ:

2001թ. օրենքը, որի պատճենը՝ (Ցեղասպանության հուշահամալիրում զոհերի հիշատակին տեղադրված) ծաղիկների թերթերից պատրաստված թղթի վրա հանձնեցիք ինձ, խորհրդանշում է այդ փաստաթղթում ամրագրված ուղերձի կարևորությունը:

Այո, Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որով ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը, օրենք, որով հանձնառություն է ստանձնել Ֆրանսիայի Հանրապետությանը: Այդ օրենքն ընդունվել է Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր ներկայացված են այստեղ:

Աշխարհում բազմաթիվ նախաձեռնություններ են ձեռնարկվել, Ցեղասպանության արհավիրքները լուսաբանելու և իրազեկելու համար:

Սա բարձր գնահատականի արժանի աշխատանք է, որը կատարվել է պատմաբանների, ինչպես նաև բազմաթիվ անհատների կողմից, որոնք ցանկանում են, որպեսզի այդ ցավալի հիշողությունն առիթ դառնա հիշեցնելու հայ ժողովրդի կրած տանջանքները:

Միաժամանակ այս աշխատանքը նաև խնդրանք է, որպեսզի պատմությունը ճանաչվի և անցյալի վերքերը սպիանան: Ուստի, ըմբռնման, խաղաղության, հանդուրժողության բոլոր ուղերձները պետք է ողջունվեն: Որովհետև ցեղասպանության ճանաչումը ոչ թե պետք է բաժանի, պետք է միավորի` միտված աշխարհում այդօրինակ սարսափների կրկնության կանխարգելմանը: Դրա համար ոչ մի դուռ չպետք է կիսաբաց մնա` ի դեմս ժխտողականության: Ժխտողականությունը կարծիք չէ, այն դա ոտնձգություն է ճշմարտության հանդեպ, անարգանք`զոհերի և նրանց սերունդների նկատմամբ:

Մեր երկկողմ հանդիպումները դինամիկ ընթացք ունեն, Դուք, պարո՛ն Նախագահ, վերջին անգամ այցով Ֆրանսիայում էիք գտնվում 2013թ. հոկտեմբերին, բազմաթիվ նախարարներ հաճախակի այցեր են կատարում մեր երկու մայրաքաղաքների միջև: Այս ամենը վկայում է մեր երկու երկրների միջև փոխվստահության ոգով զարգացող հարաբերությունների մասին:

Ցանկանում եմ, որ ավելի հեռուն գնանք: Ժամեր առաջ ինչպես նշեցի, Ֆրանսիան եվրոպական երկրների շարքում 1-ին ներդրողն է Հայաստանում, սակայն մեր առևտրաշրջանառությունը չի համապատասխանում հայ-ֆրանսիական բարեկամության մակարդակին: Ունենք նաև մշակութային սերտ կապեր, Հայաստանում ֆրանսիական համալսարանը դրա վկայությունն է, բազմաթիվ հայաստանցի ուսանողներ ուսումնառում են Ֆրանսիայում, և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի` որպես լիիրավ անդամի մասնակցությունը մեր երկու երկրներն ավելի է մոտեցնում միմյանց:

Գոհունակությամբ ենք արձանագրում Հայաստանի ցանկությունը` շարունակել համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Ես այդ համագործակցության հնարավոր մոդելի հավանական ուղղությունների մասին արդեն խոսել եմ: Հայաստանը կարող է Ասոցացման համաձայնագրով միանալ Եվրամիությանը, այն է` եվրոպական ոգուն, մտքին, եվրոպական ծրագրին, բայց այնպես, որ դա չխոչընդոտի Մաքսային, Եվրասիական միությանը Ձեր երկրի անդամակցությանը: Դա Ձեր ինքնուրույն ընտրությունն է, և դա ես կհարգեմ:

Մեծարգո´ պարոն Նախագահ,

Ես երկար եմ փնտրել, թե որոնք են այն հարցերը, որոնց շուրջ կարող ենք, հավանաբար, հակասություններ ունենալ: Պատկերացրեք` գտել եմ, դա մեկ հարց է և միակը` Շառլ Ազնավուրը: Ի վերջո, Ազնավուրը հա՞յ է, թե՞ ֆրանսիացի: Այնուամենայնիվ գտել ենք ամենահարմար համադրությունը. նա Հայաստանի ֆրանսիացին է: Այս երեկո մաեստրոն մեզ առիթ ընձեռեց ոչ միայն հաճելի պահեր անցկացնել միասին, այլև Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության իսկական տոն պարգևեց մեզ բոլորիս:

Ուրեմն ողջունելով այս այցը` բաժակ եմ բարձրացնում մեր երկրների միջև բացառիկ հարաբերությունների պատվին:

Շնորհակալություն:

 

 

← Վերադառնալ