29
10, 2014

Հորդանանում Նախագահը հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահի և Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ

Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:

Երկու պետությունների միջև հարաբերությունների ակտիվացման և համագործակցության լայն օրակարգի ձևավորման գործում երկուստեք կարևորվել է հայ-հորդանանյան միջխորհրդարանական կապերի դերը: Զրուցակիցներն ափսոսանք են հայտնել, որ օրենսդիր մարմինների միջև այդ հարաբերությունները դեռևս ցանկալի մակարդակի վրա չեն: Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը լավ հնարավորություն է համարվել խորհրդարանների միջև համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարը քննարկելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվ քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական կապերի ինտենսիվացման ուղղությամբ և կարևորել խորհրդարանական տարբեր մակարդակի պատվիրակությունների փոխայցելություններն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանն Ամմանում նաև այցելել է Հորդանանի ազգային թանգարան, ծանոթացել երկրի դարավոր պատմությունը ներկայացնող ցուցանմուշներին և շրջայցի ավարտին գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Հիրավի համոզվեցի, որ գտնվում եմ աշխարհի ամենահնագույն երկրներից մեկում։ Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատմությունը, որը ներկայացված է այս վսեմաշուք թանգարանում, դրա վառ ապացույցն է։ Այս հրաշալի կառույցի տանիքի տակ բարձր ճաշակով և հոգատարությամբ ձեր երկիրը ներկայանում է պատվով և պարծանքով՝ իր հիասքանչ մշակույթով և դարերի խորքից եկող պատմությամբ։ Այն իրապես լի է հանդուրժողականության և տարատեսակ քաղաքակրթությունների երկխոսության լուռ նմուշներով։ Շնորհակալություն Հորդանանի իշխանություններին և ժողովրդին այս թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար», - գրել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ