12
01, 2015

Ուժը կորցրած է ճանաչվել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ընտրության վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագիրը

 

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը:

2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:

Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատվել էր Հանրապետության Նախագահի հրամանագրով, ի կատարումն որի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետք է հաստատված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ, ներկայացներ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:

Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որից հետևում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին:

Հետևելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ընդառաջ գնալով Եվրոպայի խորհրդի իրավասու մարմնի խորհրդատվական կարծիքին՝ մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով չի ներկայացվել:

Հանրապետության Նախագահի կողմից այսօր ստորագրված հրամանագիրը, համաձայն գործող կարգի, առաջ է բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն:
 

← Վերադառնալ