21
11, 2015

Նախագահը ներկա է գտնվել Գանձասարում Մատենադարանի բացմանը

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 21-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն առնչող մի շարք հարցեր:

Հանրապետության Նախագահը մասնակցել է նաև ԼՂՀ մայրաքաղաքում սպաների համար սպայական ավանում կառուցված 176 բնակարանանոց բնակելի շենքերի նորամուտի, ՊԲ շտաբի մարզադահլիճի, ինչպես նաև զորամասերից մեկի զինանձնակազմի համար կառուցված ճաշարանի բացման արարողություններին:
ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ:

Սերժ Սարգսյանը նույն օրը Գանձասարում ներկա է գտնվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - գանձասար» գիտամշակութային կենտրոնի՝ Մատենադարանի մասնաշենքի բացման արարողությանը:


Կենտրոնը կազմված է գիտական և թանգարանային մասերից, գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից: Նորաբաց ցուցասրահներում ներկայացված են Արցախում վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ստեղծված 100-ից ավելի ձեռագրերի, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, ինչպես նաև հնատիպ գրքեր: Ցուցանմուշների ստեղծման աշխատանքները մեկնարկել են յոթ տարի առաջ և պատասխանատուների հավաստմամբ ունենալու են շարունակական բնույթ:

Բացման արարողության կապակցությամբ տեղի է ունեցել Մատենադարանի գիտաշխատողների «Արցախի մանրանկարչական արվեստը» և «Արցախի գրչության կենտրոնները» գրքերի շնորհանդեսը։ Գանձասարի գիտամշակութային կենտրոնի բացման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը կենտրոնին նվիրաբերել է 12-13-րդ դարերի Գյուլիստանի Ավետարանը:

Մատենադարանի շենքը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով։ Մասնաճյուղը գործելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կառուցվածքում, և նրա լիարժեք գործունեությանն ուղղված աշխատանքներում կիրառվելու է Մատենադարանի գիտական ու գիտատեխնիկական ողջ ներուժը։

← Վերադառնալ