09
05, 2016

Նախագահը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին

 


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց,  ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ Հանրապետության Նախագահը հարգանքի ու երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

 Սերժ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի, ՌԴ սահմանպահ ծառայության, պատվո պահակախմբի ստորաբաժանումների, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների և Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հանդիսավոր քայլերթը:

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց և շնորհավորել զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել նրանց հետ` վետերաններին հետաքրքրող հարցերի շուրջ:

 

← Վերադառնալ