16
09, 2016

Բիշկեկում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Նախագահ Սերժ Սարգսյանը Բիշկեկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել նախագահների և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի մասնակցությամբ նեղ, ապա նաև պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ ընդլայնված ձևաչափով:

Պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, ինչպես նաև նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահները ստորագրել են ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը, Նյուրնբերգյան դատավարության աշխատանքների ավարտի 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը, ժամանակակից իրողություններին ԱՊՀ ադապտացմանը վերաբերող որոշումը: Խորհրդի նիստում որոշումներ են ընդունվել նաև ԱՊՀ-ում 2017 թվականը Ընտանիքի տարի և 2018 թվականը Մշակույթի տարի հայտարարելու մասին:

Նիստում ի թիվս ստորագրված փաստաթղթերի եղել են ԱՊՀ մասնակից պետություններում 2020թ. փուլի մարդահամարի անցկացմանը վերաբերող որոշումը, Միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը վերաբերող կոնվենցիան, 2017-2019թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնությունների դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի մասին և 2016-2020թթ. տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի մասին որոշումները:

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը որոշվել է անցկացնել 2017թ. Մոսկվայում: ԱՊՀ նախագահությունը 2017թ. փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը:

← Վերադառնալ