02
11, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերին:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել, և երկու բարեկամ երկրները եկող տարի նշվելիք այդ հարաբերությունների հաստատման 25-ամյակին մոտենում են վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ձեռք բերված լուրջ հաջողություններով: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ օժանդակելու համար և բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Հանրապետության Նախագահը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական բնագավառում, մասնավորապես՝ ամերիկյան կողմի աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին, ռազմաբժշկական, հումանիտար ականազերծման և խաղաղապահության ոլորտներում կարողությունների զարգացմանը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Մայքլ Քարփինթերի այցը ևս իր նպաստը կբերի Հայաստան-Միացյալ Նահանգներ կապերի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ հայ-ամերիկյան ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունների զարգացման հիմքում ընկած են երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու համակրանքը, և այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերն իր երախտագիտությունն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար:

Նախագահ Սարգսյանը և Մայքլ Քարփինթերը քննարկել են ռազմական, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ