Մամլո հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ

09.03.2017

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզից մեկնել է հայաշատ Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ: Մինչ այդ Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է քաղաքի «Բելկուրի» հրապարակ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լիոնի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոնին ջերմ ընդունելության համար և նշել, որ իրենց հանդիպումները բարի ավանդույթ են դառնում, ինչը անհրաժեշտ է լավագույնս ծառայեցնել երկկողմ կապերի ընդլայնման ու ամրապնդման գործին։ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ դասվելով Ֆրանսիայի լավագույն քաղաքների շարքում, Լիոնը տարեցտարի զարգանում է, ինչը նաև քաղաքապետի անձնական ձեռքբերումն է, քանի որ նա իր կյանքի ու գործունեության պատկառելի մասը նվիրել է այս քաղաքին:

Սերժ Սարգսյանը նշել է, թե տեղյակ է, որքան հոգածությամբ է քաղաքապետ Կոլոնը վերաբերվում հայությանը հուզող հարցերին և իր երախտագիտությունն է հայտնել դրա համար։ Նախագահը հույս է հայտնել, որ Ժերար Կոլոնը իր արժեքավոր փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել երկու քաղաքների՝ Երևանի և Լիոնի միջև համագործակցության հետագա խորացմանը: Հանրապետության Նախագահը վստահեցրել է, որ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված քաղաքապետ Կոլոնի ջանքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցում տարիներ ի վեր նրա սկզբունքային դիրքորոշումը աննկատ չեն մնում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ապակենտրոնացված համագործակցությանը, գիտակրթական, տնտեսական և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետարանում նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում. «Ամեն անգամ մեծ ջերմությամբ եմ վերադառնում հարազատ դարձած այս քաղաքը՝ Լիոն, որ գերում է իր գեղեցկությամբ, ներդաշնակությամբ, հորդող կենսուրախությամբ և ստեղծագործ մթնոլորտով։ Հատկանիշներ, որոնք համապատասխանում են հայ ժողովրդի բնավորությանն ու նկարագրին։ Շնորհակալ եմ Լիոնի իշխանություններին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած սրտաբացության համար, դժվար պահին մեր հայրենակիցներին գրկաբաց ընդունելու համար։ Հպարտ եմ, որ որքան այս քաղաքն է հյուրընկալ եղել հայերի հանդեպ, նույնքան էլ հայերը, որպես վերգտած հայրենիք, սիրում ու շենացնում են Լիոնը։ Թող հայ-ֆրանսիական բարեկամությունը մշտապես լինի նույնքան փոխհարստացնող»,-գրել է Նախագահը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: