Մամլո հաղորդագրություններ
Նախագահը ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահին

21.07.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահի առաջին այցը Հայաստան զգալիորեն կխթանի մեր երկրում աշխարհի ամենատարածված և սիրված սպորտաձևերից մեկի՝ հոկեյի զարգացումը:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի անդամակցությունը միջազգային ֆեդերացիային:

Հանրապետության Նախագահը նշել է, որ չնայած հոկեյը Հայաստանում զարգացած չէ, այնուհանդերձ որոշակի միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ սպորտաձևը ևս զարգացում ունենա: Այդ նպատակով, ըստ Նախագահի, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ. Երևանում շուտով կբացվի հոկեյի երկրորդ մարզադաշտը՝ անհրաժեշտ բոլոր չափանիշներին համապատասխան:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռենե Ֆազելին Հայաստանում հոկեյի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար: Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ այդ սպորտաձևը Հայաստանում զարգացման հնարավորություններ և ներուժ ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: