Մամլո հաղորդագրություններ
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

08.09.2017

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, զարգացման ծրագրերի, առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մասին։

Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ավիացիայի ոլորտում միջազգային համագործակցության արդյունքները, ՀՀ ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացմանն ու ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն անդրադարձել է Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության և մի շարք գործընկեր պետությունների հետ ավիացիայի ոլորտում ՀՀ համագործակցության արդյունքներին՝ զեկուցելով 2017 թվականին մեկնարկած ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցությունների ընթացքի, Եվրասիական տնտեսական hանձնաժողովի հետ մշակված և հաստատված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների մասով համաձայնեցված քաղաքականության ճանապարհային քարտեզի և 27 պետության ավիացիոն իշխանությունների հետ վարված բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել գործընկերների հետ ավիացիայի ոլորտում հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ՝ ավիաընկերությունների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ միջազգային չվերթների իրականացման համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության օդային կապակցվածության ընդլայնմանը, ՀՀ օդանավակայանների և ավիափոխադրումների շուկայի զարգացմանը, ավիացիոն ուսուցման մակարդակի բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը Նախագահին ներկայացրել է նշված ուղղություններով միջոցառումների ցանկը, ինչպես նաև ավիացիայի ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության առաջիկա ծրագրերն ու ակնկալվող արդյունքները:
 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: