06
10, 2017

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-իտալական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունների հիմքում համատեղ պատմությունն է՝ լի բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, ինչը չափազանց կարևոր է միջպետական կապերի ամրապնդման համար: Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը պատահական չի համարել, որ բարեկամ Իտալիայի հետ Հայաստանն ունի շոշափելի ձեռքբերումներ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում:

«Գաղտնիք չէ, որ Իտալիան մեր կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, նաև՝ առևտրատնտեսական հարաբերություններում: Գաղտնիք չէ նաև, որ մենք խորապես շահագրգռված ենք Իտալիայի հետ այդ հարաբերությունները խորացնելու, որովհետև Իտալիան բարձր զարգացում ապահոված երկրներից է, և իտալացիների հետ մեր համագործակցությունը բերում է մեզ կառավարման նոր մշակույթ՝ ժամանակակից, արդյունավետ կառավարման: Այս ոլորտում մենք պետք է անպայման մեծ ջանքեր գործադրենք:

Իհարկե, ուրախալի է, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր առևտրաշրջանառությունն էապես աճել է. 2017 թվականի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե 26 տոկոսով աճել է առևտրաշրջանառությունը, իսկ արտահանումը Հայաստանից դեպի Իտալիա ավելացել է 21 տոկոսով: Իսկ սա խոսում է հենց այդ հարաբերություններում մեծ ներուժի մասին:

Շատ կարևոր է, որ ավանդական ուղղությունների հետ միասին այդ հարաբերություններում նոր ոլորտներ են ի հայտ գալիս: Մենք հիմնականում համագործակցում ենք շինարարության, սննդի արտադրության ոլորտներում, իսկ հիմա դրանք արդեն համալրվում են նոր՝ բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներով, և դրանք խոշոր ներդրումներ են: Ես ուղղակի համոզված եմ, որ մի քանի շաբաթ հետո իտալացիները սկսելու են իրագործել մեր պայմանագիրը՝ կապված նոր և արդյունավետ ջերմակայանի կառուցման աշխատանքների հետ, իսկ սա մեզ համար էական է:

Մենք զգալի աշխատանք պետք է տանենք Իտալիայում ներկայացնելու մեր հնարավորությունները, մեր արտադրատեսակները: Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այդ ոլորտում թեթև արդյունաբերության հնարավորությունների վրա: Եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իտալիան եվրոպական երկրներում մեր երրորդ առևտրային գործընկերն է, և մեր ապրանքաշրջանառության ծավալում թեթև արդյունաբերությունը զբաղեցնում է շուրջ 90 տոկոսը, սա արդեն մեզ պետք է շատ լուրջ հույսերի և մտորումների առիթ տա, որովհետև մենք արտահանում ենք ապրանքներ, որոնք պահանջարկ ունեն և՛ Իտալիայում, և՛ Եվրոպայում: Չափազանց կարևոր է այս տեմպը պահելը: Մենք երկրի ներսում, անշուշտ, մեծ ուշադրություն ենք դարձնում այդ ոլորտին, և ես խորապես համոզված եմ, որ ընդհանրապես մեր թեթև արդյունաբերությունը պետք է թռիչքային զարգացում ունենա: Երեկ մենք տեղական ընկերություններից մեկում ականատեսը եղանք նոր արտադրատեսակների արտադրության սկզբին, համոզված ենք, որ մեկ տարվա ընթացքում մենք միայն մեկ ընկերության ուղղությամբ ունենալու ենք 3.5-4 հազար նոր աշխատատեղ, ընդ որում՝ խորանալու ենք արտադրական գործընթացի մեջ, այն առումով, որ ոչ միայն ծավալներն ենք ավելացնելու, այլ նաև ուշադրություն ենք դարձնելու տարբեր էտապներում նոր արտադրանք արտադրելուն: Այսինքն, ոչ միայն մերոնք պետք է հագուստ կարեն, այլ պետք է կտոր արտադրեն, պետք է թել արտադրեն, և այսպես հասնելու ենք մինչև սկզբնական փուլ: Իհարկե, մենք Հայաստանում չենք կարող բամբակ աճեցնել, բայց մնացած բոլոր պրոցեսներն ի վիճակի ենք իրականացնել և ունենք որոշակի ծրագրեր:

Ես կարծում եմ, որ մենք պետք է իտալացի գործարարներին բացատրենք Հայաստանի հարաբերական, այլ երկրների հետ համեմատած, մրցակցային առավելությունները՝ նկատի ունեմ նաև Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը: Իտալացիները շատ հմուտ գործարարներ են, նրանք գիտեն իրենց ապրանքները լավ վաճառել, և այս առումով կարծում եմ, որ Հայաստանը կարող են տեսնել նաև հարթակ այդ 170 միլիոնանոց շուկայում իրենց դիրքերը պահելու:

Շատ հեռանկարային եմ համարում զբոսաշրջության ոլորտը: Իտալիան այն երկրներից է, որ մեկ շնչին ընկնող զբոսաշրջիկների քանակով զբաղեցնում է առաջատար տեղ: Այսինքն՝ այդ ինդուստրիան Իտալիայում շատ զարգացած է: Մենք կարող ենք նրանց ձեռքբերումներից, նրանց փորձից օգտվել: Անպայման, պետք է հաշվի առնենք, որ և՛ հայերը, և՛ իտալացիները մեծ հպարտությամբ են խոսում իրենց պատմամշակութային ժառանգության մասին, և իտալացիները մի ժողովուրդ են, որ գնահատում են այդպիսի ժառանգությունը: Ուստի, ճիշտ կազմակերպելու պարագայում, մենք կարող ենք այստեղ շատ մեծ թռիչք ապահովել, հատկապես, որ արդեն այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 20-ից ավելի տոկոսով: Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ զբոսաշրջությունը մի ոլորտ է, որի զարգացումը պահանջում է համալիր մոտեցում: Քիչ է միայն երկիրը հանրաճանաչ դարձնելը, քիչ է միայն ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ: Աշխարհում հիմա տուրիստական հոսքերը շատ հստակ կառավարվում են, և իտալացիներն այն գործարարներից են, ովքեր այդ կառավարման մեջ ունեն մեծ դերակատարություն: Այսինքն՝ պետք է համագործակցությունը նաև այս ուղղությամբ տանենք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Հայ-իտալական տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահի կողմից շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ:
 

← Վերադառնալ