29
11, 2017

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ խորհրդանշական համարելով, որ նա պաշտոնն ստանձնում է նշանակվել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում, ինչը լավ առիթ է ամփոփելու միջպետական հարաբերությունների քառորդդարյա ուղին և նախանշելու զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը: Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր ծանրակշիռ ավանդը կունենա հայ-բրազիլական կապերի սերտացման ու փոխգործակցության զարգացման գործում և կարևորել արտգործնախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-բրազիլական կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման առկա մեծ ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվում, և այդ ուղղությամբ զգալի աշխատանք կա իրականացնելու:
Հանրապետության Նախագահը կարևորել է Բրազիլիայի հայ համայնքի դերը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բնական կամուրջ:

Դեսպան Սանկտոսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի և Բրազիլիայի միջև բարեկամական կապերի խորացմանը՝ նշելով, որ Բրազիլիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում այցելելով Հայաստան, արդեն հասցրել է պատկերացում կազմել փոխգործակցության առաջիկա կարևորագույն ուղղությունների մասին: Իրականացվելիք աշխատանքների թվում դեսպանը կարևորել է նաև Հայաստանը Բրազիլիայում պատշաճ ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ աշխատանքը:

Հանրապետության Նախագահը և Բրազիլիայի դեսպանը երկուստեք կարևորել են միջխորհրդարանական շփումների ակտիվացումը և երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերի գործունեությունը: 

← Վերադառնալ