22
12, 2017

Նախագահն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է հյուրին բանկի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ պետական համակարգում, ինչպես նաև մասնավոր հատվածում պարոն Բելյանինովն իր երկարամյա և հարուստ փորձը կծառայեցնի եվրասիական տարածքում բանկի դերի ամրապնդմանն ու մասնակից պետություններում նոր զարգացման ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման Հանրապետության Նախագահը և Անդրեյ Բելյանինովը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության խորացման, ներդրումների ներգրավման ու բանկի զարգացման հեռանկարները:

Նշելով, որ հայաստանյան իր այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետի ու ֆինանսների նախարարի հետ և բավականաչափ տեղյակ է Հայաստանի տնտեսության զարգացման տպավորիչ տեմպերի մասին, Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահն ընդգծել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը:
 

← Վերադառնալ