Մամլո հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանը որպես պատվո հյուր մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը

30.05.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ որպես պատվո հյուր մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը:

Ողջունելով Հանրապետության նախագահին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում դրվատել է Արմեն Սարգսյանի հավատարմությունը եւ աջակցությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Հանրապետության նախագահի դերը ներհայաստանյան իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել հայ եկեղեցու դերը հայոց հազարամյա պատմության տարբեր շրջաններում, հատկապես, երբ վերջին հարյուրամյակների պետականության բացակայության պայմաններում կարողացել է պահել մեր ժողովրդի միասնությունը, ինքնությունը, ավանդույթներն ու մշակույթը:

Անդրադառնալով վերջին քաղաքական իրադարձություններին՝ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ մեզանում իշխանության փոփոխությունը տեղի է ունեցել խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով: Նախագահի խոսքով՝ հետագա փոփոխությունների համար երկար ժամանակ է անհրաժեշտ, հսկայական աշխատանք կա անելու, որպեսզի մեր քաղաքացիները, մեր ժողովրդի զավակները, անկախ իրենց գտնվելու վայրից, իրենց նվիրումը բերեն հայրենիքին:

Հանրապետության նախագահը մասնավորապես կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը, հասարակության մեջ բևեռացման հաղթահարումը, սոցիալական արդարության, կրթության, պետական ապարատի գործունեությունն արդյունավետ դարձնելու խնդիրները:

Նախագահ Սարգսյանը Մայր Աթոռում հանդիպումը համարել է երկխոսության հնարավորություն և պատրաստակամորեն պատասխանել մասնակիցների հարցերին:

 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: