Մամլո հաղորդագրություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը՝ ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ

06.06.2018

Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, և դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին:

Ի կատարումն Սահմանադրության նշված պահանջի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանվել է նշված գործընթացի կազմակերպման վեցամսյա ժամկետ: Այսինքն, օրենսդիրը դիտարկել է, որ համապատասխան գործընթացը կարող է տևել ընդհուպ մինչև վեց ամիս, և այդ ժամկետը նախատեսված է այն իրավական ակտով, որը, Սահմանադրության կարգավորումներից ելնելով, կարող էր նման ժամկետ սահմանել: Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսվել են մեկամսյա և տասնօրյա ժամկետներ, որոնց սահմանադրաիրավական հիմքը, ինչպես նաև անհրաժեշտության և ողջամտության հիմնավորումը մեր գնահատմամբ բացակայում է:

Պետք է նկատել նաև, որ վեց ամիս ժամկետը ողջամիտ և տրամաբանական է նաև այն պատճառաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման և ընտրության գործընթացն ընդգրկում է երեք առանձին գործառույթ՝ երեք մարմնի կողմից: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի գործառույթները և դրանից բխող՝ դատավորի պարտականություններն ու պատասխանատվության շրջանակը, ինչպես նաև միջազգային փորձում ընդունված մոտեցումները՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը չի կարող և չպետք է լինի նման սեղմ ժամկետներում՝ առանց պատշաճ ուսումնասիրման գործընթացի: Հակառակ մոտեցումն ինքնին կարող է խաթարել ողջ գործընթացի էությունը: Նման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի առաքելությունն ու գործառույթները, առավել քան ողջամիտ և տրամաբանական է վեցամսյա ժամկետի շրջանակներում դիտարկելը:

Միաժամանակ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված խնդրո առարկա ժամկետները ոչ միայն ողջամտության խնդիր են առաջացնում, այլև, ինչպես նշվեց, Սահմանադրությանը համապատասխանության, քանի որ Սահմանադրությամբ հստակ սահմանվել են այն իրավական ակտերը, որոնք պետք է կարգավորեին նշված մանրամասները, ինչը չէր կարող կատարվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այլ բացառապես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:

Այս և համապատասխան դիմումում ներկայացված այլ հիմնավորումներից ելնելով և ղեկավարվելով Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորություններով՝ ՀՀ նախագահն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ նշված իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով:
 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: