09
07, 2018

Նախագահն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հարեւան ու բարեկամ Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցության հագեցած օրակարգը:

Նախարար Ռեզա Արդաքանյանը Հանրապետության նախագահին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական տնտեսական օրակարգի շուրջ, կարեւորել ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նրանք համակարծիք են եղել, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու նոր հնարավորություններ է ստեղծում: 
 

← Վերադառնալ