07
12, 2018

Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ

(Նամակը գրվել և հրապարակվել է ՀԲԸՄ ամսագրի (AGBU Magazine) համար)

Սիրելի՛ Գյումրի,

Երբ դու կարդաս այս խոսքերը, հազարավոր մարդիկ՝ հեռվում և մոտիկ, հարազատ ու անծանոթ, հարգանքի տուրք մատուցելիս կլինեն քեզ պատահած մեծ աղետի՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ես կլինեմ նրանց շարքում՝ վերհիշելով այն սարսափելի օրը, երբ ժամանակը կանգ առավ ճիշտ 11:41-ին՝ ընդմիշտ փոխելով քո ճակատագիրը:

Այսօր կատարվածից անցել է 30 տարի, և անհնար է նայել հետ՝ առանց հայացքը դեպի ապագա ուղղելու: Այլ կերպ լինել չի կարող: Դու քո երկրին ու աշխարհին առաջարկելու շատ բան ունես: Ապագա սերունդների հետ հին աշխարհի շատ պատմություններ ունես կիսելու, շատ պարծանք և լավատեսություն, որը կառաջնորդի դեպի նորացված, վերականգնված ու զորացած ապագա: Ես այս ամենից տեղյակ եմ ոչ թե մյուսների պատմությունների, այլ սեփական փորձառության միջոցով, որն ունեցել եմ քեզ հետ իմ կյանքի ընթացքում:

1960 թվականին ես յոթ-ութ տարեկան երեխա էի, երբ հայրս՝ երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետ, ձեռքիցս բռնած բերեց քեզ մոտ: Մենք տեսանք Արփաչայը և անմիջապես սահմանից այն կողմ գտնվող հայոց հնագույն մայրաքաղաք՝ Անիի ավերակները: Իմ հայրը հիանում էր քո յուրահատուկ ճարտարապետությամբ՝ սև ու կարմիր տուֆից կառուցված կամարակապ շինություններից մինչև բակեր, եկեղեցիներ, խորհրդային շրջանից լավ ու վատ շինություններ:

Նա ուզում էր, որ ես ճանաչեմ քեզ, Գյումրի՛, քանի որ նրա նախնիները կապված էին քեզ հետ: Նրանք սերում են Էրզրումի շրջանից, Ձիթող գյուղից: Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր19-րդ դարում փախչելով իրենց պատմական հայկական տարածքների վրա օսմանյան իշխանությունների հետապնդումներից, եկան հաստատվեցին այստեղ:

Նա ինձ տարավ՝ Ձիթողցոնց տուն (այսօր ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան), որտեղ ներկայացվում են այն մարդկանց կյանքն ու ապրած ժամանակները, որոնցից սերում են քո բնակիչներից շատերը: Նրանք խոսում են գյումրվա բարբառով, որը մոտ է արևմտահայերենին: Խոսքը այն բազմաթիվ գրողների ու պոետների մասին է, որոնց ծնել ես դու, ինչպես՝ Ավետիք Իսահակյանը և Հովհաննես Շիրազը: Դու նաև տունն ես մեծ քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և փիլիսոփա ու կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևի: Անգամ քո ավանդական տարազն ու ժողովրդական պարերը գալիս են Էրզրումից՝ դառնալով անցյալն ու ապագան կապող յուրօրինակ մի կամուրջ:

Իմ հայրը նաև ինձ բացատրեց, որ դու վարպետների քաղաք ես՝ «ուստաների քաղաք», նա քեզ հենց այդպես էլ անվանում էր: Մինչ օրս դու պարծենում ես քո հմուտ վարպետներով, որոնք աշխատում են մետաղի, փայտի ու քարի հետ: Այս «ուստաները» դեռ շարունակում են ավանդական տեխնիկան ու միջոցները՝ բացառիկ որակ հաղորդելով քո ապրանքներին, որոնց նմանն անհնար է գտնել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս:

Այդ ժամանակ ինչպե՞ս կարող էի իմանալ, որ 28 տարի անց իմ հոր Գյումրին նման աղետի առաջ կկանգնի: Դա խորը ցնցում էր, որը հայրս չապրեց, քանի որ հեռացավ կյանքից ընդամենը չորս տարի անց այն հիշարժան ճամփորդությունից, որն իմ սիրտը բացեց քո առջև:

Անմիջապես երկրաշարժից հետո համալսարանի իմ շատ ընկերների հետ, շտապեցինք քեզ օգնության: Մենք վստահ չէինք, որ կառավարությունը կարող է բավարար քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով աղետի ծավալները: Բառեր չկան նկարագրելու, թե ինչ տեսանք: Սակայն բոլոր ավերածություններից ու արցունքներից անդին՝ Գյումրիի գեղեցկությունը, որը ես տեսել էի հորս աչքերում, ինչ-որ կերպ շարունակեց մնալ իմ մտքում:

Ութ տարի անց ես վերադարձա քեզ մոտ՝ այս անգամ արդեն որպես քո վարչապետ: Քո շուրջը դեռ պահպանվում էին ավերակների հետքերը: Ուստի սպասում էի, որ դու ինձ դառնությամբ կդիմավորես, քանի որ մեր կառավարությունը պատերազմի դժվարությունների ու անկախության վաղ շրջանի նեղությունների պատճառով քեզ այն ուշադրությունը չէր դարձնում, որին արժանի էիր: Սակայն, ի զարմանս ինձ, դու ինձ դիմավորեցիր ջերմությամբ և երախտագիտությամբ:

Վերապրածներից շատերն ինձ հրավիրեցին իրենց տնակներ այնպիսի մեծահոգությամբ և հյուրընկալությամբ, որը ես երբեք չեմ մոռանա: Նրանց հյուրասիրությունը, նրանց երգերն ու արտասանած բանաստեղծությունները, ի հեճուկս սուղ ու խեղճ պայմանների, վառ վկայությունն էին գյումրեցու հայտնի մեծահոգության, որը կարծես քեզ վերջին թողությունը տար:

Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին: Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը: Սակայն քո բացառիկ բնույթն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ:

Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի:

Ես ուզում եմ, որ նրանք վայելեն քո համերն ու բույրերը, քեզ հատկանշական ավանդույթներն ու համեղ խոհանոցը, ինչպես նաև ճանաչեն քո ժողովրդի խելքն ու իմաստնությունը: Ես կառաջարկեմ առավոտյան այցելել քո եկեղեցիներից մեկը՝ ինչպես հաճախ ես եմ անում, հետո գնալ շուկա: Ես հաճախ կանգ եմ առնում սրճարանում՝ մի բաժակ սուրճի շուրջ ծանոթ-բարեկամների հետ «խոսք ու խորաթա» անելու, կշռելու աշխարհի չարն ու բարին: Թե հաջողվում է, միանում եմ նրանց Արփաչայի ափերին՝ մի վայր, որն իր մեջ շարունակում է պահել փոքրիկ տղայի ու նրա հոր հիշողությունները՝ կապված իրենց նախնիների անցյալի հետ:

Ես նաև փորձում եմ այցելել քո հնօրյա արհեստավորներին՝ դարբիններին, փայտագործներին ու բրուտներին: Իհարկե, լինում եմ նաև հին պանդոկներում, որտեղ ծաղկում է Գյումրվա լեզուն ու խոսքը, այն յուրօրինակ բարբառը, որն արտացոլում է քո ավանդույթներն ու քաղաքի հպարտությունը:

Կարո՞ղ ես գուշակել, թե ինչու է ինձ համար ցավի ու ամոթի աղբյուր այն, որ տարեկան 30 հազարից էլ քիչ զբոսաշրջիկ է այցելում քեզ: Այդ թիվը պետք է տասն անգամ ավելի լինի: Ես հավատում եմ, որ դա բոլորիս պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում, անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո վաղեմի փառքը:

Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կհարցնեն, թե ինչպես ես դու տեղավորելու 300 հազար զբոսաշրջիկների՝ առանց նախ և առաջ գումար ծախսելու ավելի շատ ռեստորաններ, սրճարաններ ու հյուրանոցներ բացելու վրա: Սրան ես կպատասխանեմ՝ որպես սկիզբ առաջարկելով մեկօրյա այցերը: Միայն սա կխրախուսի ներդրողներին կառուցել, վերանորոգել և վերականգնել քո պատմական թաղամասը: Ինչպես տեսնում ես, քո հին ինքնությունը քո առավելությունն է Երևանի ու մյուս քաղաքների նկատմամբ:

Ի վերջո, մեր օրերի Երևանը արդիականացման արդյունքում կորցրել է իր պատմության և ժառանգության մեծ մասը: Երևանի հին հատվածն ամբողջությամբ վերացել է, ուստի մենք մեր հայացքը դարձնում ենք դեպի քեզ, Գյումրի՛, բավարարելու մեր ժառանգությունը հասկանալու ու գնահատելու ձգտումը: Քո շատ կառույցներ հին են, սակայն դրանք պատմամշակութային կառույցներ են, դրանցից յուրաքանչյուրը շատ արժեքավոր է, ունի իր յուրահատուկ հատկանիշները: Ես, օրինակ, մտադիր եմ մասնակցություն ունենալ որևէ կառույցի վերականգնման գործում: Եվ ես խրախուսում եմ միջոցներ ու հնարավորություն ունեցող անձանց միանալ ինձ:

Այս օրերին Երևանից ցանկացածը կարող է հյուսիս-հարավ մայրուղիով հասնել քեզ 45 րոպեից էլ քիչ ժամանակում ընթացքում: Ուստի ես հարցնում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ մենք չենք կարող մեր երեխաներին ու ընտանիքին մեկ օրով կամ հանգստյան օրերին էքսկուրսիայի տանել Գյումրի՝ այն դեպքում, երբ Հայաստանից ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ տարեկան այցելում է Վրաստան: Հաշվի առեք, որ 500 ԱՄՆ դոլար արժողությամբ հանգիստը Վրաստանում, բազմապատկած 1 միլիոն մարդկանցով, Վրաստանի զբոսաշրջության մեջ ապահովում է 500 մլն ԱՄՆ դոլար: Նման մեծ ռեսուրսները կարող են ռեկորդային ժամանակում վերականգնել քո վեհությունը:

Հավատացած եմ, որ մեր հայրենակիցները ոչ միայն մեծ բավականություն կստանան՝ բացահայտելով քո մշակութային գրավչությունները, այլև ներքին բավարարություն կզգան՝ նպաստելով քո վերածննդին, ավելի վառ դարձնելով քո գույները, վերականգնելով քո էներգիան և փոխելով քո տրամադրությունը:

Քո ուսերին այսօր ծանր բեռ կա, քո ճակատին 30 տարվա կնճիռ: Սակայն որքան էլ պարադոքսալ թվա, ավերումը միշտ էլ նորի սկիզբն է: Ամեն անգամ, երբ վերադառնում եմ քեզ մոտ, ես նոր բան եմ տեսնում քո երիտասարդների դեմքին, քո նորից շարված փողոցներում, քո նոր խանութներում ու սրճարաններում, վերականգնված պատմական շենքերում, հին թատրոններում ու թանգարաններում:

Դեպի վերականգնում տանող քո ուղևորությունն ամեն անցնող տարով ավելի է կարճանում: Եվ ես մտադիր եմ այդ ճանապարհն անցնել քեզ հետ:


Սիրով՝

Արմեն Սարգսյան


 

← Վերադառնալ