13
11, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը զորավարժություններից հետո

album picture
Սիրելի՛ ենթասպաներ,
սիրելի՛ զինվորներ,

այսօր ինչին ականատես եղանք, իրոք, շատ տպավորիչ էր: Սա ամենացայտուն ապացույցն է այն բանի, որ մեր բանակն ամեն ամիս, ամեն տարի կատարելագործվում է, դառնում` ավելի մարտունակ, ավելի կազմակերպված, ավելի կառավարելի և ավելի կարգապահ: Այն` ինչ մենք ունենք, բավարար է, որպեսզի մեր հավանական հակառակորդին կործանարար հարված հասցնենք, բայց մենք չենք բավարարվելու դրանով, մշտապես ավելացնելու ենք մեր զինված ուժերի կարողությունները, հնարավորությունները, սպառազինությունը, որովհետև հարևան հանրապետությունում շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Իրենց բոլոր ձախորդությունները, բոլոր խնդիրները, որ ծագում են, նրանք կապում են հայերի հետ: Հակահայկականությունը դարձել է պետական քաղաքականություն: Նրանք իրենց ժողովրդին, ցավոք, պատրաստում են պատերազմի, մենք ընդհակառակը` մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, բացատրում ենք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կարևորությունը: Մենք հրապարակավ ասում ենք` այո´, պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթե կորոշվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրը:

Եվ որպեսզի այս խնդիրը լուծվի, պարոնա՛յք զինվորներ և սպաներ, դուք մշտապես պետք է կարողանաք ավելի բարձր լինել, լինել ավելի մարտունակ, ձեր զենքը պետք է ավելի շուտ խոցի, ձեր կամքը պետք է գերակայի, ձեր նվիրվածությունը սահման չպետք է ունենա: Ես վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թվականներին, այլև վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին: Մենք պետք է միշտ զգոն լինենք, միշտ պետք է պատրաստ լինենք: Եվ որևէ մեկը չպետք է կասկածի ձեր վճռականության վրա, ինչպես ե՛ս չեմ կասկածում, որովհետև շարունակվում են սադրանքները, կրակոցները, զոհվում են մարդիկ, և ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը: Ուրեմն պետք է զգոն լինենք, ուրեմն մեր զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար` դառնան կյանքի նորմ: Այդ զորավարժությունների ընթացքում սպաները պետք է ցուցադրեն իրենց գիտելիքները, զինվորները` իրենց կարողությունները, հրամանատարությունը պետք է մշտապես կատա¬րելագործի իր հմտությունները: Սա՛ է մեր ճանապարհը, մենք այլ ճանապարհ չունենք: Որպես Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Հանրապետության ղեկավար, սիրելի՛ զինվորներ և սպաներ, ես խոստանում եմ, որ դուք որևէ բանի կարիք չեք ունենալու: Մենք ձեռք ենք բերելու ժամանակակից միջոցներ, ինչպիսին հիմա էլ ունենք, մենք ունենալու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնայել մեզ համար ամենից թանկագինը` մեր զինվորների և սպաների կյանքը: Մեր ունեցածն ամբողջովին բավարար է, որպեսզի այսօր էլ կարողանանք պատվով կատարել մեր առջև դրված ամենակարևոր խնդիրը:

Ամեն օր խոսում են պատերազմի մասին, ամեն օր հոխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա իմ մարտական ընկերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992 թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր` խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում և իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թվում, թե շատ ուժեղ են, թե կարող են խնդիր լուծել, այն էլ` կարճ ժամանակում: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր ծնողներին, ձեր ընկերներին, ձեզ դաստիարակողներին, այստեղ ուղարկողներին, և փա՛ռք բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը:

← Վերադառնալ