10
06, 2018

Նախագահը մասնակցել է «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» միջոցառմանը

««Ավրորա» նշանակում է արշալույս: Արշալույսը՝ նոր օր, նոր օրը՝ նոր սկիզբ:
Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Նոր Հայաստանում, երբ համայն հայության եւ հատկապես երիտասարդության մեջ կտրուկ ավելացել է ձգտումը դեպի ազատություն, լույս ու երազանք: Եվ իհարկե, որեւէ երազանք չի կարող իրականություն դառնալ առանց մարդասիրության, սրտացավության, հանդուրժողականության ու երկխոսության:

Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, դարձավ խարան աշխարհի ճակատին:

Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովուրդը զգաց, թե ինչ մեծ արժեք ունեն օգնության ձեռքը, գթասրտությունը, մարդասիրությունը՝ անկախ նրանից, թե ով է այդ ձեռքը մեկնում, անկախ այդ մարդու ազգությունից, կրոնից եւ, իհարկե, ձեռքի գույնից։

Ցեղասպանության հարվածից հետո մեր ժողովուրդը ուժ գտավ ոչ միայն վերապրել, այլեւ՝ վերստեղծել իր հայրենիքը եւ, իհարկե, չմոռանալ անցյալը:
Իրոք, ուժեղ է ոչ թե նա, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ապրելու, վերածնվելու, պայքարելու եւ հանդուրժող լինելու ուժ է գտնում:

Սիրելի՛ բարեկամներ,

Գնահատելի է, որ այս մրցանակի հիմնադիրները ներդրում են կատարում հումանիզմի տարածման գործում: Հիշենք, որ այդպես են վարվել մեզ հետ նաև նրանք, ովքեր ավելի քան մեկ դար առաջ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում, Ֆրանսիայիում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում ապաստան եւ օգնություն են տվել ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ժողովրդի զավակներին: Եվ ահա այսօր մենք ձգտում ենք վերադարձնել այն, ինչ ստացել ենք ավելի քան 100 տարի առաջ:

Այսօր արշալույսին «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հնչեց բիբլիական Արարատի հայացքի ներքո: Դրանով իսկ մենք մեր հայկական ուղերձը տարածում ենք աշխարհով մեկ՝ այն է. մենք մեր պատմությամբ ու կյանքով մասն ենք կազմում աշխարհի, որն այսօր կրկին երկխոսելու, միմյանց լսելու, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության կարիք ունի»։ 

← Վերադառնալ