ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը.

1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝

1) սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում դիմել սույն կարգադրության հավելվածում նշված պետական մարմիններին և կազմակերպություններին՝ առաջարկելով առաջադրել մեկական ներկայացուցիչ աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար՝ առաջադրումների ժամկետ սահմանելով մինչև սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո տասներորդ օրը, ժամը 18:00,

2) սույն կարգադրության 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետում առաջադրված անձանց ցանկը մեկօրյա ժամկետում ներկայացնել Հանրապետության նախագահի հաստատմանը,

3) սույն կարգադրության 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատվելուց հետո՝ եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տեղադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հայտարարությունը, ներառյալ՝ ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ ներկայացման ժամկետ սահմանելով ս. թ. հունիսի 29-ը, ժամը 18.00, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով՝ դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները,

4) սույն կարգադրության 2-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսված փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածուի հավակնորդների ցուցակը և հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները) եռօրյա ժամկետում փոխանցել աշխատանքային խմբի անդամներին,

5) սույն կարգադրության 2-րդ կետի 4-րդ ենթակետում նախատեսված փաստաթղթերն աշխատանքային խմբի անդամներին փոխանցելուց հետո՝ տասնօրյա ժամկետում ապահովել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի յուրաքանչյուր հավակնորդի հետ անհատական հարցազրույցի անցկացումը աշխատանքային խմբի կողմից,

6) սույն կարգադրության 2-րդ կետի 5-րդ ենթակետում նախատեսված անհատական հարցազրույցն ավարտելուց հետո՝ եռօրյա ժամկետում փակ ծրարով ստանալ աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի՝ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անանուն խորհրդատվական կարծիքը,

7) սույն կարգադրության 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված խորհրդատվական կարծիքներն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում Հանրապետության նախագահին ներկայացնել աշխատանքային խմբի անդամների կողմից ներկայացված փակ ծրարները՝ դրանք ամփոփելու և Ազգային ժողով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու համար:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. հունիսի 11
Երևան
ՆԿ-84-Ա

Հավելված 1 (PDF, 150 Кб)



← К списку