ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու մասին

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաեւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով ո ր ո շ ու մ ե մ.

1. Հիմնել Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ (այսուհետ` մրցանակ):

2. Սահմանել, որ մրցանակը շնորհվում է`

1) աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից.

2) երկու տարին մեկ անգամ, եւ մրցանակաբաշխության առաջին տարին համարվում է 2010 թվականը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

1) մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման եւ մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամկետով, ստեղծել ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխվում է յուրաքանչյուր տարի, եւ որտեղ կարող են ընդգրկվել նաեւ օտարերկրյա գիտնականներ, ինչպես նաեւ հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը.

2) ապահովել հանձնաժողովի գործունեության եւ մրցանակի շնորհման հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. ապրիլի 16
Երևան



← Retour à la liste d'actualité