01
09, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև Սրբազանի հետ այցելել են նաև Դադիվանք՝ ծանոթացել վանական համալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին և մոմ վառել Դադիվանքի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում:

Հայկական երկու հանրապետությունների նախագահները Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում այսօր կայցելեն նաև գինու նորաբաց գործարան:

Երեկոյան Հանրապետության Նախագահը Շուշիում դիտել է «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան՝ նվիրված Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և օպերայի հեղինակ Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Բեմադրությունն իրականացվել է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո՝ Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Սեպտեմբերի 9-ին օպերան կներկայացվի Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կմասնակցի Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: 

Երեկոյան Նախագահ Սարգսյանը կմասնակցի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվելիք տոնական ընդունելությանը, այնուհետև Վերածննդի հրապարակում ներկա կգտնվի անկախության հռչակման տարեդարձին նվիրված տոնական համերգին: 

← Վերադառնալ