01
12, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:

Նախագահ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը: 

***

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

Նույն օրը Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի, մեկ այլ զորամասի զորանոցի և զինծառայողների համար բազմաբնակարանանոց բնակելի շենքի բացման արարողություններին, բարեխիղճ և գերազանց ծառայության համար պարգևատրել զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին:

«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաև նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին և ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Դուք դրանով պատասխանում եք նաև նրանց, ովքեր ձեր կողքին չեն, ձեր շարքերում չեն: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել ձեր կայացման գործում»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ մաղթելով զինծառայողներին բարի ծառայություն և հպարտ կեցվածք:

***

Աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին:

ՀՀ Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին, այնուհետև Արցախի արևելյան և կենտրոնական հատվածներում ներկա է գտնվել նոր զորանոցների և զինվորական ակումբի բացման արարողություններին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը շրջայց են կատարել նորաբաց զորանոցներում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Նախագահ Սարգսյանը խրախուսել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին:

Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների նախագահները, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ, այցելել են մեծ զորավարի հուշարձանին` ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

← Վերադառնալ