02
09, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Արցախի Հանրապետության օրվան և անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 2-ի առավոտյան Արցախի նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահները կարեւորել են երկկողմ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:  

 

***

 

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։

Նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում եւ Հայրենական մեծպ պատերազմում զոհվածների, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է․

«Սա ոչ միայն Անկախության, այլեւ հաղթանակի ու ապագայի նկատմամբ վստահության օր է։ Սա այն օրն է, երբ մեր ողջ հայ ժողովուրդը վերադարձրեց հպարտությունը, հաղթանակի քաղցր զգացողությունը, վստահությունն իր ուժերի եւ ապագայի նկատմամբ։

Մեր ողջ ժողովրդի համար ինչ-որ իմաստով սա առաքելության եւ ազգային ինքնության օր է։ Հոգիս լցված է հպարտությամբ, ուրախությամբ, սակայն այս պահին այստեղ, այս հուշահամալիրում գտնվելով, չեմ կարող չմտածել, թե հաղթանակը, հպարտությունը, ապագայի նկատմամբ վստահությունը ինչ թանկ գնով են ձեռք բերվել՝ մարդկային լավագույն կյանքերի։ Մեր տղաներն իրենց կյանքն իզուր չեն տվել․ տվել են նրա համար, որպեսզի այս երկիրը դառնա ավելի հզոր, որպեսզի ամբողջ աշխարհում սփռված հայությունը, մեր ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում կարողանա կառուցել իր հպարտ, ուժեղ ու հզոր հայրենիքը»։

 

 

← Վերադառնալ