20
12, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։

Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

***

 

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ երեկոյան այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ:

Նրանք նախ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Այնուհետև նախագահ Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, շրջայց կատարել համայնքում։ Այստեղ վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ավարտվել են լուսավորության աշխատանքները, և ներկայումս համայնքն ապահովված է լուսավորության համակարգով։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Ղազարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել կատարված աշխատանքների մասին։

Նախագահ Սարգսյանը եղել է նաև գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցում, ծանոթացել դեռ 18-րդ դարում կառուցված եկեղեցու ներկա վիճակին։

Շրջայցից հետո նախագահը հյուրընկալվել է Քարամյանների ընտանիքում։ «Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ։ Արցախի ամեն գյուղ իր պատմությունն, իր հերոսներն ունի։ Այստեղ ամեն գյուղ մտնելուց առաջ պետք է գլուխ խոնարհես․ խոնարհես նախ զոհված հերոսների, ապա՝ նրանց առջև, որոնք իրենց ընտանիքներն են պահում, թոռներ ու ծոռներ ունեն ու այս երկիրն են շենացնում,- ասել է նախագահը։- Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք հերոսների հիշատակին, հիմա էլ այստեղ, ի դեմս ձեզ, բոլոր հարավցիների առջև ենք գլուխ խոնարհում։ Գլուխ ենք խոնարհում Արցախի ողջ ժողովրդի առջև, քանի որ ինչ-որ իմաստով մեր ժողովրդի առաջապահն եք։ Եթե դուք հանգիստ եք, վստահ եք, ձեր գյուղը, քաղաքն այստեղ զարգացնում եք, մենք էլ վստահ ենք, որ Ղարաբաղը լինելու է այն, ինչ եղել է դարերով ու շարունակելու է այդպես էլ մնալ»։

***

 

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։ Նախագահը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից և, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման նոր հնարավորություններից։

«Կարևոր է, որ զինվորն այսօր ունի ուտելիք ընտրելու և առողջ սնվելու հնարավորություն։ Զինվորի համար իր սնունդը և հիգիենան շատ էական և կարևոր են։ Շենքն ի սկզբանե զորանոցի համար նախատեսված չի եղել և հետևաբար ունի թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է կարգի բերվեն։ Շինարարական և սակրավորական ծառայությունները մեր բանակում շատ կարևոր են, այնպես որ, բոլորս պետք է աջակցենք, որ սակրավորները և շինարարներն իրենց գործը բարձր որակով կատարեն,-նշել է նախագահը։-Զինվորները, որոնց հանդիպեցի, ուրախ են ծառայության համար, հպարտ են, որ ծառայում են Արցախում»։

***

 

Արցախի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ  հյուրընկալվել է Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանում։

Թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր Գաբրիելյանցի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են այստեղ պահվող՝ աշխարհի ավելի քան 40 երկրներից բերված քարերի ու հազվագյուտ տիպի ապարների հավաքածուին, դրանց ծագմանն ու պատմությանը։

Թանգարանում ներկայացված է շուրջ 500 նմուշ, որոնց մի մասն արցախյան գտածոներ են, մնացածը՝ հիմնականում պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուն, որը նվիրաբերվել է թանգարանին։

Շուշիում նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այցելել են նաև Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի։

← Վերադառնալ