19
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները "Լիտերատուրնայա գազետա" թերթի հարցերին

album picture
Պարոն նախագահ, սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հանրապետությունն անցել է երկար եւ դժվարին ուղի դեպի կայացած պետություն, որպես միջազգային հարաբերություններում ինքնուրույն գործողի, որը տանում է հատուկ առաքելություն աշխարհում: Չնայած հետխորհրդային շրջանի բոլոր դժվարություններին, արդի վտանգներին եւ մարտահրավերներին, Ռուսաստանի համար Հայաստանը եղել եւ մնում է դաշնակցային պետություն, ընկեր եւ գործընկեր, ի տարբերություն ԱՊՀ մի շարք այլ երկրների: Ինչն է առաջին հերթին կապում Ռուսաստանին եւ Հայաստանին, ինչպիսի՞ն է մեր երկրների համագործակցության հեռանկարը: Ինչպե՞ս եք Դուք գնահատում մեր երկրների ներկայիս հարաբերությունները տնտեսական, ռազմական համագործակցության, կոլեկտիվ անվտանգության ոլորտներում:
Հայ ռուսական բարձր մակարդակի հարաբերությունները հիմնվում են բազմադարյան բարեկամության, սերտ կապերի, մեր ընդհանուր պատմության, համագործակցության բարի ավանդույթների եւ մեր ժողովուրդների` միմյանց նկատմամբ տածած ջերմ զգացմունքների վրա: Հենց դա է ընկած հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հիմքում: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այսօր առկա է հարաբերությունների այնպիսի բարձր մակարդակ, ինչպիսին հնարավոր է ունենալ երկու պետությունների միջեւ:

Հայ-ռուսական գործընկերությունը դառնում է ավելի բազմաբնույթ, բովանդակալից եւ դինամիկ: Բարձր է մեր երկրների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը: Աճում է ապրանքաշրջանառության ծավալները, մեծ աճ է արձանագրվել Հայաստանում ռուսական ներդրումների ուղղությամբ եւ ռուսական կապիտալը իրեն Հայաստանում հանգիստ է զգում: Տասը տարուց ավելի հաջողությամբ գործում է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովը` հետադարձ հայացք նետելով, տեսնում ենք, որ իրոք, զգալի աշխատանք է կատարվել:

Ակնհայտ են հաջողությունները հումանիտար համագործակցության բնագավառում: Ուրախալի է տեսնել, որ համագործակցությունը մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում, քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ գնալով դառնում է ավելի ակտիվ: Ես հատուկ կարեւորություն եմ տալիս հումանիտար բնագավառում համագործակցության հետագա խորացմանը: Սա նպաստում է մեր երկու ժողովուրդների էլ ավելի մերձեցմանը, հոգեպես հարստացնում եւ ամրապնդում մեր բարեկամությունը:

Հայաստանից դուրս ամենահոծ հայությունը ապրում է հենց ՌԴ-ում եւ մեր բարեկամության գործում մեծ դեր է ունեցել եւ այժմ էլ ունի Ռուսաստանի հայ համայնքը, այնտեղ գործող բազմաթիվ կազմակերպությունները:

Խոսել հայ-ռուսական բարեկամության մասին եւ չխոսել անվտանգության բնագավառում ինչպես երկկողմ, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում մեր համագործակցության մասին, նշանակում է ոչինչ չասել: Մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում: Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը եւ իր նախագահության շրջանում կանի հնարավորը ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:
Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում հաջողությամբ անցան հրամանատարաշտաբային "Ռուբեժ-2008" զորավարժությունները: Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անվտանգության ոլորտում սերտ համագործակցությունը կարեւոր է նաեւ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման տեսանկյունից: Այնպես որ հայ-ռուսական հարաբերությունները շատ ծավալուն են, ունեն հարուստ անցյալ, համոզիչ ներկա: Համոզված եմ, որ մեր երկրների միջեւ բարեկամությունը եւ համագործակցությունն այսուհետ եւս կզարգանա` հանուն մեր երկու եղբայրական ժողովուրդների ապագայի:

Հարավային Օսեթիայի վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից այդ երկրի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը լրջորեն ազդեց ոչ միայն տարածաշրջանի իրավիճակի, այլեւ` ընդհանրապես միջազգային քաղաքականության վրա: Հայաստանն այս դեպքում ինչպիսի՞ դիրքորոշում է որդեգրել: Ինչպիսի՞ քայլեր եք դուք անհրաժեշտ համարում ձեռնարկել /այդ թվում նաեւ ՀԱՊԿ-ի առաքելության շրջանակում/ մոտակա եւ հեռավոր ապագայում, որպեսզի թույլ չտրվի իրավիճակի լարում, նոր զոհեր վրաց-օսական հակամարտության գոտում եւ Կովկասում ընդհանրապես: Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման Ռուսաստանի որոշումը կազդի Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման վրա:
Իրոք, ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, բազմաթիվ զոհեր եղան: Հարկավոր է բոլոր ջանքերն ուղղել` տեղ գտած հումանիտար աղետի հետեւանքների հաղթահարմանը, օգնելու մարդկանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, վիրավորվել են, կորցրել են իրենց տունը, մարդկանց, ովքեր տարակուսանքով են նայում ապագային: Հայաստանն ամեն ինչ նախապատրաստել է Հարավային Օսեթիայից երեխաներ ընդունելու, ինչպես նաեւ ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության լաբորատորիա ուղարկելու Ցխենվալիի դպրոցների համար:

Հայաստանը մտահոգված է ստեղծված իրավիճակով: Մեր երկիրը լավ գիտի խաղաղության գինը եւ շահագրգռված է տարածաշրջանում երաշխավորված խաղաղության ապահովմամբ, կայունության պահպանմամբ: Դա մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության եւ ԵՄ-ի նախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահների կողմից գործադրած դիվանագիտական ջանքերը: Հուսով ենք, որ այդ ջանքերը արդյունք կտան, ինչը խաղաղություն ու կայունություն կբերի տարածաշրջանին:

Ինչ դասեր կարող ենք քաղել: Նախեւառաջ այն, որ առկա հակամարտությունների ռազմական լուծումը հեռանկարից զուրկ է: Նման փորձերը հղի են անցանկալի եւ անկանխատեսելի հետեւանքներով: Այստեղից հետեւում է, որ չպետք է աչք փակել տարածաշրջանի որոշ երկրների կողմից իրենց ռազմական ներուժի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա: Սպառազինությունների մրցավազքը եւ ռազմական հռետորիկան լուրջ սպառնալիք է ստեղծում, նպաստում ռազմական գործողություններով լուծմանը:

Մյուս կարեւոր հետեւությունը, որ կարող ենք անել, դա, անկասկած, վերաբերում է նման հակամարտությունների կարգավորմանը: Իհարկե, հակամարտություններն ունեն եւ նմանություններ, եւ տարբերություններ, սակայն, ակնհայտ է, որ նման հակամարտությունները պետք է կարգավորվեն ազգերի ազատ կամարտահայտման հիման վրա` հաշվի առնելով նրանց ինքնորոշման իրավունքը: Անտեսել դա, նշանակում է ճանապարհ հարթել էթնիկ զտումների համար: Գիտեք, միջազգային հարաբերություններում ոչինչ անհետեւանք չի լինում: Իմ ընդհանրացումները հավասարապես վերաբերում են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթանում է բանակցային գործընթաց` մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հայաստանում առկա է քաղաքական կամք` գտնելու հիմնախնդրի փոխզիջումային լուծում: Ադրբեջանական կողմից համազոր կամքի առկայության պարագայում կարող ենք գտնել կարգավորման բանալին:

Ձեր կարծիքով, ԱՊՀ-ն ունի հեռանկար: Ինչպիսի՞ կոնցեպտուալ փոփոխությունների կարիք է զգում այս վերպետական կառույցը` հաշվի առնելով նրանում ընդգրկված պետությունների ներկայիս փոխհարաբերությունները:
Մենք համարում ենք, որ ԱՊՀ-ն հետխորհրդային տարածաշրջանում կարեւոր դեր ունեցող կառույց է ու այն, իհարկե, հեռանկարներ ունի: Ընդհանրապես, ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարողանա արդյունավետ լուծել իր առջեւ ծառացած խնդիրները, եթե անընդհատ բարեփոխման ու կատարելագործման ճանապարհով չգնա: Այսօր, կյանքի բոլոր ոլորտներում փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ ժամանակի ու զարգացման մարտահրավերներին դիմակայելու համար այդ ամենն անհնարժեշտություն է: Այդ գիտակցումը կա, ինչպես եւ գոյություն ունի ԱՊՀ բարեփոխումների ծրագիրը, որը կառուցողական ու դինամիկ քննարկումների փուլում է: Այստեղ գլխավորը` սթափ գնահատել իրողությունները: ԱՊՀ-ի մեջ մտնում են երկրներ, որոնք ռազմաքաղաքական ոլորտում դիրքավորված են տարբեր, ավելին, տարաբնույթ դաշինքներում` ՀԱՊԿ եւ ԳՈՒԱՄ: Սա հաշվի չառնել, չի կարելի: Բայց, կան համագործակցության բազմաթիվ հետաքրքիր ուղղություններ, մասնավորապես հումանիտար ոլորտում: Կարծում եմ, այստեղ հսկայական ներուժ կա:

Ըստ սոցիոլոգների տվյալների, Հայաստանի բնակիչների 75 տոկոսը գտնում է, որ իրենց երեխաները պետք է լավ խոսեն եւ կարդան ռուսերեն: Հայաստանում ռուսաց լեզուն միշտապես եղել է ոչ միայն հաղորդակցման միջոց, այլեւ` փոխվստահության լեզու: Ճիշտ է, ինչպես այլ հետխորհրդային երկրներում, այն վերջին ժամանակներս սկսեց ունենալ էականորեն ավելի քիչ դեր պետության մշակույթային կյանքում: Նախատեսո՞ւմ եք արդյոք պետական մակարդակով աջակցություն ցուցաբերել Պուշկինի, Տոլստոյի եւ Հայաստանում առանձնակի սիրված Վալերի Բրյուսովի, որի 175 ամյակը մենք նշում ենք այս տարի, լեզվին: Եթե այո, ապա ինչպես:
Ես զարմացած եմ, որ 75 տոկոս է եւ ոչ 100, որովհետեւ ես չեմ պատկերացնում մի ծնող, որ չուզենա, որ իր երեխաները տիրապետեն եւ լավ տիրապետեն օտար լեզուների£ Առավել եւ°ս սա վերաբերում է ռուսերենին, քանի որ մեր տարածաշրջանում ռուսերենը միշտ եղել է եւ մնում է միջմշակութային հաղորդակցության կարեւոր միջոց:

Համաձայն չեմ այն պնդման հետ, որ "հանրապետության մշակութային կյանքում ռուսերենը սկսել է ավելի նվազ դեր կատարել": Ազգային մշակույթն ուղղակիորեն կապված է լեզվի հետ, եւ մշակութային կյանքում մեզանում միշտ էլ գերիշխող է եղել հայերենը եւ սա նոր երեւույթ չէ: Ռուսաց լեզուն նահանջել է պետական պաշտոնական գրագրության մեջ, ինչն ինքնին հասկանալի է մի երկրում, որտեղ եւ խորհրդային տարիներին, եւ այսօր պետական լեզուն հայերենն է: Բերեմ մեկ խոսուն փաստ. այս տարի Մոսկվայում կայացած ռուսաց լեզու եւ գրականություն առարկայից դպրոցականների շրջանում 7-րդ միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականներն արժանացել են ամենաշատ պարգեւներին, իսկ մեկը ճանաչվել է բացարձակ հաղթող: Հայաստանում հեռարձակվում են ռուսական հեռուստաընկերությունները, հատկապես սիրելի է "Կուլտուրա" հեռուստաընկերությունը, որը ռուսական մշակույթի եւ խոսքի հիանալի ուղեկից է: Հայաստանում գործում է հայ-ռուսական սլավոնական համալսարան, որը ստեղծվել է երկու երկրների կառավարությունների ջանքերով: Ստանիսլավսու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մնում է մայրաքաղաքի թատերասեր հասարակության սիրած վայրերից մեկը, իսկ "Ռուսական խոսքի օրերը Հայաստանում" դառնում են բարի ավանդույթ եւ անցկացվում են երկրի առաջին դեմքերի հովանու ներքո: Ինչ վերաբերում է վալերի Բրյուսովի 175¬ամյակին, ապա մենք պատրաստվում ենք այն նշել արժանի շուքով:

Հայկական գրահրատարակչությունն ունի մոտավորապես 500 տարվա պատմություն: Դուք, որպես Հանրապետության նախագահ, գլխավորում եք այդ տարեթվի հանդիսավոր տոնակատարությունները նախապատրաստող հանձնաժողովը: Ինչպե՞ս եք այն նշելու:
Հայերի կյանքում գիրքը մշտապես առանձնահատուկ տեղում է եղել: Դա պատահական չէ մի ժողովրդի համար, որը տպագրության 500-ամյա պատմությանը զուգահեռ ունի սեփական գրի ու գրական մշակութային կոթողների ստեղծման 1500- ամյա պատմություն: Հայ գրատպությունը սկիզբ է առել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը կորցրել էր պետականությունը ու ազգային մշակութային արժեքներն այդ ժամանակ ինքնության պահպանման միակ հնարավորությունն էին: Ես կարծում եմ, մենք պետք է ըստ արժանվույն նշենք այս կարեւոր հոբելյանը: Այն պետք է դարձնենք գրքի ու գրականության մեծարման տոն: Հրատարակվելու են նոր գրքեր, լինելու են մեծածավալ թարգմանություններ, ամեն ինչ արվելու է գրքի նկատմամբ սիրո եւ գրական միջավայրի խթանման համար:

Հայկական սփյուռքն ամենամեծերից եւ ազդեցիկներից է աշխարհում: Միայն Ռուսաստանի տարածքում ապրում են մեկ միլիոնից ավել էթնիկ հայեր / Դոնի Ռոստովում, օրինակ, նախապատրաստվում են նշելու Ղրիմի հայերի այստեղ վերաբնակվելու 230 տարին/ : Ինչպե՞ս է Հայաստանը կառուցում իր փոխհարաբերությունները Սփյուռքի հետ, այն ինչ չափով կարող է ազդել միջպետական մշակութային եւ տնտեսական կապերի զարգացման վրա: Ինչպիսի՞ հիմնահարցեր է լուծում Հանրապետությունում ստեղծված Սփյուռքի նախարարությունը:
Կար ժամանակ, երբ հայրենիքը Սփյուռքի հետ կապում էին հիմնականում զգացմունքները: Սառը պատերազմի ժամանակների երկաթե վարագույրը բաժանել էր հայրենիքից մեր ժողովրդի մի հսկայական հատված: Այսօր հայկական սփյուռքը վերակազմակերպման փուլ է ապրում` նոր, բարդ, բայց եւ միաժամանակ շատ հետաքրքիր, հայրենիքի հետ կապերը խորացնելու փուլ: Սփյուռքի գործերով նախարարության ստեղծումը նպատակ ունի կարգավորել բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը անցյալից ժառանգություն է, իսկ մյուս մասը ծագել է մեր օրերում: Մեծ են սպասելիքները ձեւավորվող այդ կատույցից: Զգացմունքներին պետք է փոխարինելու գան ավելի գործնական մոտեցումները:

Եթե անկախության առաջին տարիներին մենք ավելի շատ ապավինում էինք սփյուռքի աջակցությանն, ապա այսօր Հայաստանն ինքը հնարավորություններ ունի օժանդակելու սփյուռքի մեր գաղթօջախներին: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք` Հայաստանի հիմնական ներուժը նրա մարդկային ռեսուրսն է, դրա տակ մենք հասկանում ենք աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր բոլոր հայրենակիցներին:

← Վերադառնալ