25
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

Պարոն Նախագահ, ակտիվացել են ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումները, տրվում են տարբեր գնահատականներ, արվում են կանխատեսումներ: Իրականում մենք այսօր ո՞ր փուլում ենք:
Իրականությունն այն է, որ տեւական պասիվ ժամանակաշրջանից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ: Սա պայմանավորված է առնվազն երկու կարեւոր հանգամանքով` ե'ւ Հայաստանում, ե'ւ Ադրբեջանում ավարտվեցին նախագահական ընտրությունները, եւ երկրորդ` տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները մեկ անգամ եւս բոլորին համոզեցին, որ խնդրի կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի:
Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի Հանրապետության հետ, եւ եթե միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրները երաշխավորեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:
Կարծում եմ, օգտակար է ակտիվությունը, օգտակար են հասարակական քննարկումները, եւ խորապես համոզված եմ, որ մենք դեռեւս թեւակոխելու ենք շատ ավելի ակտիվ հասարակական քննարկումների ժամանակաշրջան: Քննարկումները միշտ օգտակար են, բայց դրանց հիմքում միայն ու միայն մեկ շահ պետք է լինի` հայ ժողովրդի շահը: Մենք ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց շատ բան ենք նվիրաբերել, որպեսզի աչք փակենք կամ չնկատելու տանք շահարկումների փաստերը:
Մենք նվիրական հարց ենք լուծում: Մենք կարեւոր պատմական խնդիր ենք լուծում, եւ այս պատմական խնդրի լուծման ընթացքում, եթե որեւէ մեկը, փորձում է այլ շահ փնտրել, ապա դա բարոյական չէ:

Պարոն Նախագահ, դատելով վերջին զարգացումներից, կարծես թե, բավականին նկատելի է դառնում ղարաբաղյան հարցում տարածաշրջանային այլ դերակատարների ակտիվությունը: Ես, մասնավորապես, նկատի ունեմ Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդեւի` երեք նախագահների հանդիպման նախաձեռնությունը, եւ Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի հայտարարությունը, որ, կարծես թե, Դուք եք առաջինն իրեն խնդրել աջակցել կարգավորման գործընթացին: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

Նախ, պետք է ասեմ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` "մադրիդյան սկզբունքների" հիման վրա:

Բազմիցս ասվել է, եւ հիմա էլ կրկնում եմ, որ այլ միջնորդներ չկան. միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, եւ այն խառնաշփոթը, որ փորձ է արվում ստեղծել, մեզ որեւէ բանում չի օժանադակում: Կրկնում եմ` միակ միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, Հայաստանը երբեք որեւէ երկրի չի դիմել` միջնորդական առաքելություն իրականացնելու խնդրանքով:
Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, եւ շատ օրինաչափ է նախագահ Դ. Մեդվեդեւի հրավերն ու նրա ակտիվությունն այս հարցում:
Ինչ վերաբերում է նախագահ Գյուլի հայտարարության մեկնաբանմանը, ապա նախ պիտի ասեմ, որ, երեւի նկատել եք, ես բնավորություն չունեմ այլ գործիչների ասածները մեկնաբանել, հատկապես որ, մեր մամուլում տպագրվում են կոնտեքսից կտրված հատվածներ:
Իրականությունը հետեւյալն է` միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, իսկ որեւէ օժանդակությունից մենք չենք հրաժարվում: Այո, համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, եւ հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երեւան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը, շատ լավ օրինակ է դժվար խնդիրներ լուծելու: Եւ վստահ եմ, եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:

Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի մարտունակությունը:
Մեր բանակը մարտունակ է: Այն այսօր ավելի մարտունակ է, քան երեկ էր, եւ երեկ ավելի մարտունակ էր, քան երեկ չէ առաջին օրն էր:
Բանակաշինությունը տեւական, ծանր, քրտնաջան աշխատանք է, որի հիմքում ընկած է նվիրվածություն եւ այն գաղափարն ու մտայնությունը, որ ամեն օր մի բան պետք է ավելանա: Ամեն տարի մեր բանակն ավելացնում է իր սպառազինությունը, իր մարտունակությունը եւ, որ շատ կարեւոր է, մարտական ոգին: Այն մեր բանակի ամենից կարեւոր զենքն ու սպառազինությունն է:

← Վերադառնալ