13
01, 2009

Խորհրդակցություն` պաշտպանական վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքների վերաբերյալ

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքները: Հինգ փուլից բաղկացած այս գործընթացը նախատեսված է, որ կավարտվի մինչեւ 2010թ. ապրիլ ամիսը:

Բացելով խորհրդակցությունը, Հանրապետության նախագահն ասել է. "Այսօր մենք կրկին անդրադառնալու ենք Զինված ուժերի կատարելագործման եւ պաշտպանական համակարգի ռազմավարական վերանայման գործընթացին:

Մեկ անգամ չէ, որ խոսել ենք մեր բանակի դերի ու նշանակության, նրա անընդհատ եւ առաջանցիկ զարգացման կարեւորության մասին: Պարբերաբար լինելով զորամասերում, ես անձամբ եմ հետեւում գործընթացին, տարվող աշխատանքներին, կենսապայմաններին, բարոյահոգեբանական մթնոլորտին եւ, իհարկե, մարտական պատրաստության աշխատանքներին: Զարգացումն, իհարկե, ակնառու է եւ ակնհայտ` դրված կայուն հիմքերի վրա: Այստեղ որեւէ կասկած լինել չի կարող: Բայց սա խնդրի միայն մի կողմն է եւ, մենք սրանով մենք չենք կարող բավարարվել: Պաշտպանական համակարգը ժամանակակից պայմաններում համալիր մի հաստատություն է, որը ոչ միայն պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին, այլեւ` անընդհատ պետք է ձգտի համաքայլ լինելու առկա լավագույն չափանիշներին:

Այս տեսանկյունից մենք պետք է ի վիճակի լինենք ոչ միայն հետեւել եւ տիրապետել աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, այլեւ ինքներս պետք է առանձին ուղղություններով առաջամարտիկի դեր ստանձնենք: Մենք պարտավոր ենք մի որեւէ բնագավառում ասել, որ սա չափանիշ է, եւ այստեղ մենք հասել ենք լավագույն ցուցանիշների: Ես կատարված աշխատանքը եւ դրված նպատակները գնահատելու համար համեմատականներն այլեւս անցկացնելու եմ լավագույն չափանիշների հարթությունում: Սա մեզ համար պետք է հստակ լինի: Մենք այսօր մեր առջեւ առավել բարձր նշաձող պետք է դնենք եւ վստահ շարժվենք այդ ուղղությամբ: Ավելորդ է ասել, որ սա պահանջում է ամենօրյա հետեւողական եւ համակարգված աշխատանք: Ինչպես Զինված ուժերում “հանգստի օրեր” չեն լինում, այդպես էլ բարեփոխումները չեն կարող ունենալ “հանգստի օրեր”: Բարեփոխումները չեն կարող զարգանալ ընդհատումներով, դրանցով մենք պետք է զբաղվենք անընդհատ:

Ելնելով ռազմական դոկտրինում ամրագրված սկզբունքներից` իմ կողմից ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովն ըստ սահմանված ժամանակացույցի անց է կացնում պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացը: Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը եւ պաշտպանության նախարարը:

Սա կարեւոր գործընթաց է, որը միտված է համակարգված հիմքերի վրա դնելու մեր Զինված ուժերի պլանավորումն ու զարգացումը: Սա հատկապես կարեւոր է Զինված ուժերին տրամադրվող միջոցների առավել արդյունավետ օգտագործման, առկա սպառնալիքներին համաչափ կարողությունների զարգացման եւ դրանց արձագանքման տեսանկյունից":

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է պաշտպանական ռազմավարական աշխատանքները համակարգող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի առաջին փուլի` ՀՀ անվտանգության միջավայրի եւ սպառնալիքների գնահատման փաստաթղթի նախագծի մշակման մասին եւ ընդգծել, որ այն նպատակ է հետապնդում ապահովել առկա եւ հավանական սպառնալիքներին համարժեք պաշտպանական ոլորտի հեռանկարային զարգացումը:

Խորհրդակցության մասնակիցները առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումներն ու տեսակետները:

Ամփոփելով աշխատանքները, նախագահ Սարգսյանն ասել է, որ վտանգի գնահատումը չի կարող լինել դոգմատիկ: Ըստ Նախագահի, որոշակի ժամանակահատվածի կտրվածքով այն պետք է վերանայվի ու վերագնահատվի, իսկ գնահատականների հիմք հանդիսացած վերլուծությունները մշտապես պետք է թարմացվեն:

Երկրի ղեկավարի գնահատմամբ, նման մասշտաբի աշխատանք առաջին անգամ է կատարվում, առնվազն գոնե այսպիսի համակարգված հարթության մեջ եւ այն կարելի է որպես հիմք ընդունել, իսկ հաջորդ փուլերում հանձանժողովը պետք է ձեռնամուխ լինի պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակմանը:

← Վերադառնալ