16
04, 2009

Պետական բարձր պարգեւներ` ոստիկանության օրվա առթիվ

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին:

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւները: Շնորհավորելով պարգեւատրվածներին երկրի ղեկավարն ասել է.

"Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Այս շնորհավորանքն ուղղված է մեր բոլոր ոստիկաններին` ոստիկանության զորքերի շարքայինից մինչեւ ոստիկանապետ, ճանապարհային ու պարեկային հսկողություն իրականացնողներից մինչեւ իրավակարգի պահպանության պատասխանատուներ. շնորհավորում եմ բոլոր ծառայողներին ու սպաներին` մարդկանց, ում համար պետության ու հասարակության անդորրը պաշտպանելը ամենօրյա աշխատանք է, ինչու չէ, նաեւ առաքելություն: Ես շնորհավորում եմ նաեւ Ձեր ընտանիքի անդամներին, ովքեր հասկանալով ոստիկանի առաքելությունը, ձեզ ամեն օր աշխատանքի են ճանապարհում ու անհամբերությամբ սպասում ձեր վերադարձին:

Մեր նորանկախ պետությունը պահպանել է ոստիկանների ինքնազոհողության բազմաթիվ դրվագների վկայություններ: Մենք հպարտանում ենք բոլոր այդ մարդկանցով, ովքեր զուգակցել են հանցավորության դեմ պայքարը անկախության առաջին օրերին հայրենիքի սահմանների պաշտպանության հետ: Այդ մարդիկ կամովին կրկնապատկել են վտանգն ու գործը` անձնվիրաբար պաշտպանելով Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հեղինակությունը, մեր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը:

Յուրաքանչյուր երկրում ոստիկանությունը պետության եւ հասարակության առանցքային կառույցներից է, որի արած գործն առանձնահատուկ է ու կարեւոր. պահպանել իրավակարգն ու օրինականությունը, պայքարել հանցավորության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Այս խնդիրների լուծումը հատկապես կարեւորվում է երիտասարդ ժողովրդավարություններում, որտեղ ոստիկանությունը առավել աչալուրջ ու արհեստավարժ պետք է մոտենա իր առջեւ դրված խնդիրների լուծմանը:

Ես ուրախ եմ, որ այսօր պետական բարձր պարգեւի են արժանանում մարդիկ, ովքեր ընտրել են մեր հասարակությանն ու պետությանը ծառայելու ասպարեզ, ովքեր իրենց ներդրումն ունեն մեր երկրում ոստիկանության համակարգի կայացման, իրավակարգի ու օրինականության ամրապնդման գործում: Համոզված եմ, որ յուրաքանչյուրիդ համար այսօր հպարտանում են ձեր գործընկերները, հարազատներն ու բարեկամները:

Անցնող մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է դրական փոփոխությունների հասնել ոստիկանական համակարգի մի շարք ոլորտներում: Դրանով հանդերձ յուրաքանչյուր մասնագիտական տոն առիթ է խորհելու նաեւ կատարելիք աշխատանքի, անցյալում թույլ տված բացթողումներն ուղղելու եւ նոր խնդիրներ լուծելու մասին: Իմ պահանջն էլ ձեզնից չի փոխվել:

Ես մի անգամ արդեն նշել եմ. եթե հասարակությունը վստահում է իրավապահին, ապա, մեծ հաշվով, վստահում է եւ պետությանը: Դուք այն կառույցն եք, որ ամեն քայլափոխի շփվում է մարդկանց հետ: Դա ամենաբարդ աշխատանքներից մեկն է, որի արդյունքում է հիմնականում ձեւավորվում Հայաստանի քաղաքացու վստահությունը իրավապահ համակարգի ու պետության նկատմամբ:

Այսօր մեր հանրությանը արդարացիորեն մտահոգում է այն իրողությունը, որ ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում հնչող կրակոցների, որ մեր քաղաքացիների ձեռքում դեռեւս մնում է մեծ քանակությամբ անօրինական զենք ու զինամթերք: Մեր քաղաքացիների արդարացի պահանջն այն է, որ երկրում ու մայրաքաղաքում հաստատակամորեն զսպվեն այս երեւույթները: Ես այդ մասին արդեն խոսել եմ, համապատասխան ցուցումներ եմ տվել, եւ մենք պարտավոր ենք լուրջ արդյունքներ ունենալ:

Մյուս խնդիրը համակարգում եւ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքորեն նոր որակի բարձրացնելն է: Հիշեք, ձեզ կհարգեն այն դեպքում, եթե տեսնեն, որ ոստիկանն ինքն է հարգում իր համազգեստի պատիվը, որ ոստիկանն անկաշառ է ու ազնիվ, որ նրա հետ հնարավոր չէ անօրինական գործարքի գնալ:

Ժամանակակից աշխարհը, բոլոր պետությունների իրավապահներն այսօր բախվում են հանցավորության դեմ պայքարի նոր մարտահրավերների: Տարեցտարի հանցավորությունը ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Նորօրյա վտանգներին պետք է պատասխանել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, զգոնությամբ ու անհաշտ պայքարի միջոցով: Աշխատեք, սովորեք, կատարելագործվեք. դա է հնարավոր միակ ճանապարհը: Այլ ճանապարհ չկա:

Հասկանում եմ, որ հեշտ է միայն արդյունքներ պահանջելը: Շատ ավելի բարդ է այդ արդյունքներին հասնելը, մանավանդ դրանք պահպանելն ու բազմապատկելը: Այս առումով պետությունն անելիքներ ունի, որոնք շարունակաբար ավելանալու են պետության հնարավորությունների հետ մեկտեղ:

Կրկին շնորհավորում եմ տոնի ու պետական բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ բարի ծառայություն":

← Վերադառնալ